Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից պաշտպանելու համար հարկավոր է արագ աճող բարդիներ տնկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի բնակիչները` համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի գլխավորությամբ, հինգ օր շարունակ ծառատունկի աշխատանքներ են կատարել սահմանամերձ գյուղ մտնող ճանապարհի եզրերին: Այնտեղ դրվել է արագ աճող բարդու 1225 հատ տնկի: Բերքաբերի ղեկավարի խոսքերով՝ ծառատունկին զուգահեռ տնկիների առաջին ջրման աշխատանքներն են կատարել:

Արագ աճող բարդու այդ տնկիները տնկվել են Բերքաբեր տանող ավտոճանապարհը Ղազախի շրջանի տարածքում գտնվող ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշպանելու նպատակով: Բերքաբեր գյուղի դեմ-դիմաց` Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիները Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղի մուտքին, Մազամ եւ Ղուշչի-Այրում գյուղեր տանող ավտոճանապարհին 2015 թվականին քարե երկար պատ են կառուցել: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հիմնական ճանապարհի մի մեծ հատված գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ:

Այդ տեղանքում ադրբեջանական հենակետերը շատ մոտ են մեր պաշտպանական դիրքերին եւ միջպետական ավտոճանապարհին: Ճանապարհի տվյալ հատվածը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից: 2015թ. նոյեմբերի 5-ին նշված տեղում ադրբեջանական գնդակոծությունից վնասվեց ռուսական մեծ բեռնատար: Միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ադրբեջանական հենակետերի կրակից պաշտպանելու համար հարկավոր է արագ աճող բարդիներ տնկել, ճանապարհի եզրին քարաբեկորներից պատ շարել կամ հողի, խճի կույտերից թմբեր կառուցել, ինչպես արվում էին 1990-ականներին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս