Բոտուլիզմի դեպք Շիրակի մարզում. ընտանիքի երեք անդամ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնը ապրիլի 9-ին հաղորդում է ստացել Շիրակի մարզի Բենիամին համայնքում արձանագրված սննդային թունավորման դեպքի՝ բոտուլիզմով երեք հիվանդների վերաբերյալ:
Առողջապահական տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի (իմամ բայալդի) օգտագործումը:

Պահածոն օգտագործել են ընտանիքի երեք անդամներով՝ ուտելուց 48 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, կոպի իջեցում, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդներից մեկը հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնում, իսկ երկուսը՝ Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցում: Հիվանդներին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել: Նշենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հավելենք նաև, որ հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (մշուշոտ տեսողություն, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բոտուլիզմից զերծ մնալու նպատակով հորդորում է.

Խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներիցև առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի: