Արման Թաթոյանի անատամ զեկույցը. ինչի մասին է լռում ՄԻՊ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ վերջապես հրապարակել, միաժամանակ խորհրդարան է ուղարկել 2017թ. տարեկան զեկույցը: Ու քանի որ նախորդ տարին լի էր քաղաքական իրադարձություններով՝ տեղի ունեցան խորհրդարանական, այնուհետեւ՝ Երեւանի ավագանու ընտրություններ, ընդ որում, դրանք լի էին դրամատիկ ընթացքով, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ՄԻՊ-ն ինչպե՞ս է անդրադարձել այս ամենին: Ինչպես եւ սպասում էինք` զեկույցը բավական անատամ էր:

Եւ այսպես` պաշտպանը զեկույցում արձանագրել է, որ չնայած Ընտրական օրենսգրքով լուծում են ստացել համապետական ընտրությունների անցկացմանն առնչվող խնդիրներ, սակայն ոլորտում դեռեւս առկա են մի շարք խնդիրներ: Շեշտվել է նաեւ, որ ընտրություններին նախորդող մի շարք իրադարձություններ բացասական ազդեցություն ունեցան ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ձեւավորման վրա: Ինչպես հիշում ենք` նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ` մարտ ամսին, հայտնի դարձավ, որ դպրոցներում եւ մանկապարտեզներում ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը: Մասնավորապես ջրի երես դուրս եկան դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք արվել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության կողմից: Տնօրենները ինքնախոստովանական «ցուցմունքներ» էին տվել, որ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով` ՀՀԿ-ի օգտին ցուցակների հավաքագրմամբ էին զբաղվել: Եւ ահա, այս կապակցությամբ պաշտպանի զեկույցում ավելի շատ նշված է իրենց արած աշխատանքի մասին, որ նախորդ տարվա փետրվարի 27-ին ՄԻՊ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ԶԼՄ-ներով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ չնայած օրենքի արգելքին` ընտրությունների նախապատրաստման ընթացքում ներգրավված են հանրակրթության բնագավառում գործող ուսումնական հաստատությունների աշխատակիցները` աշակերտների ծնողներին ցուցակագրելու, աշխատավայրում քարոզչություն իրականացնելու, աշխատանքից հեռացվելու սպառնալիքներ ներկայացնելու եւ այլ եղանակներով:

Շեշտենք նաեւ, որ ընտրություններից առաջ մեկ այլ աղմկահարույց ձայնագրություն ասպարեզ եկավ: Պարզվեց` «ՍԱՍ գրուպի» ղեկավարներից մեկը նախընտրական ժողով էր հրավիրել ընկերության աշխատակիցներին, որի շրջանակում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի եւ հարկադրանքի միջոցով ներգործում էր աշխատակիցների ընտրական իրավունքի իրացման վրա: Այդ մասին եւս պարզապես արձանագրված է զեկույցում, եւ ոչ մի վերլուծություն այն մասին, թե ինչպես են խախտվել աշխատողների իրավունքները ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ»-ում: Ինչպես հիշում ենք` գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել էր ՀՔԾ, այդ մասին հրապարակման հիման վրա քրեական գործ էր հարուցվել: Սակայն հետագայում գործը կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով: Երկար տարիներ պետական չինովնիկ աշխատած Արման Թաթոյանից, իհարկե, այլ բան չէր կարելի սպասել: Ի վերջո, նա եւս ՀՀԿ-ի մի մասնիկն է, այնպես որ, միանգամայն բնական է, երբ ավելի շատ ՀՀԿ իրավունքների, այլ ոչ թե քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ է զբաղված: Դրա համար էլ նրա զեկույցում որեւէ խոսք չկա ընտրությունների օրը հոսած 10 հազարական դրամ ընտրակաշառքի «գետերի մասին», որեւէ խոսք չկար թաղային խուժանի կողմից իրականացված վերահսկողության մասին եւ այսպես շարունակ: Միայն նշված է, որ ընտրակեղծիքի մասին ՄԻՊ-ը ստացած ահազանգերի կապակցությամբ դիմել է իրավապահներին, ընթացք տվել ստացած բողոքներին եւ վերջ:

Նախորդ տարվա մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ անդրադարձում նշված է լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստերի մասին: Այս դեպքում էլ արձանագրվել էին կուտակումներ ընտրատեղամասերում, տեխնիկական միջոցների անսարքություն:

Եւ վերջապես` ՄԻՊ զեկույցում ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս անդրադարձ կա մարտի 1-ի դեպքերին, բայց առկա ձեւակերպումները գրեթե նույնությամբ կրկնում են նախորդ տարիների խոսքերը եւ վերջ: Եւ այսպես` մարտի 1-ի վերաբերյալ պաշտպանի զեկույցում նշված է, որ ՀՔԾ-ն ՄԻՊ-ին է տրամադրել տեղեկություն, ըստ որի` 10 անձի մահվան եւ 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու փաստով 10 առանձին գործեր են անջատվել, որոնցից յուրաքանչյուրով նախաքննությունը շարունակվում է: Բոլոր գործերով հարցաքննվել է 200 անձ, տրվել են հանձնարարություններ:

Հատկանշական է, որ այս հարցի առնչությամբ պաշտպանն արձանագրել է մի կարեւոր փաստ. «ՀՔԾ ներկայացրած տեղեկությունները վկայում են, որ թեեւ ծառայությունն իրականացրել է դատավարական որոշակի գործողություններ, այդուհանդերձ քննարկվող քր. գործերի քննության շրջանակներում 2017թ. ընթացքում կրկին չի ապահովվել ձեռնարկված քայլերի վերաբերյալ հանրային իրազեկվածության պատշաճ մակարդակ»: Միաժամանակ շեշտվում է, որ ՀՔԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ անհրաժեշտ է ապահովել զոհերի հարազատների եւ հանրության պատշաճ իրազեկում, եւ ողջամիտ ժամկետներում ապահովել հարուցված քր. գործերի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը: Միայն թե, չնայած այս տարիների միշտ նույն ձեւակերպումներին, մարտի 1-ի գործով լուրջ տեղաշարժ չկա:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս