Ուզեցի ջրից չոր դուրս գալ. ինչո՞ւ Վարդան Բադալյանը հրաժարվեց փոփ երգերից

Տեւական ժամանակ է՝ երգիչ Վարդան Բադալյանը փոփ երգեր չի ներկայացնում իր հանդիսատեսին, փոխարենը կենտրոնացել է ազգային, ժողովրդական երգերի կատարումների վրա: «Ժողովուրդ» օրաթերթին Վարդանը տեղեկացրեց, որ ապրիլի 20-ին կկայանա «Շերամ անսամբլի» (ինքը խմբի մեներգիչն է-հեղ.) մեկամյակը եւ այն կնշանավորվի համերգով. «Կլինեն նաեւ հատուկ հյուրեր՝ Սոնա Ռուբենյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո)»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու այլեւս փոփ երգեր չի երգում, Վարդանը պատասխանեց. «Եթե այն երաժշտությունը, որն այսօր գերակշռում է մեր շոու-բիզնեսում, փոփ է, ավելի լավ է՝ ես դա չերգեմ: Ինձ դուր է գալիս այն, ինչով հիմա զբաղվում եմ: Ամեն մարդ պետք է անի այն, ինչ իր մոտ լավ է ստացվում»:

Մենք հարցրինք՝ Վարդանը հասկացավ, որ շոու-բիզնեսը գնում է դեպի ռաբիսացո՞ւմ. «Այո, երեւի ես ուզեցի ջրից չոր դուրս գալ (ծիծաղում է): Բայց ասեմ, որ ժողովրդական երգեր միշտ էլ երգել եմ, այնպես չէ, որ նոր սկսեցի կատարել: Եվ հետո՝ տարբեր հաղորդումների ժամանակ կատարում եմ էստրադային երգեր, ուղղակի այդ ժանրի երգերի հիման վրա տեսահոլովակներ չեմ նկարահանում, կարծում եմ՝ դա կարեւոր էլ չէ»:

Իսկ հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանում ժողովրդական երգեր կատարելով՝ գումար աշխատել. «Որ ասեմ շատ՝ սուտ կլինի: «Շերամ» խումբն, օրինակ, աշխատում է էնտուզիազմի հաշվին: Ու թեեւ ութ հոգանոց խմբի համար Հայաստանում դժվար է գոյատեւելը, միեւնույն է, ամեն մեկն էլ սիրում է իր գործը: Ասեմ, որ մենք պարբերաբար ունենում ենք համերգներ: Օրինակ՝ ապրիլի 25-ին համերգով մեկնում ենք Միացյալ Նահանգներ, ավելի ուշ՝ Մեծ Բրիտանիա, ապա՝ Լիբանան: Մեր երաժշտությունը մեծ մասամբ պահանջված է սփյուռքում»,-մեկնաբանեց Վարդանը:

Ի դեպ, «Շերամը» համերգներով արդեն եղել է Իրանում եւ Լիբանանում, մասնակցել է տարբեր ֆոլկ-փառատոների. «Շատ փառատոներից ենք հրավերներ ստանում, սակայն ոչ բոլորն ենք ընդունում, քանի որ միշտ չէ, որ մեր ֆինանսական պահանջները բավարարվում են»,-եզրափակեց երգիչը:

Անի Անտոնյան

Լուսանկարը` Bravo.am-ի