Քաղաքապետարանի հերթական ատկատը. հսկայական միլիոններ` կանաչապատման խնամքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, դրանց խնամքի եւ պահպանման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման համար քաղաքային բյուջեից ընթացիկ տարվա համար հատկացվել է 202 մլն 500 հազար դրամ: Իսկ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով պայմանագիրը կնքվել է «Կանաչապատ Մալաթիա» ընկերության հետ: Պարզվում է` Շենգավիթ վարչական շրջանում կանաչապատ տարածքների խնամքն ու պահպանումը իրականացրել է «Շենգավիթ-Կանաչապատում» ՓԲԸ-ն, որին այդ նպատակով տրամադրվել է 166 մլն դրամ: Նոր Նորք վարչական շրջանում կանաչապատ տարածքները խնամելու եւ պահպանելու է «Նոր Նորք կանաչապատում» ընկերությունը: Այս ընկերությանը հատկացվել է 150 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կանաչապատման խնամքի ու պահպանման համար ավելի շատ գումար ծախսելու է Կենտրոնի թաղապետարանը` 300 մլն դրամ: Նշված գումարով «Կենտրոն-Կանաչապատում» ընկերությունը պարտավորվել է սիզամարգերը խնամել, դրանք մաքրել թափված տերեւներից, չորուկներից: Բացի այս` ընկերությունները ստացած միլիոնների շրջանակներում պետք է նաեւ հավաքեն պատահական աղբը: Խիստ կասկածելի է, որ ընկերությունների աշխատողները նշված պահանջը պատշաճ կատարում են, քանի որ մեր քաղաքում աղբը ամենուր է: Աջափնյակ վարչական շրջանում կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման համար մայրաքաղաքային բյուջեից տրամադրվել է 130 մլն դրամ: Աշխատանքները իրականացնելու է «Աջափնյակ Կանաչապատում» ընկերությունը:

Ավան վարչական շրջանում հատկացված միջոցները կազմել են 145 մլն դրամ, Դավթաշենում` 73 մլն 450 հազար դրամ: Նորք Մարաշում կանաչապատման համար ծախսվելու է 22 մլն դրամ. այս դեպքում աշխատանքներն իրականացրել է «Կանաչ Բարձրունք» ընկերությունը, իսկ ահա Էրեբունի վարչական շրջանում` 114 մլն 815 հազար դրամ, իսկ աշխատանքները իրականացրել է «Էրեբունի թաղային համայնքի Վարդավառ զբոսայգի» ընկերությունը: Սակայն բազմաթիվ փորձագետների համոզմամբ` կանաչապատման համար քաղաքային բյուջեից տրամադրվող հսկայական գումարներն ու ստացված արդյունքը անհամեմատելի են: Այս մասին Երեւանի ավագանու անդամների մի մասը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է, անգամ կասկածներ են հայտնել, որ այս ամենում կոռուպցիոն լուրջ ռիսկեր ու ատկատներ կան:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մրցույթին մասնակցած ընկերությունները` «Ավան Կանաչապատում», «Աջափնյակ Կանաչապատում», «Շենգավիթ Կանաչապատում» եւ «Կանաչ Բարձրունք» ՓԲԸ-ները, գտնվում են վարչական շրջանների ղեկավարների ենթակայության տակ: Նշված ընկերությունների աշխատողները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեցին, որ ստացած գումարներով իրենք կանաչապատ տարածքները խնամում ու պահպանում են. «Ծաղիկներն են, ծառերը, թփերը, սոխուկները, մաքրություն ենք անում: Դրանք ջրում ենք, պարարտացնում, քաղհանում»:

Նշենք, որ ծաղիկների գնումը այս ընկերությունների պարտականությունների մեջ չի մտնում: Բայց հատկացվող գումարների մեջ մտնում են ընկերության աշխատակիցներին տրվող աշխատավարձերը: Իսկ Երեւանի բոլոր վարչական շրջանների կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցների ամսական աշխատավարձը կազմում է 73 հազար դրամ, իսկ աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 08.00-ին եւ ավարտվում 16.00-ին: Թեեւ իրենց աշխատավարձերը ժամանակին են ստանում, բայց արտաժամյա աշխատանքի եւ հանգստյան օրերին` շաբաթ, կիրակի, աշխատելու դիմաց աշխատակիցները կրկնակի չեն վարձատրվում. սա աշխատանքային օրենսգրքի խախտում է: Ասել է, թե Երեւանի քաղաքապետարանը պարզապես չարաշահում է մարդկանց` խախտելով նրանց աշխատանքային իրավունքը:

Եթե համեմատենք քաղաքային բյուջեից կանաչապատման համար տրված գումարն ու դրա դիմաց կատարվող փաստացի աշխատանքը, ապա պարզ կդառնա, որ արդյունքը ամենեւին էլ կապ չունի ծախսված գումարների հետ: Ակնհայտ է, որ նման արդյունքի կարելի էր հասնել անհամեմատ ավելի քիչ միջոցներ ծախսելով: Ինչպես ասֆալտապատումը, այնպես էլ կանաչապատ տարածքների խնամքն ու պահպանումը «ատկատների» ու ծախսված գումարների վերահսկելիության առումով ամենախոցելի ոլորտներն են: Այնուամենայնիվ, սրանք «հայկական ատկատի» ավանդույթներն են, որոնք Երեւանի քաղաքապետարանում սրբորեն պահվում են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս