Ուր է կորել ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը և ինչով նա կզարմացնի երկրպագուներին

Ժողովրդական երգիչ, ինչպես նաեւ բազմաթիվ դասական ստեղծագործությունների եւ երգերի հեղինակ Մավր Մկրտչյանը, ով հայտնի է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից, տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ Նրա երկրպագուները հարցնում են՝ ո՞ւր է կորել Մավրը եւ ինչո՞վ է այժմ զբաղված։
Երգիչը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ հարաբերական դադարը մինչեւ տարեվերջ կլրացվի. կունենա 2-3 տեսահոլովակ։ Դրանցից երկուսը նա պատրաստվում է ներկայացնել մայիսին եւ սեպտեմբերին. «Աշխատանքային պրոցեսի մեջ եմ, մոտ ժամանակներս նոր երգի պրեմիերա կլինի։ Ես չեմ կորել, պարզապես մի կողմից նվիրվել եմ ընտանիքիս, մյուս կողմից էլ այս ընթացքում ունեցել եմ համերգային շատ շրջագայություններ։ Առհասարակ, զուտ երգերի քանակի վրա չեմ աշխատում, նոր գործ ներկայացնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք»,-ասաց Մավրը։

Հարցին, թե պատկերացնում է արդյոք իրեն տասը տարի անց ժողովրդական, ազգագրական երգեր կատարելիս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես, միանշանակ, առաջիկա տարիներին պատրաստվում եմ զբաղվել այլ գործերով եւս, բացի ժողովրդականից՝ իմ պլաններում ուրիշ ժանրեր էլ կան, բայց չեմ ուզում փակագծերը բացել։ Այսինքն՝ այլ ժանրերում ներկայանալու առիթներ կլինեն, բայց որպես առանցքային ժանր ինձ համար եղել է ու կմնա ժողովրդականը»։

Ի դեպ, նշենք, որ Մավրը 2014-ին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ նա բիզնես ունի, թե միայն երգարվեստի միջոցով է գումար աշխատում. «Ո՛չ, բիզնես չունեմ, արվեստն ինձնից բավական ժամանակ է խլում, բացի այդ՝ ես ինքս չեմ ուզում իմ էներգիան ուրիշ բաների վրա վատնել։ Համերգային շրջագայությունները, օրինակ, ժողովրդական երգը ներկայացնողների համար գումար աշխատելու լավ միջոց են։ Ես էլ արդյունքից դժգոհ չեմ (Մավրը համերգներով եղել է, օրինակ, Վրաստանում, Ռուսաստանում-հեղ.), թեեւ կարող եմ ավելիին հասնել»,-եզրափակեց երգիչը։

Աննա Բաբաջանյան