ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը կարող է «սյուրպրիզ» անել հանրապետականներին. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

-Տիկի՛ն Սարգսյան, այս օրերին երկու ուժեր պայքար են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:

-Ես ինքս չեմ տեսնում, որ այդ պայքարն արդյունք է տալու: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հասարակության ակտիվությունը շատ կարեւոր է, եւ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք փորձում են ինչ-որ քաղաքական օրակարգ ձեւավորել եւ քաղաքացուն ներգրավել այդ օրակարգ մեջ, ես ողջունում եմ: Ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեր հասարակությունը թմբիրի մեջ է: Դրա համար տարբեր պատճառներ կան, այդ թվում` հասթափություն իշխանությունից եւ անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, քանի որ բազմաթիվ անգամներ հասարակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր քաղաքական պրոցեսների, սակայն վերջնաարդյունքում պարտվել է քաղաքացին, քանի որ արդյունք չի գրանցվել: Կա նաեւ անվստահություն քաղաքական ուժերի նկատմամբ, եւ դրա մեղավորը կրկին մենք ենք, քանի որ անկախությունից հետո ընդդիմությունը երեւի թե 2-3 անգամ է կարողացել միավորվել, այն էլ, երբ եղել է շատ խարիզմատիկ առաջնորդ: Տվյալ դեպքում դաշտում չենք տեսնում այդ առաջնորդին, եւ ժողովուրդն էլ սկսել է նրանց չվստահել:

-Այսինքն` Դուք չե՞ք միանա ընթացող պայքարներից որեւէ մեկին:

-Սահմանադրությամբ վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է մեծամասնությանը` ՀՀԿ-ին, եւ ժողովուրդը տվել է այդ ձայնը, եւ որքան էլ փորձենք խոչընդոտել, նրանք են որոշելու, թե ով է լինելու երկրի վարչապետը: Առայժմ շրջանառվում է Սերժ Սարգսյանի անունը: Ես չեմ բացառում, որ հետագայում միգուցե եւ այլ անուն լսենք: Սակայն դրա դեմ պայքարի գործիքակազմ, բավարար ակտիվություն չեմ տեսնում: Հետեւաբար այն, ինչ անխուսափելի է, դրա դեմ պայքար ես չեմ ցանկանում ծավալել: Ես ինքս այս պայքարի վերջը տեսնում եմ, բայց կրկնեմ` ես շատ կարեւորում են Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որ փորձում է ժողովրդին թմբիրից հանել, փորձում է ցույց տալ, որ ՀՀ-ում կա ընդդիմություն եւ դրանով նպաստել, որ իշխանությունն իրեն ամենազոր չզգա:

-Խոսեցիք Նիկոլ Փաշինյանի մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծես թե պայքարի տարբերվող միջոց է ընտրել: Հետեւո՞ւմ եք իրենց գործունեությանը եւ արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում:

-Հետեւում եմ, քանի որ ինձ հետաքրքիր է, թե այդ քայլերթի արդյունքում ինչ արձագանքներ կան հասարակության մոտ: Ես ավելին էի ակնկալում` մտածելով, թե նրանց շարքերն ամեն օր կհամալրվեն մարդկանցով: Ես մտածում էի, որ այդ քայլերթը կտա այդ արդյունքը, առայժմ չեմ տեսնում դա, այլ տեսնում եմ միայն կուսակիցներին: Դա դեռ ոչինչ չի ասում երթի մասին, միգուցե իրենց նշանակած օրը Երեւանում ավելի շատ մարդ լինի, քան ես եմ պատկերացնում: Կանխատեսելն ամենաանշնորհակալ գործն է, բայց անկախ ամեն ինչից` ես ողջունում եմ այդ մեթոդն ու քաղտեխնոլոգիան, որով նրանք փորձում են ակտիվացնել հասարակությանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս