ԻՆՉ Է ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել:

Նախ` ամենասկզբից
Մարտի 20-ին ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ձեռք են բերվել տվյալներ, թե պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող քննիչը քաղաքացու օժանդակությամբ գումարի դիմաց զորակոչիկներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից, ապօրինի գործունեությամբ է զբաղվել, ինչպես նաեւ իր վարույթում գտնվող գործերով անցնող անձանց օգտին գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել:
Արդյունքում` կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, եւ նախաքննությունը իրականացնելը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Ավելի ուշ ՀՔԾ-ն իր հերթին ստեղծված իրավիճակի մասով տեղեկություն հրապարակեց, որ վերոնշյալ գործի շրջանակներում ձերբակալվել է ՀԿԳ ավագ քննիչ Մ.Ա.-ն, իսկ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս.Ա.-ն:
Այսքանով ամեն ինչ չավարտվեց. վերոնշյալ գործի շրջանակներում նաեւ կալանավորվեց եւս երկու քաղաքացի, որոնք իրենց մտերիմներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմաց կաշառք են տվել ՀԿԳՎ ավագ քննիչին: Այսինքն` այս գործի շրջանակներում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 4 անձ, որոնցից երկուսը գտնվում են կալանքի տակ:
Ստացվում է, որ պարտադիր զինվորական ծառայության գնացող երիտասարդները ինչ-որ ճանապարհով խուսափել են ծառայությունից, եւ գործը հասել է իրավապահներին: Նշենք, որ այս գործի շրջանակներում մի շարք քաղաքացիներ են անցնում:
Ռազմականը գործի է անցել
Հատուկ քննչական ծառայությունը իրավիճակի մասով հայտնել էր, որ հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ասել է, թե ՀՔԾ-ն քննում է քննիչներին, իսկ ահա ԱԱԾ-ն գնացել է զինգրքույկների հետքերով: Ավելին` ԱԱԾ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին ՀՀ ռազմական ոստիկանությունը եւս ստուգումներ է սկսել պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետումներ ստացած երիտասարդների փաստաթղթերում:
Պատահականությո՞ւն, թե՞
նախազգուշացում
Իրավապահների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմաց կաշառքի գործը, ավելին` օրերս բացահայտված մեկ այլ դեպքը, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն եւ պաշտոնատար այլ անձինք կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում` հափշտակել են շուրջ 40 միլիոն դրամի դեղամիջոցներ եւ սարքավորումներ, կարծես թե այդքան էլ պատահականություն չէ: Ըստ էության իրավապահ համակարգը այս օրերին վեր է հանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեության ժամանակահատվածի հետ կապված թույլ տված բացթողումները: Միգուցե իշխանական վերնախավը այս քայլին գնում է` նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ առաջիկայում սպասվող շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում, հնարավոր է, վատ հետեւանքներ ունենան իր համար, դժվար է ասել: Ինչեւէ, փաստ է մեկ բան, որ տեւական ժամանակ է` բանակի շուրջ կատարվող գործընթացների մասով աղմկահարույց բացահայտում են լինում:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀ ռազմական ոստիկանությունը ստուգումներ է սկսել պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետումներ ստացած երիտասարդների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ռազմական ոստիկանությունը ստուգում է 5,6,7 տարի առաջ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված բանակին ոչ պիտանի ճանաչված, սակայն պահեստազորում հաշվառված երիտասարդների զինգրքույկները` հասկանալու համար, թե ինչ հանգամանքներում են նրանք բանակից ազատվել կամ տարկետում ստացել:
-Պարբերաբար նման ստուգումներ լինում են, երբ մենք ինֆորմացի ենք ունենում, այդ ժամանակ մենք հանձնարարում ենք, մարդիկ աշխատում են, այդպես հիմնական ստուգումներ չունենք, եթե կասկած չունեք, եթե կասկածանք առաջանում է, այդ ժամանակ այդ ուղղությամբ աշատում ենք:
-Այս պահին կոնկրետ ստուգում կա՞:
-Չէ՛, այդպես հիմնական հանձնարարություն չունենք, ո՛չ մեզ են այդպիսի հանձնարարություն տվել, ո՛չ էլ ես եմ տվել:
-Մի քանի օր առաջ իրավապահ համակարգը բացահայտեց, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել զինվորների ծնողներից, իսկ ահա այս իրավիճակին հետեւեց այն, (մեզ լուրեր են հասել), որ մարզերում ստուգում են զինվորների զինգրքույկները, թե ինչ հանգամանքներում են նրանք բանակից ազատվել:
-Օրինակ` Ձեզ ասեմ, որ Եռաբլուրի եղեւնիները գողացել էին, նմանատիպ դեպքերը աշխատում ենք, բացահայտում ենք, այսինքն` ռազմական ոստիկանությունը իր ուժերով ի օգուտ բանակի, ի օգուտ մեր հայրենիքի` ամեն ինչ անում է` նմանատիպ դեպքերը բացահայտելու համար:
