ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այո՛, նախագահը պետության գլուխն է համարվում, սակայն Սերժ Սարգսյանն է առաջին դեմքը լինելու. Գագիկ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

-Պարո՛ն Մելիքյան, նախօրեին Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե որպես առաջին դեմք ՀՀԿ-ականները տեսնում են Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ Կարապետյանն օգտագործեց հենց առաջին դեմք եզրույթը:

-Կարեն Կարապետյանն ընդամենը ներկայացրեց իր կարծիքը: Եվ ես կարծում եմ, որ դա իրականությունն է: Առաջին դեմքն այո՛, Սերժ Սարգսյանն է` քաղաքական բնագավառում, քաղաքականության մեջ եւ Հանրապետական կուսակցության նախագահը լինելով հանդերձ` նա իրոք առաջին դեմքն է:

-Այդ դեպքում Արմեն Սարգսյա՞նը: Չէ՞ որ ըստ Սահմանադրության` նա պետության գլուխն է համարվում:

-Այո՛, խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում նախագահը պետության գլուխն է համարվում: Սակայն Սերժ Սարգսյանն է առաջին դեմքը լինելու: Իսկ ի՞նչ կա այդտեղ զարմանալի, ո՞վ պետք է լիներ առաջին դեմք: Քաղաքականության մեջ դա լինում է տվյալ կուսակցության ղեկավարը, ում կուսակցությունը նախորդ քաղաքական գործընթացների ընթացքում ստացել է ամենաբարձր քվեն եւ ձեւավորել իշխանություն:

-Իսկ ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց նրա` առաջին դեմք լինելու մասին:

-Դա կարծում եմ, որ միայն ողջունել կարելի է: Միմիայն ողջունել կարելի է, եւ շատ լավ է, որ կուսակցության առաջին փոխնախագահը խոսում է հենց այդ մասին:

-Սա նշանակում է, որ հենց ինքը գիտակցո՞ւմ է, որ այս նոր Սահմանադրության պայմաններում ի վիճակի չէ վարչապետ լինել:

-Սա խոսում է այն մասին, որ այս կուսակցությունում ամեն ինչ դրված է քաղաքական ամենաբարձր հիմքերի վրա: Եվ ոչ մի տարաձայնություններ, ինչպես ներկայացնում էին նախկինում տարբեր քաղաքական ուժերի կողմից, մեզ մոտ գոյություն չունի:

-Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը: ԱՎԾ տվյալները փաստում են նրա ղեկավարած գերատեսչության արձանագրած հաջողությունների մասին:

-Ես հետեւյալը կասեմ. պետք չէ կառավարությունը ներկայացնել որպես Կարեն Կարապետյանի կամ մեկ ուրիշի կառավարություն: Սա իշխանական քաղաքական ուժի կողմից ձեւավորված կառավարություն է, որի կատարած դրական եւ բացասական ամբողջ գործընթացի համար պատասխանատու է տվյալ քաղաքական ուժը:

-Բայց նախորդ վարչապետների օրոք այսպիսի ցուցանիշներ չկային: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանի ֆակտորն առաջնայի՞ն չէ:

-Բոլորի գործոնն առկա է, եւ բոլորին պետք է յուրովի գնահատական տրվի: Առկա է տվյալ քաղաքական ուժի կողմից իրականացված դրական աշխատանքը, որը տնտեսության մեջ վստահվել է տվյալ դեպքում իրականացնելու Կարեն Կարապետյանին: Նրա գնահատականը շատ բարձր է, ի՞նչ է, գնահատականը միայն պաշտոն առաջարկելո՞վ է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս