Բացահայտումներ. «շանտղության» դրսևորումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության պետն իր ողջ աշխատակազմով անգործության է մատնված, դա վաղուց հայտնի փաստ է: Դրա մասին են խոսում նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է ծառայության` 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի գործունեությունը: Այսպես` ՎՊ-ն ուսումնասիրել է ՍԱՊԾ-ի կողմից իրականացված ստուգումների 10 փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերել է խախտումներ:

Օրինակ` տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման ընթացքում կատարվել է արտադրատեսակներից նմուշառում եւ ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Ըստ փորձարկման արձանագրության` «Կոլոլակ» արտադրատեսակը չի համապատասխանել պահանջներին, եւ որոշվել է արտադրական գործունեությունը կասեցնել եւ խախտումները վերացնել: Սակայն ՎՊ-ն պարզել է, որ ստուգաթերթը լրացված է եղել մատիտով, արդյունքում՝ հնարավոր է փոխել հարցերի պատասխանները: Իսկ ահա պահեստում առկա եւ հետ կանչված վտանգավոր 17.1 կգ արտադրանքը տեսուչի կողմից ոչնչացվել է միանձնյա: Այսինքն` հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չի ստորագրել ոչնչացման ակտում, միգուցե եւ ներկա չի գտնվել այդ իրադարձությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մսամթերքի ներմուծմամբ եւ պահածոների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողի մոտ իրականացված դիտարկման արդյունքում պահածոների մեջ օգտագործվող տավարի գլխամսից արվել է նմուշառում եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության` «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ: Արձանագրությամբ հաստատվել է, որ նմուշում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

ՍԱՊԾ-ի կողմից արձակվել է կարգադրագիր` փորձարկված նմուշի ամբողջ խմբաքանակը` 25 տոննա տավարի սառեցված գլխամիսը, ոչնչացնելու կամ օգտահանման ենթարկելու մասին: Բայց նույն օրը ընկերության տնօրենը նամակով դիմել է ՍԱՊԾ պետին եւ խնդրել թույլ տալ վերը նշված մսի խմբաքանակը օգտագործել պահածոների արտադրության մեջ, քանի որ այն անցնելու է ջերմային մշակում: Արդյունքում աղիքային ցուպիկի խմբի մանրէներով ախտահարված 25 տ մսամթերքը չի ոչնչացվել:

ՍԱՊԾ աշխատակիցների թույլ տված խախտման մեկ այլ օրինակ. անցած տարվա ընթացքում ուկրաինական «Պտիցեկոմպլեքս Գուբին» ընկերությունից տնտեսվարողի կողմից ներմուծվել է 15 տոննա սառեցված հավ, ՍԱՊԾ կողմից նմուշառվել է եւ ուղարկվել փորձաքննության «Ստանդարտ Դիալոգ» ընկերություն: Արդյունքում հայտնաբերվել են սալմոնելաներ, այսինքն` այս դեպքում սննդամթերքը համարվել է վտանգավոր օգտագործման համար, եւ ՍԱՊԾ որոշումով պետք է խմբաքանակը ոչնչացվեր կամ արտահանվեր ՀՀ-ից: Բայց նույն օրը սառեցված հավի այդ խմբաքանակի համար ՍԱՊԾ-ն տրամադրել է անվտանգության սերտիֆիկատ` փաստացի հաշվի չառնելով մթերքի մասին լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը:

Բացի այս` ՍԱՊԾ-ն ներմուծման հավաստագրերը տվել է ավելի շուտ, քան ստացվել են տվյալ բեռի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Օրինակ` սննդամթերք ներմուծող ընկերությունը Բրազիլիայից անցած տարվա փետրվարի 9-ին ներկրել է թռչնամիս: Ծառայության աշխատակիցների կողմից նմուշառում է իրականացվել եւ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, սակայն արդեն փետրվարի 13-ին առանց լաբորատոր փորձաքննության արդյունքների տրամադրվել է բեռի անվտանգության սերտիֆիկատ: Իսկ լաբորատոր փորձաքննության արդյունքները տրամադրվել են միայն 11 օր անց` փետրվարի 24-ին: Ավելին` նշված կառույցի աշխատակիցները չեն իրականացնում վերլուծություններ եւ գործողություններ` առավել ռիսկային երկրներից եւ արտադրողներից ՀՀ ներմուծվող սննդամթերքի մուտքը կանխարգելելու եւ անվտանգությունն ապահովելու համար: Եղել են դեպքեր, երբ սահմանային տեսուչը տնտեսվարողի ներմուծումը կասեցրել է սեփական նախաձեռնությամբ, անգամ ներմուծվող բեռի ոչ ռիսկային համարվելու պարագայում:

Նմանատիպ խախտումներից բացի, պարզվում է` այս կառույցը զբաղվել է նաեւ պետական միջոցները մսխելով, վատնելով: Այսպես` ծառայության կողմից 27 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր: Նրանք ներգրավվել են որպես փորձագետներ, սակայն նրանց քաղաքացիական ծառայության թափուր աշխատատեղերի համար նախատեսված վարձատրության հաշվին վճարվել է 20 մլն դրամ աշխատավարձ: Պարզվել է նաեւ, որ 2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը ծառայությունում աշխատող փորձագետներից 24-ին տրվել է 9 մլն 863 հազար դրամի չափով պարգեւավճար: Մինչդեռ փորձագետը ծառայության աշխատակից չէ, հետեւաբար չէր կարող խրախուսվել ծառայության աշխատողների նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին: Ափսոս ՎՊ-ն չի բացահայտել, թե ովքեր են այդ երջանիկ փորձագետները եւ ի՞նչ խնամիածանոթ-բարեկամական առնչություն ունեն ՍԱՊԾ պետի կամ իշխանության մյուս ներկայացուցիչների հետ: Սա կարող են անել իրավապահները, երբ քննարկեն ՎՊ հաշվետվությունը:

Իսկ ահա անասնաբուժության ոլորտը լրիվ բարձիթողի վիճակում է, բնականաբար շնորհիվ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի անգործության: Բանն այն է, որ անասնաբուժության ոլորտում պետական պատվերի շրջանակներում իրականացվող պատվաստումների նկատմամբ վերահսկողությունը զուտ փաստաթղթային է: Պարզվել է, որ պատվաստանյութի ազդեցության ստուգման շճաբանական հետազոտություններ չեն իրականացվում:

ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննության ենթարկված մի շարք ապրանքների վերաբերյալ արձանագրություննեը կազմվել են փորձաքննության ավարտից ավելի շուտ, որը փաստում է, որ փորձաքննությունները իրականացվել են կա՛մ նորմատիվ փաստաթղթերի խախտումներով, կա՛մ ընդհանրապես չեն իրականացվել:

Ավելին` 2016-2017 թվականների ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը իրականացրել է փորձաքննություններ, որոնք հաշվապահական ձեւակերպումներ չեն ստացել, ինչի արդյունքում թաքցվել են ՊՈԱԿ-ի եկամուտները եւ ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերը: Այս կազմակերպությունը մինչեւ 2016 թվականի հունիսի 16-ը խախտելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ին ավտոմեքենաներ է տրամադրել անհատույց օգտագործման պայմանագրերի հիման վրա:

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն անորակ, անգամ վտանգավոր սննդամթերքից` անկախ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի` իրականությունից կտրված հայտարարություններից ու ներկայացրած վիճակագրությունից: Նշենք, որ ՎՊ բացահայտումների ժամանակահատվածը ընդգրկել է ՍԱՊԾ նախկին պետ Արմեն Հայրապետյանի եւ ներկայիս պետ Իշխան Կարապետյանի պաշտոնավարման տարիները:

Նախկինը ազատորեն պտտվում է ՀՀ տարածքում, իսկ ներկայիս պետը շարունակում է պաշտոնավարել: Մինչդեռ երկուսն էլ պետք է այսքանից հետո գտնվեին ոչ թե հարմարավետ աշխատասենյակներում` վայելելով իրենց միլիոնները, այլ առնվազն զոլավոր հագուստներով հայտնվեին ուղղիչ աշխատանքային գաղութում: Բայց ինչպես հայաստանյան փորձն է ցույց տվել` նրանք ջրից չոր են դուրս գալու: Չէ՞ որ երկուսն էլ վայելում են իշխանության վերին օղակների հովանավորչությունը. ՍԱՊԾ ներկա պետը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ազգականն է, նրա կադրը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս