Սերժ Սարգսյանի արտոնյալ ընկերը. ինչո՞ւ վերջինիս ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել

Արդեն հինգ տարի է, ինչ Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ում տեսչական ստուգումներ չեն իրականացվել: Մինչդեռ այդ տարիներին Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում մի շարք խնդիրներ են առաջացել, որոնց բազմիցս անդրադարձել են նաեւ բնապահպանները: Իսկ այդ խնդիրները հիմնականում կապված են ընկերության պոչամբարի հետ:
Տեղեկացնենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունը այս տարեսկզբին դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը եւ 1032 աշխատողի կրճատել է:

Միայն այս տարեսկզբին բնապահպանները ահազանգեցին, որ ընկերության պոչամբարը արագ լցվում է, եւ նրանք չեն կարողանում այն պատշաճ կերպով շահագործել, ինչի պատճառով արտահոսքեր են լինում: Իսկ ահա Շնող գյուղի բնակիչները պատմում են, որ թեեւ հանքավայրի շահագործումը դադարեցվել է, բայց Շնող գետում դեռ շարունակվում է պղտոր ջուր հոսել: Արդյունքում դրանով ոռոգվող հողատարածքները աղտոտվել են, իսկ ծառերն էլ` չորացել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի հարցը հասել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է «Թեղուտ» ՓԲԸ-ում բնապահպանական ստուգումների իրականացման հարցին: Արդյունքում պարզվել է` վերջին տարիների ընթացքում տեսչական ստուգումներ չեն իրականացվել։ Ըստ ՄԻՊ-ի` հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը ուղեկցվում է տարբեր տոքսիկ քիմիական նյութերով եւ ծանր մետաղներով աշխատանքային եւ շրջակա միջավայրի աղտոտմամբ, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի վրա։
Ապա ՄԻՊԸ-ը արձանագրել է, որ այդ ամենի հետեւանքով խաթարվում է նաեւ բնակչության առողջության պահպանումը, մասնավորապես` օդ-ջուր-հող-գյուղմթերք համակարգով ծանր մետաղների, այդ թվում` տոքսիկության առաջին դասի տարրերի: Բանն այն է, որ սնման շղթայի տարբեր օղակների ներթափանցման արդյունքում առաջ են գալիս էկոլոգիական եւ բնակչության առողջության հետ կապված ռիսկեր:

«Թեեւ բնապահպանության նախարարությունից տարիներ շարունակ ներկայացվում են տվյալներ առ այն, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ստուգման ենթակա կազմակերպությունների` 2013, 2014 եւ 2015, ինչպես նաեւ 2017 թվականների ցանկերում, սակայն ինչպես այդ տարիների, այդպես էլ 2016 եւ 2017 թվականների ընթացքում տեսչական ստուգումներ չեն իրականացվել»,- նշված է ՄԻՊ զեկույցում։ Ապա պաշտպանը հաշվի առնելով բնապահպանների կողմից Թեղուտի պոչամբարի մասին պարբերաբար հրապարակվող խնդիրները` առաջարկել է ապահովել «Թեղուտ» ՓԲԸ-ում անհրաժեշտ ստուգումների իրականացումը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ստուգումներ չիրականացնելու պատճառը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` 2015 թվականին կայացրած տեսչական ստուգումները կասեցնելու վերաբերյալ որոշումն է: Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության` դեռեւս 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարել էր տեսչական ստուգումները դադարեցնել եւ «անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեությանը»: Այս որոշումը, որը նախատեսված էր մինչեւ 2015 թվականի տարեվերջը, պայմանավորվում էր տնտեսությունում ստեղծված բարդ կացությամբ: Այլ կերպ ասած` այդպիսով ՀՀ կառավարությունը ընդունում էր, որ Հայաստանում գործող ընկերությունները ծանր տնտեսական պայմանում են հայտնվել, եւ որ ավելորդ անգամ նրանց «կյանքը դժվարացնելը» կարող է ճակատագրական լինել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի ժամկետը երկարաձգվել էր մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը: Ապա այդ ժամկետը ամռանը կրկին երկարաձգվել էր:

Իսկ երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետի պաշտոնին, նա նույնպես հանձնարարեց տեսչական ստուգումները կասեցնել մինչեւ տարեվերջ:
ՀՀ բնապահպանության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ բնապահպանության եւ տեսչական մարմինը «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգումներ իրականացնելը ներառել է 2018 թվականի ստուգումների տարեկան ծրագրում:

Բայց սա դեռ ամենը չէ: Նշենք, որ տեսչական ստուգումներ կասեցնելու որոշումը կառավարությունը կայացրել է 2015 թվականին: Բայց «Թեղուտ» ընկերության դեպքում ՄԻՊ-ը արձանագրել է, որ ստուգումներ չեն իրականացվել նաեւ 2013, 2014 թվականներին: Ի դեպ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը 2014 թվականի իր տարեկան զեկույցում եւս անդրադարձել էր այս հարցի թերացմանը: Մասնավորապես նա հայտարարել էր, որ բնապահպանության նախարարությունը երկու տարի` 2013, 2014 թվականներին չի կատարել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, չի ուսումնասիրել քաղաքացիների, կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բողոքներն ու դիմումները եւ դրանց ընթացք չի տվել: Նշենք, որ 2013 թվականին բնապահպանության նախարարի պաշտոնին Արամ Հարությունյանն էր` Բուլկի Արամը, 2014-ին` Արամայիս Գրիգորյանը՝ Ավշարի Արամայիսը: Ստացվում է, որ երկու նախարարներն էլ աչք են փակել այս ամենի վրա` թերանալով իրենց պարտականություններն իրականացնելիս: Եւ սա զարմանալի չէ, քանի որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը` Վալերի Մեջլումյանը, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

Սյունէ Համբարձումյան