ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից:
Հերթական չարաշահումներն են հայտնաբերվել նախարարության ենթակայության տակ գործող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակներում հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 4 անձի այն բանի համար, որ «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել են տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել են աշխատավարձեր, ինչը կանխիկացվել է եւ տնօրինվել այլ անձանց կողմից։
Ընդ որում, առաջին անգամը չէ, որ «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվում: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ տարվա հունվարին էլ տեղեկացրել էր, որ այդ նույն ՊՈԱԿ-ում բացահայտվել էր, որ հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, եւ իբր նրանց համար բյուջեից ավելի քան 8.4 մլն դրամ սննդամթերքի ծախս է կատարվել: Ու հիմա, փաստորեն, այսքանից հետո նույն ՊՈԱԿ-ում չարաշահումները շարունակվել են:
Այս ամենի համար առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրում նախարար Արտեմ Ասատրյանը, ինչը ենթադրում է առնվազն հրաժարական: Մինչդեռ Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել, ասես այս ամենն իր հետ առնչություն չունի:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը հայտարարել է, թե տնտեսության ոլորտում արձանագրված դրական արդյունքները Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության արդյունք են: Իսկ հարցին, թե այդքանից հետո արդյո՞ք ՀՀԿ-ականները ճիշտ են վարվում, երբ ապագա վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին են առաջադրելու, Նուշիկյանն ասել է. «Հիմա վարչապետի կարգավիճակը, վարչապետի տեղը լրիվ ուրիշ է, ապրիլից հետո լրիվ ուրիշ է լինելու: …Կարծում եմ՝ ավելի լայն լիազորությունները պետք է տրվեն Սերժ Սարգսյանին: Նա ակունքներում կանգնած անձնավորություն է. սկզբից մինչեւ այսօր ինքն այս թեմաների մեջ է: Կարեն Կարապետյանն ավելի շատ տնտեսական բլոկի գիտակ է, միգուցե արտաքինում էլ ուժեղ լինի, չեմ կարող ասել, բայց այն, ինչ տեսել եմ, դա եմ ասում: Ինքն ավելի տնտեսության մեջ է ուժեղ: Իսկ Սերժ Սարգսյանն ավելի քաղաքական գործիչ է, քան Կարեն Կարապետյանը»:

 

 

 

Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով սլաքներն ուղղվում են ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի դեմ. բանն այն է, որ 2009թ.-ից լինելով փոխնախարար` նա է համակարգում պատմամշակութային ժառանգության ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Սամուելյանն ասել է. «Շինարարության պատվիրատուն մշակույթի նախարարությունն է, բայց շինարարության ծավալները ընդունելիս հեղինակային հսկողությունից, տեխնիկական հսկողությունից ծավալները, գները ստուգելուց հետո նոր պատասխանատու ստորաբաժանումն է, որը նախարարի հրամանով է ստեղծվում, դրանից հետո ստորագրվում է համապատասխան պաշտոնյայի կողմից»: Նա նաեւ նշել է, թե «Արեւ Սամուելյան, անփութություն» եւ նման բառակապակցություններն համատեղելի չեն: «Բայց եկեք, թողենք այդ ամենը` պատկան մարմինները պարզեն»:

 

 

 

Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը եւ Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է: Ի դեպ, Ելենա Սողոմոնյանը 2009 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է, դեռ ավելին` 2015 թվականից հանդիսանում է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ: Սակայն ապրիլի 30-ին Ելենա Սողոմոնյանի լիազորությունները կդադարեցվեն՝ պաշտոնավարման տարիքը լրանալու պատճառով: Ասել է, թե մայրը կհեռանա դատական համակարգից, բայց որդին նոր կսկսի իր քայլերը դատական համակարգում:

 

 

 

ՏՈՒՐ ԻՆՁ ՄԻԼԻՈՆ
ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններից հետո իսկապես արժի համազգային դրամահավաք կազմակերպել: Առաջին անգամ Ս. Սարգսյանը հրապարակային գումար է խնդրել, ճիշտ է` ոչ այն մարդկանցից, որ կարող են իրեն ֆինանսավորել: Բայց, դե, հաշվի առնելով Սարգսյանի անկեղծությունը` արժեր բավարարել ցանկությունը: Եւ այսպես` ԳԱԱ անդամներից մեկի խոսքին, թե «գումար է պետք», Սերժ Սարգսյանը շտապել է արձագանքել. «Հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»: Ափսոս միայն, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, թե որքան գումար է ուզում, որովհետեւ, ինչպես հարցնում էր մեծ Կոմբինատորը. «Ձեզ որքա՞ն գումար է հարկավոր երջանիկ լինելու համար»:
Բայց սա ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի հանդիպման ելույթի միակ ուշագրավ պահը չէր: Սերժ Սարգսյանը խոսել է գիտության ֆինանսավորման մասին` գիտնականներին խորհուրդ տալով կրճատել ծախսերը: «Պետք է օպտիմալացնել, եղած միջոցները արդյունավետ ծախսել: Սա ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար: Նոր Ռադիկ Մարտիրոսիչի հետ խոսում էինք, ասում է՝ ախր, շատ չեն, է՜: Այո՛, շատ չեն, խնդիրը քանակի մեջ չի, խնդիրը այդ մարդկանց արդյունավետ աշխատանքի մեջ է»:
Նկատենք, որ գիտնականներին Սերժ Սարգսյանն օպտիմալացնելու խորհուրդներ է տալիս այն դեպքում, երբ ԳԱԱ տարեկան ֆինանսավորումն առանց այն էլ քիչ է` մոտ 7 մլրդ դրամի չափ. գումար, որը պետական բյուջեի համար ամենեւին էլ մեծ թիվ չէ: Ընդ որում, ԳԱԱ-ին ստացած առանց այն էլ քիչ գումարներն օպտիմալացնելու մասին խոսում է մի իշխանություն, որի ներկայացուցիչներն իրենց շռայլ ծախսերով մսխում են բյուջեի միջոցները:
Բավական է միայն հիշել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի անդամների աշխատավարձը գերազանցում է 1 մլն դրամը, մինչդեռ գիտնականների միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Բայց ի տարբերություն գիտնականների` այդ հանձնաժողովի անդամները խորը անգործության են մատնված, ոչինչ չեն անում` բացի գումարներ մսխելուց: Բավական է միայն հիշել վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների գլխավորած հիմնադրամները, որտեղ եւս միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ են ստանում, պետական բյուջեի հաշվին գերթանկարժեք գնումներ կատարում` հոգալով իրենց սուրճի եւ ծխախոտի կարիքը, իհարկե, առանց պետությանը որեւէ օգուտ տալու: Էլ չենք խոսում բյուջեի հաշվին մյուս կառույցների թանկարժեք գնումների մասին: Օրինակները կարելի է երկար, շատ երկար թվարկել:
Համաձայնեք, Սերժ Սարգսյանը կարող է օպտիմալացման խորհուրդներն այլ կառույցներին տալ, բայց ոչ ԳԱԱ-ին:




Լրահոս