Ինքնաբուխ հրդեհ անձրևի ժամանա՞կ. «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած դեպքի հետքերով

Մարտի 23-ին հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասում: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի 10 աշխատակից եւ «Էկոպատրուլի» մասնակիցներ: Հրդեհից բավական ժամանակ է անցել: «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյո՞ք պարզվել է հրդեհի պատճառը: Նա ասաց, որ հրդեհի 4 օջախ է եղել, կրակը տարածվել է խոտածածկ տարածքներում, ընդհուպ մոտեցել է անտառին, սակայն ծառեր չեն այրվել: Իսկ հարցին, թե գարնանային թաց եղանակ է, ինչպե՞ս կարող էր ինքնաբուխ հրդեհ լինել:

Ազգային պարկի տնօրենի խոսքերով` ազգային պարկի տարածքում խոտը չոր է, որը հեշտ է բռնկվում: Լուրեր էին շրջանառվում, որ հրդեհները բռնկվել են այն բանից հետո, երբ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվեցին ազգային պարկի 3 անտառապահներ, հրդեհը կարող էր վրեժխնդրության գործողություն լինել: Արմեն Աբրահամյանն ասաց, որ դա վարկած է, հրդեհի ծագման պատճառների տարբեր վարկածներ կարող են լինել: Քանի որ հրդեհի հետեւանքով ծառեր չեն այրվել, նյութական վնաս չկա, այդ կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել, եւ քննություն չի կատարվում: