Նոր բացահայտում Սյունիքում. Գորիսի Ոստիկանապետի վարորդն ու ապօրինի փայտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ իրավապահ համակարգը պայքար է մղում ապօրինի ծառահատման դեմ, ոստիկանության Սյունիքի մարզի վարչության աշխատակիցները ապօրինի փայտի ձեռքբերման դեպք բացահայտելուց հետո փորձում են այն կոծկել:
Վերջին երկու տարում իրավապահ համակարգը սկսել է ուշադրություն դարձնել ապօրինի ծառահատումներին: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով դատարան ուղարկված քրեական գործերը, պարզեց, որ 2017-2018 թվականի տվյալներով` ապօրինի ծառահատման փաստի առթիվ հարուցված քրեական գործերով դատարան է ուղարկվել 25 դեպք: Ավելին` բացահայտված դեպքերով պարզ է դառնում` պետության օրինական շահերին պատճառվել է մոտ 22 միլիոն դրամի վնաս, սակայն նկատենք, որ ապօրինի ծառահատման դեպքերը այսքանով չեն ավարտվում, եւ դեռ կան քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է:
Բայց արի ու տես, որ մինչ օրս մեղադրյալի աթոռին են հայտնվել մանր ձկները, իսկ խոշոր ձկները ջրից չոր են դուրս եկել, չնայած խոշոր ձկներ, այնուամենայնիվ, բացվել են:

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ապրիլի 3-ին Սյունիքի մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները կանգնեցրել են Սյունիքի մարզի Գորիս քաղաք մուտք գործող մի բեռնատար՝ լցված փայտով: Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության աշխատակիցները բեռնատարի վարորդից, որը Գորիս քաղաքում հայտնի է Գորիս գյուղի Խչո անունով, փայտերի օրինական ձեռքբերման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջել, սակայն վարորդը իրավապահներին սկսել է անուններ թվարկել, թե կոնկրետ փայտը ում անունով են բերել, ով է հրահանգել, եւ այսպես շարունակ:
Նա իրավապահներին հայտնել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի անունը` ասելով, որ նրա հրահանգով է բերվել:
Ոստիկանության Սյունիքի բաժնի վարչության աշխատակիցները որոշել են գործին ընթացք տալ եւ հրահանգել են բեռնատարը տեղափոխել ոստիկանության Սյունիքի բաժին:
Բեռնատարը տարել են ոստիկանության համապատասխան բաժին, որտեղ անձամբ իրավիճակին ծանոթանում է ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ Արշավիր Գեւորգյանը եւ անձամբ է ականատես լինում, թե ինչ են հայտնաբերել ոստիկանները:

Ոստիկանապետի վարորոդին հեռացրել են

Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո իրավապահները գործին պետք է ընթացք տային` հասկանալու համար, թե ով է կանգնած ոստիկանության Գորիսի բաժնի պետ Կարեն Թադեւոսյանի վարորդի` Արթուր Զեյնալյանի մեջքին, որ նա անօրինական ճանապարհով փայտ է տեղափոխում Գորիս քաղաք, սակայն պատկերը միանգամայն այլ է: Մասնավորապես ըստ մեզ հասած լուրերի` բեռնատարի մեջ եղած փայտի քանակը ինչ-ինչ ճանապարհով մինչեւ բաժին հասնելը պակասեցնում են կամ միգուցե վարչությունում են որոշում արձանագրել, թե, օրինակ, 10 խմ փայտ չէ, այլ ընդամենը 3 խմ փայտ է: Այս քայլին գնում են այն պատճառով, որ եթե գործը գնալով բարդանա, անօրինական փայտ ներմուծող քիչ փայտի տեղափոխման դեպքում ընդամենը վարչական պատասխանատվության կենթարկվեն, իսկ ահա եթե շատ լինի չափաբաժինը, ապա քրեական պատասխանատվության:
Սակայն բեռնատարից փայտերի քանակը քչացնելով` իրավապահ համակարգը հասկանում է, որ եթե գործը հասավ ղեկավարներին, իրենց համար լավ չի լինի, ուստի որոշում են կայացնում աշխատանքից հեռացնել Գորիսի ոստիկանապետի վարորդին՝ Արթուր Զեյնալյանին:

«Ով է տանիքը»

Իսկ հիմա կարեւորի մասին: Ի վերջո, ո՞ւմ համար էր անօրինական փայտերը ոստիկաապետի վարորդը՝ Արթուր Զեյնալյանը, փորձել տեղափոխել Գորիս քաղաք: Մարզում տարածված լուրերի համաձայն` Գորիսի ոստիկանապետի վարորդի՝ Արթուր Զեյնալյանի մեջքին կանգնած է Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցը, եւ նա փայտը մարզ է բերել` ոչ ավել, ոչ պակաս մի շարք հացի փռերին մատակարարելու համար, քանի որ նա է համարվում այդ գործի «տերնուտիրակալը» եւ նա` որպես քաղաքի օպեր գծով տեղակալ, շատ լավ գիտի, թե ով ինչ կարող է քաղաք բերել, տանել եւ այլ գործունեությամբ զբաղվել:

Օպեր գծով տեղակալը` իրավիճակի մասին

Ավելին` մարզում տարածված լուրերի համաձայն` բացառված է` Գորիսի ոստիկանապետ Կարեն Թադեւոսյանը չիմանար, որ իր վարորդն ու օպեր գծով տեղակալը նման գործընթացների մեջ են: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ նախ փորձեց զրուցել Գորիսի բաժնի օպեր գծով տեղակալ Ռադիկ Բակունցի հետ, սակայն վերջինս, լսելով հարցը, նշեց, թե կապ հաստատեք լրատվական բաժին:
Մեր այն պնդմանը, որ Գորիս քաղաքում ապօրինի փայտի տեղափոխման դեպք է բացահայտվել, եւ ասում են, որ տանիքը Դուք եք, Ռադիկ Բակունցը զայրացած նշեց. «Տանիքը դուք եք… տանիքը ես չեմ, դիմե՛ք լրատվական վարչություն»:

Ոստիկանությունը` դեպքի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, ինչին ի պատասխան` հայտնեցին. «Ձեր կողմից նշված դեպքով ոստիկանությունում կատարվում է հետաքննություն, փայտանյութը ուղարկվել է փորձաքննության եւ փորձաքննության եզրակացության հիման վրա էլ կորոշվի քննության հետագա ընթացքը, եւ բոլոր հարցերը կդառնան քննության առարկա»:
Ավելին` ոստիկանությունից հաստատեցին, որ Գորիսի ոստիկանապետի վարորդը ազատվել է պաշտոնից` նշելով, որ կատարվում է քննություն:

Քնար Մանուկյան




Լրահոս