Ես նախընտրեցի կարիերան, իսկ նա չէր կարող անվերջ սպասել ինձ, ուզում էր ամուսնանալ. Թինա Քեյը բացահայտում է

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների անձնական կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների: Նրանք կատարում են խոստովանություններ, նշում են, թե ինչի համար են ափսոսում, ինչը կցանկանային վերադարձնել անձնականում եւ այլն:

Այս անգամ մեր զրուցակիցը ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյն է: Նրա համոզմամբ՝ ինչպես առաջին սերը, այնպես էլ ցանկացած այլ սեր դադարում է գոյություն ունենալ այն ժամանակից սկսած, երբ սիրահարները բաժանվում են. «Իհարկե, սկզբում հետքերը տաք են լինում, բայց հետո ժամանակն ամեն ինչ անց է կացնում»,-ասաց նա:

Թինան պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է 20 տարեկանում. «Դա այն տարիքն է, երբ սիրահարված մարդը կարող է գնալ ծայրահեղ քայլերի»,-շեշտեց պարուհին:

Նրա ընտրյալն իր ոլորտից չի եղել: Առհասարակ, Թինային իր բնագավառից տղամարդիկ երբեք չեն հետաքրքրել. «Պատճառն այն է, որ ես անգիր գիտեմ այդ մարդկանց ապրելակերպը: Ինչ վերաբերում է իմ առաջին սիրուն, ասեմ, որ նրա հետ ունեցել եմ կարճատեւ հարաբերություններ: Սովորաբար առաջին հարաբերությունները չեն էլ երկարում: Քիչ է պատահում, որ, ասենք, դպրոցական սիրուդ հետ ամուսնանաս եւ հասնես մինչեւ խոր ծերություն: Իսկ, առհասարակ, եթե տվյալ մարդը քո ճակատագիրը չէ, հարաբերություններն էլ երկար տեւել չեն կարող, հատկապես, որ կյանքը քեզ համար լրիվ ուրիշ բան է պատրաստել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ինչու իրենց հարաբերությունները երկար չտեւեցին, պարուհին պատասխանեց. «Մեր ճակատագիրն այդպես դասավորվեց: Բացի այդ՝ ես արդեն պլանավորել էի կարիերա անել: Այդ տղան ուզում էր, որ մենք ամուսնանայինք, իսկ ես նախընտրեցի կարիերա անել, ու նա չէր կարող անվերջ սպասել ինձ: Եթե սպասեր, շատ երկար կսպասեր: Երեւի թե մեր սերն էլ բավականաչափ հզոր չէր: Եթե ես 20-ում ամուսնանայի, կլինեի Քրիստինե Գրիգորյանը, ոչ թե Թինա Քեյը: Իսկ Աստված ինձ համար պահել էր բարձունքներ, 30-ում՝ ամուսնություն, ապա՝ երկու զավակի ծնունդ»:

Թինան հավելեց, որ իր առաջին սիրուն հետագայում հանդիպելու ոչ մի առիթ չի ունեցել, ուղիները նրանց տարբեր տեղեր են տարել:

Աննա Բաբաջանյան