Ֆինանսական խնդիրներն Արման Սահակյանին ստիպել են դիմել ծայրահեղ քայլի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա վաճառել է Աջափնյակ վարչական տարածքում գտնվող «Դոլչե» ՍՊԸ-ն, ընդ որում, այն վաճառել է ԱԺ վերջին ընտրություններում թիվ 2-րդ ընտրատարածքում իր մրցակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: Նշենք, որ ԱԺ վերջին ընտրություններում Արման Սահակյանը ստացել էր 18.5 հազար ձայն, Արտակ Սարգսյանը` 12 հազար քվե: Բայց հետո Արման Սահակյանը հրաժարվեց իր մանդատից` նախընտրելով աշխատանքը գործադիրում: Մեկ փաստ էլ. ենթադրվում է, որ նրա ֆինանսական խնդիրները հենց ընտրությունների պատճառով են ստեղծվել:

Եվ այսպես` դեռեւս 2017 թվականի մարտին ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելուց հետո ներկայացրել էր իր դրամական միջոցները: Մասնավորապես վերջինս գրել էր, որ ունի երկու բնակարան Երեւանում, մեկ խանութ, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ հողամաս եւ 2011 թվականի արտադրության «Toyota Camry 2.5 Gas» մակնիշի ավտոմեքենա: Արման Սահակյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել էին 200 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել էր իր աշխատավարձը, որը տարեկան կազմել էր 7 մլն 653 հազար դրամ: Բացի այս՝նա 50 մլն դրամի շահաբաժին ստացել էր «Արդինիստուդիա» ընկերությունից, 9 մլն դրամ՝«Սա-Դա տրանս»-ից: Նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, «Արմինաշող» ընկերությունից՝7.2 մլն դրամ, իսկ «Ալֆաֆարմ» ընկերությանը իր տարածքը վարձակալությամբ տալով` 1.8 մլն դրամ:

Սակայն նկատենք, որ մեկ տարի անց վերջինիս գործունեության շուրջ հետընթաց է նկատվում: Բանն այն է, որ Աջափնյակ վարչական շրջանում «Դոլչե» ՍՊԸ-ն զբաղվում էր ծննդյան տոնակատարություններ կազմակերպելու գործունեւթյամբ: Ավելին` ուշագրավն այն է, որ «Դոլչե» զվարճանքի կենտրոնի գործունեությունը բավականին ակտիվ կերպով գովազդվում էր երթուղային տաքսիներում: Մասնավորապես գովազդի ակտիվ գործունեությամբ էր զբաղված 57 համարի երթուղայինը, որը, ըստ Աջափնյակում տարածված լուրերի, պատկանում է Սահակյաններին:

Ինչեւէ: Ուսումնասիրելով Արման Սահակյանի դրամական միջոցները` նկատել էինք, որ նա «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար է ստացել, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այսօր նա որոշել է վաճառել իրեն պատկանող ընկերությունը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին, եւ վերջինս էլ հիմնահատակ քանդելով տարածքը` որոշել է այնտեղ «ՍԱՍ» սուպերմարկետ կառուցել: Ի դեպ, այս օրերին կառուցման գործընթացը բավականին ակտիվ կերպով է ընթանում:

«Ժողովուրդ» օրաթերթը Արման Սահակյանից փորձեց անձամբ հետաքրքրվել, թե ֆինանսական խնդիրներ ունի՞, որ իրեն պատկանող տարածքը վաճառել է Արտակ Սարգսյանին: Ավելին` դեռեւս այս տարվա մարտի 28-ին վերջինս լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե տնտեսությունը օլիգարխիայի ձեռքում է, ասել է, որ այդ կարծիքին չէ` միեւնույն ժամանակ նշելով, որ ամբողջ աշխարհում է այդպես ընդունված. հարուստներն են տնտեսությունը զարգացնում եւ աշխատատեղեր ստեղծում: Չի բացառվում` վերջինս հասկանալով, որ իրեն պատկանող տարածքը վարձակալության հանձնելով` չի կարող տնտեսություն զարգացնել, որոշել է այն վաճառել ՍԱՍ-ի Արտակին:

-Պարո՛ն Սահակյան, ֆինանսական խնդիրներ ունե՞ք:

-Շտապում եմ, շատ-շատ շտապում եմ:

-Տեղեկություններ կան, որ Դուք ֆինանսական խնդիրների մեջ եք:

-Ո՛չ, ո՛չ:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք վաճառել Աջափնյակ վարչական շրջանում Ձեզ պատկանող «Դոլչե» ՍՊԸ զվարճանքների կենտրոնը ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին, ու նա այնտեղ սուպերմարկետ է կառուցում: Դուք դեռեւս 2017 թվականին Ձեր դրամական միջոցներում նշել էինք, որ տարվա մեջ «Դոլչե» ընկերությունից 5.4 մլն դրամի չափով վարձակալության դիմաց գումար եք ստացել, այսինքն` ամսական Ձեզ վարձակալության վճար են տվել մոտ 450 հազար դրամ, որից հիմա զրկվեցիք: Ինչպե՞ս կբացատրեք:

-Իսկ ո՞վ է ասել, որ ես տվել եմ, որ սարքեն:

-Հիմա կոնկրետ ընկերության շենքը ամբողջությամբ քանդել են, որը Ձեզ էր պատկանում, եւ Արտակ Սարգսյանը սուպերմարկետ է սարքում, այդպես չէ՞, ի՞նչ խնդիրներ ունեիք, որ վաճառեցիք այն ու ինչքանո՞վ վաճառեցիք:

-Ես ոչ մի խնդիր չունեմ:

-Այդ դեպքում ինչո՞ւ որոշեցիք վաճառել:

-Վաճառքի խնդիր էլ չկա:

-Հիմա կոկրետ ուզում ենք հասկանալ` Ձեզ պատկանող ընկերությունը չե՞ք վաճառել:

-Խնդրում եմ` թույլ տվեք գնամ:

Ըստ էության Արման Սահակյանը չհերքեց, որ ընկերությունը վաճառել է, սակայն զարմանալի է, որ այդպես էլ չխոստովանեց, թե ֆինանսական խնդիրներն են ստիպել նրան գնալ այդ քայլին, թե՞ Արտակ Սարգսյանն է տարածքի վրա աչք ունեցել եւ կարողացել է բանակցությունների արդյունքում այն ձեռք բերել:

Քնար Մանուկյան