-Իսկ մարզերում զինգրքույկների ստուգումների մասով հանձնարարություն չունե՞ք:
-Չէ՛, մենք նման հանձնարարություն չունենք, երբ ունենում, անում ենք ու այդ մասին հրապարակային մենք բաց աշխատում ենք, իսկ եթե նման դեպքեր բացահայտվեն, ուրեմն պետք է գնան պարտադիր ծառայության:
-Ռազմական ոստիկանությունը օրերս բացահայտել էր բանակից 40 միլիոնի դեղամիջոցի հափշտակման դեպք, պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հետ կապված կաշառքը, արդյո՞ք այս բացահայտումները ուղղված են նախկին նախարարի գործունեության դեմ:
-Կներեք, բայց Դուք արդեն քաղաքական հարցեր եք ուղղում, դա մեզ պետք չէ, մենք մեր ծառայությունն ենք իրականացնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԾԵԾԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻՆ ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵ՞Լ
Երեկ Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին է ներկայացրել քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Օրենսդրական բարեփոխումների համատեքստում ՔԿՎ պետը ներկայացրել է նաեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնող՝ տեսազանգից օգտվելու հնարավորությունը այն օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից:
Ինչեւէ: Սերժ Սարգսյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ հետեւողականորեն շարունակել սկսված բարեփոխումները եւ առավել մեծ ուշադրություն հատկացնել դատապարտյալների, կալանավորված անձանց բուժծառայության, սննդի մատակարարման, անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաեւ աշխատանքներ տանել կոռուպցիոն ռիսկերի վերացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հետ խոսել են դատապարտյալների հուզող ամենակարեւոր հարցի մասին:
-Պարո՛ն Հովհաննիսյան, դատապարտյալները տեւական ժամանակ է, ինչ ներման խնդրագիր են ներկայացրել Սերժ Սարգսյանին եւ սպասում են նրա որոշմանը: Վարչությունը այն մարմինն է, որը կատարելու է ներման որոշումը: Այդ հարցի շուրջ չե՞ք խոսել Սերժ Սարգսյանի հետ:
-Ո՛չ: Նման հարցով չենք զրուցել:
-Այսինքն` Ձեզ հանձնարարական կամ ցուցակ չի՞ տվել Սերժ Սարգսյանը, թե ովքեր պետք է ներում ստանան:
-Այն, ինչ հրապարակվել է մամուլում, դա է, դրանից դուրս որեւէ այլ հարց չի քննարկվել:
-Այսինքն` դատապարտյալները ներման չսպասե՞ն:
-Ես նման բան չասացի, որ չսպասեն, ուղղակի ես ասացի, որ այդ հարցը նախագահի մոտ չի քննարկվել, ինձ հետ չի քննարկվել այդ հարցը:
-Իսկ «Նուբարաշենի» կոյուղաջրերի հետ առաջացած աղմուկի մասին Սերժ Սարգսյանը որեւէ բան չասա՞ց, չհանդիմանե՞ց, թե ինչու խնդիրը չէիք լուծում, որ բանը հասավ ՀՀԿ-ականների կողմից «Երկիր ծիրանիի» կանանց ծեծելուն:
-Դե, դա արդեն պետք է իմանաք. կառավարության որոշումը կա, հիմա պետք է տենդեր հայտարարենք, պահուստային ֆոնդից կառավարությունը գումար տրամադրի:
-Բայց կոնկրետ այդ հարցով նրա հետ չե՞ք զրուցել:
-Ո՛չ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Հայաստանում անհատ տաքսի ծառայություն մատուցող վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք բարձրացնում են ոլորտի խնդիրները` նշելով, որ չկա հավասար մրցակցություն: Վարորդները մտավախություն ունեն, որ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները խուսափում են հարկերից: Անհավասար մրցակցային պայմաններում տաքսու վարորդները չեն կարողանում իրենց գործունեությունը շարունակել: Նրանք նաեւ դժգոհում են երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքներից եւ դրանք գանձելու գործընթացից: Մասնավորապես նշվում էր, որ պատշաճ կարգով չեն տեղեկացվում տույժ ու տուգանքների մասին: Մասնակիցներին ընդունել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը լրագրողներին տեղեկացրել է, որ համատեղ քննարկումից հետո մամուլին կհաղորդեն մանրամասներ:

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Երեկ Արցախում ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով բրիտանական «HALO Trust» կազմակերպության երկու աշխատակիցներ վիրավորվել են, իսկ երեքը` զոհվել: Նրանք բոլորը արցախցիներ են եղել: Վիրավորներից մեկի վիճակը բավարար է, մյուսի վիճակը` ծանր: Նրան վիրահատել են:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Շենգավիթ վարչական շրջանում բնակարաններից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` տղամարդը նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով եւ միայնակ: Դռան թակոցներին չի արձագանքել, եւ այդ հանգամանքից անհանգստացած` միջոցներ ձեռնարկելուց հետո դուռը բացվել է. նրան հայտնաբերել են մահացած: Տղամարդը ինքնասպանություն է գործել զույգ արմնկափոսերը եւ ազդրի շրջանը շեղբով վնասելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս