ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարին: Անցած ժամանակը, թերեւս, բավարար էր` կատարվածից դասեր քաղելու եւ հետեւություններ անելու համար: Ապրիլյան պատերազմը, ըստ էության, բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները, որոնք, ի դեպ, հետեւանք էին այդ ոլորտում տարիներ շարունակ կոռուպցիայի: Պատահական չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե անորակ դիզվառելիքի պատճառով «ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում»: Պարզվում է` շատ դեպքերում զինվորներն անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չեն ունեցել եւ վերջին պահին կռվել են բահերով: Սերժ Սարգսյանն էլ ասել էր, թե քառօրյա մարտերում կռվել ենք 80-ականների զենքերով: Եւ սա այն դեպքում, երբ իշխանությունները մինչեւ ապրիլյան պատերազմը հասարակությանը հակառակն են համոզել` տարիներ շարունակ ստելով:
Կատարվածից երկու տարի անց կարգի է բերվել միայն սահմանի առաջնագիծը. այն համալրվեց նոր սարքավորումներով, բնականաբար, ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի ֆինանսական ահռելի ներդրումների շնորհիվ: Հայաստանը ՌԴ-ից վերցրած վարկային միջոցներով նոր սպառազինություններ ձեռք բերեց: Իսկ ահա պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել այս իրավիճակի համար, որեւէ քրեական պատասխանատվության չենթարկվեցին, այլ նրանց ընդամենը պաշտոնանկ արեցին: Ապրիլյան պատերազմը նաեւ իր քաղաքական դասերը «տվեց»` ապացուցելով ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:

 

 

 

ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա եւ չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»: «Բովանդակային օրակարգ չի ձեւավորվել. ի՞նչ են պահանջում: Պահանջում են այն, ինչը սահմանադրական նորմ է: Սահմանադրական նորմը ձեւավորվել է Սահմանադրության ընդունմամբ եւ ԱԺ ընտրություններով: Ձեւավորվել է խորհրդարանական մեծամասնություն, եւ դա նրանց սահմանադրական իրավունքն է` ում առաջադրել որպես հանրապետության առաջին դեմք` վարչապետ տվյալ դեպքում,- ասել է նա՝ հավելելով,- ես չեմ տեսնում` այդ պայքարի մեջ ո՞րն է մեխանիզմը. ի՞նչ են հասկանում` ասելով խոչընդոտել վարչապետությանը»: Մարգարյանը նաեւ նշել է, թե դրա փոխարեն պետք է ԱԺ-ում ձեւավորել նոր մեծամասնություն եւ առաջադրել նախագահի թեկնածու:

 

 

 

Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»: Ինչպես հայտնի է` օրերս ձերբակալվել էին Շիրակի մարզի Իսահակյան եւ Մեղրաշատ գյուղերի նախկին գյուղապետերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել են նաեւ Լոռու մարզի Ձյունաշող եւ Միխայլովկա գյուղերի գյուղապետերը՝ կրկին նույն մեղադրանքով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ձերբակալությունների այս շարքը շարունակվելու է. իրավապահները ստուգումներ են անցկացնում նաեւ մյուս մարզերի մի շարք համայնքներում, ըստ այդմ, միգուցե ականատես լինենք նաեւ այլ նախկին գյուղապետերի ձերբակալության: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ իրավապահներն «աշխատում են» նախկին գյուղապետերի հետ՝ պայման դնելով կա՛մ վերադարձնել հափշտակված գումարները, եւ այդ դեպքում ամեն ինչ կավարտվի պայմանական ազատազրկումներով, կա՛մ հակառակ դեպքում գյուղապետերը ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել կալանավայրերում:

 

 

 

Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը՝ 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի: Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ոչ մի քայլ չի անում` երթուղին ապօրինի ուղեւորափոխադրողներից ազատելու համար: «Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթեւեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետեւողական եւ դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետեւանքով»,- ասել է Հակոբյանը` պնդելով, որ իրենք նախարարություն դիմել են բազմիցս, ներկայացրել փաստեր, բայց ապարդյուն:

 

 

 

ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարն իսկապես անհասկանալի է: Անհասկանալի է, քանի որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում իշխող ՀՀԿ-ն թեկուզ 10 հազարական դրամների շնորհիվ, բայց կարողացավ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմել, եւ հիմա Սահմանադրության համաձայն` այս կուսակցությանն է վերապահված վարչապետ առաջադրելու իրավունքը: Հիմա ո՞ւմ կառաջադրի ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում` Սերժ Սարգսյանին, Գալուստ Սահակյանին, Հերմինե Նաղդալյանին, թե Առաքել Մովսիսյանին, բացառապես իրենց գործն է: Բավական է միայն փաստը` վարչապետացուն համապատասխանի Սահմանադրությամբ սահմանված չափանիշներին:
Այնպես որ, համաձայնեք` Սերժ Սարգսյան անձի դեմ պայքարը քաղաքական կեղծ օրակարգի ժանրից է: Եւ հետո` եթե ՀՀԿ-ն որոշի Սերժ Սարգսյանի փոխարեն ՀՀ վարչապետ առաջադրել Գալուստ Սահակյանին կամ Հերմինե Նաղդալյանին, արդյո՞ք կարելի է համարել, որ ընդդիմությունը հաղթեց` չնայած այն հանգամանքին, որ իշխանության ղեկին, միեւնույն է, մնալու է ՀՀԿ-ն` շարունակելով իշխանավարումն այնպես, ինչպես վերջին մոտ 20 տարում:
Այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Պատասխանը պարզ է` պահանջել ամբողջական իշխանափոխություն: Այսինքն` պետք է հասնել նրան, որ ՀՀԿ-ն զրկվի խորհրդարանում բացարձակ մեծամասնությունից, ըստ այդմ, վարչապետ առաջադրելու իրավունքից: Հակառակ պարագայում մնացած բոլոր քայլերն անիմաստ են:
Կկարողանա որեւէ ընդդիմադիր կուսակցություն նախաձեռնել ու հասնել ամբողջական իշխանափոխության, հրաշալի է: Բայց այսօր հարթակին կանգնած, պայքար նախաձեռնած ուժերին հազիվ թե հաջողվի այդ քայլին գնալ մեկ պարզ պատճառով: Նախ` նրանք 2015թ. հրաժարվեցին պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ` այդպես նպաստելով Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությանը միտված փաստաթղթի ընդունմանը: Հիշում եք` միայն ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն, մասամբ` «Ժառանգությունն» էին պայքարում սահմանադրական փոփոխությունների դեմ: Այնուհետեւ խորհրդարանական ընդդիմությունը, «Ելք» դաշինքը խանդավառված շտապեցին ընդունել 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները` իշխանությանը հռչակելով լեգիտիմ /դիտեք մեկ տարի առաջ նրանց հայտարարությունները/: Ավելին` այդ նույն ընդդիմությունը, նաեւ ոչ խորհրդարանական մի շարք ուժեր, հրաժարվեցին միանալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ՍԴ-ում ընտրությունների արդյունքները բողոքարկելու դիմումին` իրենց հերթին լեգիտիմացնելով իշխանությանը:
Հ.Գ. Մինչ այդ նկատենք, որ Հայաստանում իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է, իսկ այլընտրանքը երկրի հետեւողական կործանումն է:




Լրահոս