«Պանտերա Սեքյուրիթիի» վագոն-տնակի հրկիզման գործը հանգուցալուծվեց. ով ինչ պատժի արժանացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը մեղմ գտնվեց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ Շամախյան տեղամասի «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցի միջադեպի մեղավորների նկատմամբ: Հիշեցնենք` Դիլիջանի բնակիչներ Մհեր Ալիխանյանը, Ժորա Մնացականյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գուրգեն Մնացականյանը, Արամ Ղուկասյանը 2017թ. հոկտեմբերի 13-ին «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ի ուղեփակոցում իրենց դժգոհություն են արտահայտել դրա տեղադրման առթիվ, ապա Ա. Ղուկասյանը քաշել է տեղում պահնորդական ծառայություն իրականացնող Ռուբեն Օհանյանի օձիքից` պահանջելով հեռանալ: Ռ. Օհանյանը վիճաբանությունից խուսափելու համար դուրս է եկել վագոն-տնակից, իսկ Գ. Մնացականյանը եւ Վ. Հակոբյանը վագոն-տնակի հետնամասից տեղափոխել եւ մուտքի դռնից ներս են գցել այրվող եռաշերտ ֆաներան` հրկիզելով «Պանտերա Սեքյուրիթիի» վագոն-տնակը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 258 հոդվածով: Մ. Ալիխանյանի խափանման միջոցը ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը, մնացածներինը` գրավը:

Կայացել է արագացված դատաքննություն: Դատարանը պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել Ա. Ղուկասյանի խնամքին 2 անչափահաս երեխայի առկայությունը, որ նա նախկինում արատավորված չի եղել, Վ. Հակոբյանի անչափահաս երեխայի եւ կենսաթոշակառու պապի առկայությունը, ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի կողմից բանակ-հասարակություն կապերի ամրապնդման համար նրան տրված պատվոգիրը: 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դատարանին միջնորդել է հնարավորության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել:

Դատարանը մեղմացնող հանգամանքներ է դիտել Գ. Մնացականյանի անչափահաս 2 երեխայի, չաշխատող կնոջ առկայությունը, որ նա նախկինում արատավորված չի եղել, Մ. Ալիխանյանի անչափահաս 3 երեխայի, թոշակառու տատի, չաշխատող մոր եւ կնոջ առկայությունը, որ նա նախկինում արատավորված չի եղել եւ այլն: Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները կամովին հատուցել են «Պանտերա Սեքյուրիթի» ՍՊԸ-ին պատճառված նյութական վնասը:

Ապրիլի 5-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ա. Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 500 հազար դրամի չափով տուգանքի` հաշվի առնելով մինչեւ դատական քննությունը կալանքի տակ գտնվելու 59 օր ժամկետը` նրան դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի, Վ. Հակոբյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 4 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու 2 ամիս եւ 11 օր ժամկետը` նրան թողնելու կրելու ազատազրկում 1 ամիս եւ 19 օր ժամկետով, Գ. Մնացականյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 4 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու 1 ամիս եւ 28 օր ժամկետը` նրան թողնելու կրելու ազատազրկում 2 ամիս եւ 2 օր ժամկետով, Մ. Ալիխանյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 400 հազար դրամի չափով տուգանքի, հաշվի առնելով մինչեւ դատական քննությունը կալանքի տակ գտնվելու 3 օր ժամկետը` նրան դատապարտել 390 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս