Կալանքի տակ գտնվող դատավորից գումարներ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կաշաք ստանալու համար մեղադրյալի աթոռին հայտնված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի շուրջ դատական պրոցեսները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատավորի դեմ գումարի պահանջով նոր հայցեր են ներկայացվել դատարան:

Ինչպես հյատնի է` Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին` ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության` ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն` Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանին: Վերջինս, ըստ մեղադրանքի, կաշառքի միջնորդություն է կատարել:

Նշենք, որ այս գործով դատաքննությունը արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է, եւ օրերս Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը գործով դատաքննությունն ավարտեց, եւ կաշառքի մեջ մեղադրվող դատավորի գործը թեւակոխել է դատական վիճաբանությունների փուլ: Ու մինչ դատարանը նոր փուլ է թեւակոխում, Իշխան Բարսեղյանի դեմ նոր հայցեր են ներկայացվում դատարան:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Վահան Եղիազարյանը հայց է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ դատավոր Իշխան Բարսեղյանից պահանջում է 12 միլիոն 450 հազար դրամ: Այս գործով քննությունը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս շարունակվում է:

2016 թվականին Ռաֆիկ Գեւորգյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Իշխան Բարսեղյանից պահանջում է մեկ միլիոն 220 հազար դրամ: Ի դեպ, այս գործը նախագահող դատավոր Սերոբ Մանուկյանը կայացրել է վճիռ, որով Իշխան Բարսեղյանը պետք է Ռաֆիկ Գեւորգյանին վճարի մեկ միլիոն երկու հարյուր քսան հազար դրամ` որպես փոխառությամբ ստացած գումար:

2017 թվականի մայիսի 15-ին բանկերից մեկը դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Իշխան Բարսեղյանից պահանջում էր 625 հազար 932 դրամ: Այս գործը քննել է կրկին դատավոր Սերոբ Մանուկյանը եւ բավարարել է բանկի հայցը, որ Իշխան Բարսեղյանից, հօգուտ բանկի, բռնագանձվի 625 հազար 932 դրամ:
2017 թվականի նոյեմբերի 11-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է կրկին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանից պահանջում է գանձել 8 միլիոն 218 հազար 991.30 դրամ: Այդ գործը քննել է դատավոր Սերոբ Մանուկյանը, 2018 թվականի մարտի 6-ին կայացրել է վճիռ, բանկի հայցը բավարել է մասնակի եւ որոշել է Իշխան Բարսեղյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 8 միլիոն 218 հազար 991,30 դրամ:

Սակայն նկատենք, որ բանկերից բացի` նախկին դատավորի դեմ դատարան հայցեր են ներկայացրել եւ գումար են պահանջում հասարակ քաղաքացիները: Տեղեկացանք, որ 2018 թվականի մարտի 30-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ նախկին դատավորի հայց է ներկայացրել Չուբար Մանուկյանը եւ պահանջում է, որ դատարանը Իշխան Բարսեղյանից գանձի 33 հազար ԱՄՆ դոլար: Այս գործը մակագրվել է դատավոր Ավագ Գաբիրելյանին:
Ապրիլի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Սուսաննա Ղազարյանը եւ պահանջում է, որ դատարանը Իշխան Բարսեղյանից գանձի 2000 ԱՄՆ դոլար: Այդ գործը քննելու է դատավոր Էդուարդ Ամալյանը:

Դատելով իրավիճակից` նախկինում դատավորի հետ ֆինանսական հարցեր ունեցող անձինք դատարանի միջոցով են ցանկանում հետ բերել իրենց գումարները: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար դիմեց Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանին: «Գիտեմ, որ ֆինանսական խնդիրներ կային, որքանով գիտեմ` վճարվել է, բայց ես քաղաքացիական հայցերով չեմ զբաղվում եւ ձեռնպահ կմնան այդ հարցերին պատասխանելուց»,- ասաց նա:

Քնար Մանուկյան




Լրահոս