ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենաների գազաբալոնների տեղադրման փոփոխությունների հետքերով. նոր օրենսդրական նախաձեռնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած` ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի: Եթե վարորդը վկայագիր չունենա, ապա գազալցակայանի պաշտոնատար անձը կտուգանվի:
Հայաստանում ավտոմեքենաների ավելի քան 70 տոկոսն ունի գազաբալոն: Միայն Հայաստանում տարեկան մի քանի հազարի հասնող մեքենայում տեղադրվում է գազաբալոն: Իսկ դրանց տեղադրմամբ զբաղվում են բազմաթիվ ընկերություններ ու անհատ ձեռներեցներ, այս շուկան ամենամրցակցայիններից է: Վերջին վեց տարիների ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները կամ դրանց ոչ պատշաճ որակավորում ունեցող մասնագետների կողմից տեղադրված լինելու փաստը: Պաշտոնապես միայն 2012-2018 թվականների ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է երկու մարդ, վիրավորվել` 8-ը: Սա միայն հրդեհների վիճակագրությունն է: Ինչ վերաբերում է գազաբալոններով մեքենաների դեպքերին, ապա այստեղ վիճակն այլ է. նույն ժամանակահատվածում գրանցվել է 537 պայթյուն: Սա նշանակում է, որ գազաբալոնների տեղադրման եւ դրանց տեխնիկական փորձարկումների ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում: Իսկ պայթյունների մեծ մասի պատճառը բալոններն են, քանի որ հին գազաբալոններ են տեղադրվում:

ՀՀ ԱԻՆ-ի առաջարկած նախագծով կսահմանվեն այն կազմակերպությունները, որոնք իրավունք կունենան գազաբալոն տեղադրել: Արդյունքում կբացառվի ինքնաշեն տեղադրումների քանակը: Բանն այն է, որ ավտոմեքենաների վրա տեղադրվում են վկայագրում չանցած գազաբալոններ, դրանց մեծ մասը շատ հաճախ տեղադրում են ոչ մասնագետները, եւ այս իրավիճակը լուրջ վտանգ է ներկայացնում: Գազաբալոնները պետք է վկայագրվեն եւ միայն համապատասխան կազմակերպությունները պետք է գազաբալոնները տեղադրեն: Նոր նախագծով կիրականացվի գազաբալոնի տեսազննում, չափի, ծավալի չափագրում: Գազալցակայաններում գազաբալոնը չեն լիցքավորի, եթե վկայագիրը ցույց չտան, հակառակ պարագայում կտուգանվեն: Հնարավոր է` մի մասը վերահսկի ՃՈ-ն` տեխզննման կտրոնների վրա անհրաժեշտ նշումը պահանջելու մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում նոր հոդված է ավելացվելու: Ըստ այդմ` եթե խախտվել է գազի բալոն տեղադրելու եւ վկայագիր տրամադրելու կարգը, ապա այն տեղադրած ընկերության ղեկավարը կտուգանվի 100 հազարից մինչեւ 200 հազար դրամի չափով: Ի դեպ, գազաբալոնների վկայագրերում բալոնի շահագործման ժամկետը նշելու վերաբերյալ սահմանված կարգը խախտելը եւ խախտմամբ էլեկտրոնային շտեմարանում տեղեկություններ մուտքագրելը եւս առաջացնում է տուգանք` 500 հազար դրամի չափով: Իսկ եթե մեկ տարվա ընթացքում անձը երկրորդ անգամ նույն խախտումն անի, ապա կտուգանվի 1 մլն դրամի չափով: Բացի այս, եթե գազալցակայանում աշխատողը լիցքավորի մեքենա, որը չունենա գազի բալոնի վկայագիր կամ բալոնի շահագործման ժամկետի վերաբերյալ վկայագրում նշում, ապա նա կտուգանվի 1 մլն դրամով: Ավելին` գազալցակայանի աշխատողի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ նման խախտումը կարժենա 3 մլն դրամի չափով տուգանք:

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հույս հայտնեց, որ այդ օրենսդրական նախաձեռնությունն ինչ-որ չափով կկարգավորի ոլորտը: Տեղեկացնենք, որ նա գազալցակայանների սարքավորումների արտադրությամբ եւ գազաբալոնների տեղադրմամբ զբաղվող «Եղիցի Լույս-ԲՀ» ընկերության սեփականատերն է: Բացի այս, նախկին պատգամավորը Իրանի Իսլամական Հանրապետությունում զբաղվում է գազաբաշխիչ աշտարակների արտադրությամբ:
«Քիչ են այն հիմնարկները, որոնք իրականում կատարում են գազաբալոնների, բալոնային սարքավորումների հսկման, ստուգաչափման աշխատանքներ: Այսինքն` դրանք ստուգաչափել, ենթարկել փորձարկման, որպեսզի հին բալոններ տեղադրված չլինեն մեքենաներում: Մարդիկ կան շուկայից ժամկետանց կամ մակնշում չունեցող բալոններ են գնում: Անգամ վաճառում են բալոններ, որոնք նույնիսկ նախատեսված չեն բնական սեղմված գազի համար: Շատ ժամանակ գնորդը չի իմանում` այդ բալոնը մեքենայի համար է նախատեսված, թե ոչ: Նայում է էժան գնին ու անմիջապես գնում»,- իրավիճակը ներկայացրեց Ռ. Թովմասյանը: Սակայն օրենսդրական այս նախաձեռնությունը որոշ գազալցակայանների ղեկավարների մոտ անհանգստություն է առաջացրել: Նրանց մեծ մասի կարծիքով` այն որոշակի անհարմարություն կստեղծի գազալցակայանի աշխատողների համար: Քանի որ գազալցակայաններ կան, որտեղ հերթեր են գոյանում, իսկ այդ ընթացքում աշխատողը, հնարավոր է, չհասցնի ստուգել` մեքենան ունի գազի բալոնի վկայագիր, թե ոչ:

Մեզ մնում է հույս հայտնել, որ կառավարությունը մեծ արագությամբ կավարտի շատերի համար կարեւոր այս նախաձեռնության քննարկումը: Չէ՞ որ կառավարության ղեկավարը` Կարեն Կարապետյանը, նախորդ տարվա ընթացքում գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը եւ մատուցվող ծառայությունների որակը գնահատեց «խիստ անբավարար»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս