Ավազակային հարձակում բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ. վերջինս գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սեբաստիա փողոցում բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ. 3 անձ ձերբակալվել է:

2018թ. ապրիլի 1-ին՝ ժամը 07:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «գլխի վնասվածքով» բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի՝ ծնված 1976թ.։ Պարզվել է, որ տուժողը Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանի աշխատակից է, ով մարմնական վնասվածքն ստացել է կատարված ավազակային հարձակման ժամանակ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, տղամարդը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 06:09-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանում հարձակվել են նույն բենզալցակայանի աշխատակցի վրա, որպես զենք օգտագործվող առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, ապա հափշտակել նրա մոտ, ինչպես նաև բենզալցակայանի սենյակում առկա կանխիկ գումարը և այլ ապրանքներ ու դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, ձեռնոցներ, մետաղյա ձող, առգարվվել դեպքի վայրում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ ավազակային հարձակմանը մասնակցություն է ունեցել երեք անձ, պարզվել նրանց ինքնությունը, ովքեր հայտնաբերվել են և ձերբակալվել։ Երեք կասկածյալներն էլ Երևանի բնակիչներ են, նրանցից 2-ը՝ ծնված 1997թ., 1-ը՝ 1992թ.։ Վերջիններս հարցաքննվել են ու ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվել են խուզարկություններ, նշանակվել դատաբժշկական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե




Լրահոս