ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՆԵՔ, ԲՈՒՐԳԸ ԿՓԼՈՒԶՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «14+4» ձեւաչափով պայքարը: Ազդարարվեց կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը: Այդ օրն ազդարարվեց Գյումրուց Երեւան 14-օրյա քայլարշավի մեկնարկը: Նախատեսվում է, որ 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով՝ լինելով Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան, Աբովյան քաղաքներում, իսկ արդեն ապրիլի 13-ին կլինեն Երեւանի Ազատության հրապարակում, որտեղ էլ կմեկնարկի հանրահավաքը: Երեկ ՔՊ ներկայացուցիչներն արդեն Լոռու մարզի Սպիտակ քաղաքում էին:

Պայքարի ընթացքի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ:
-Պարո՛ն Միրզոյան, այս օրերի պայքարի ընթացքից ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ արդյունքներ կան:
-Գիտե՛ք, նախ երեկ երեկոյան տասնյակ քաղաքացիներ էին եկել հարակից գյուղերից, Երեւանից: Եկել էին ճամբար հյուր, օրվա ընթացքում բազմաթիվ մարդիկ քայլերթին միացան՝ ե՛ւ քաղաքացիական ակտիվիստներ, ե՛ւ ուղղակի մարդիկ, ում ոգեշնչել է քայլերթը: Այսինքն` միայն դրական արձագանքներ ենք ստանում, աջակցության խոսքեր ենք ստանում, եւ շատ դրական են արձագանքները:
-Այսինքն` արդյունավետ համարո՞ւմ եք պայքարի այս մեթոդը:
-Այո՛, մեծ աղմուկը կարող են փաստել նույնիսկ մեր մոտեցումները չկիսողները կամ հակառակ դիրքերում գտնվողները: Նրանք ստիպված են փաստել, որ քայլերթն իր նպատակին մեծ հաշվով հասնում է իրազեկման առումով, եւ ես հավատացած եմ, որ կհասնենք մեր նպատակին նաեւ մարդկանց խրախուսելու առումով:
-Հայտնի է, որ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումն է: Այսինքն` ամեն դեպքում անձերի՞ դեմ եք պայքարում:
-Տեսե՛ք, մենք այսպես ենք ձեւակերպում, որ մեր առաքելությունը քաղաքացու հաղթանակն է, մեր նպատակը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը կանխելն է, որը կբերի ամբողջական իշխանափոխության: Այ, այդ ճանապարհին ունենք լուծվելիք խնդիրներ՝ ոգեշնչել մարդկանց, կոտրել հուսալքությունը, խրախուսել մասնակցությունը եւ այդպես շարունակ:
-Ամեն դեպքում անձի խնդիր եք դնում Ձեր առջեւ:
-Անձի խնդիր, իհարկե, առկա է: Չի կարող չլիներ, որովհետեւ այդ համակարգը հենված է այդ անձի վրա եւ անձի շուրջ: Դուք հանեք Սերժ Սարգսյանին այդ համակարգից եւ պատկերացրեք, որ իրենց ամբողջ բուրգը փլուզվում է: Չկա այլ առանցք, որի շուրջ ՀՀԿ-ի սատելիտները կարող են համախմբվել եւ գործել այն խաղի կանոններով, որով գործում է:
-Եթե, օրինակ, լինի Կարեն Կարապետյանը, Գալուստ Սահակյանը կամ Առաքել Մովսիսյանը, դա Ձեզ կբավարարի՞:
-Չի բավարարի: Նայե՛ք, մենք վստահ ենք՝ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի, այդ բուրգը եւ այդ կետին հասած քաղաքացիները շարունակելու են պայքարը, եւ արագորեն այդ բուրգը, համակարգը քանդվելու է, եւ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից: Մենք ուզում ենք ասել, որ պետք չէ ջայլամ լինել եւ չնկատել, որ այդ համակարգը մարմնավորված է այդ անձի մեջ: Այնպես չէ, որ մենք ասում ենք` անձը փոխվի, բայց այդ համակարգը, խաղի կանոնները, հարաբերությունները մնան, եւ մենք կարող ենք դա բավարար համարել: Իհարկե՛, ո՛չ:
-Ձեր ընդդիմախոսները մատնանշում են, թե պետք է դեռ ՔՊ-ն պայքարեր սահմանադրական փոփոխությունների դեմ, եւ հիմա այսպիսի պայքարն անիմաստ է, քանի որ, ի վերջո, ՀՀԿ-ն Սահմանադրություն չի խախտում:
-Մենք էլ ասում ենք, որ ժողովուրդն իրավունք ունի ամեն վայրկյան կամարտահայտության դիմել, դա էլ է սահմանադրական իրավունք: Որեւէ հարցի շուրջ քաղաքացիները կարող են զանգվածաբար կամարտահայտությունն անել եւ փոխել իրավիճակն ու իշխանություններին: Սահմանադրական փոփոխություններով այդ հարցը չի լուծվում:
-Իսկ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցություններից արձագանքներ ստացե՞լ եք:
-Մենք չենք հասցնում հետեւել լուրերին, որովհետեւ քայլում ենք, եւ տեխնիկապես այդքան հարմար չէ: Որքանով գիտեմ` որեւէ փոփոխություն չի եղել նրանց դիրքորոշման մեջ:
-Իսկ «Ելք» խմբակցությունն առաջադրելո՞ւ է վարչապետի թեկնածու: Մինչ Ձեր պայքարը, նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանը կարող է լինել դաշինքի վարչապետի թեկնածուն:
-Այս պահին քննարկումներ չկան, բայց դա չի նշանակում, որ առաջիկա օրերին դրանք չեն լինի: Դա պետք է բխի այս շարժման ընդհանուր տրամաբանությունից: Մենք կոնկրետ նույնիսկ այս շարժումը սկսելուց կամ հայտարարելուց առաջ նույնիսկ կոնկրետ թեկնածուներ չենք քննարկել:

 

 

 

ԴԱՍԵՐ ՊԵՏՔ Է ՔԱՂԵԻՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱՋ

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին: Ի՞նչ դասեր քաղեցին իշխանություններն ապրիլյան պատերազմից հետո, եւ ի՞նչ ունենք այսօր: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

-Պարո՛ն Պետրոսյան, ըստ Ձեզ` իշխանություններն այս պատերազմից հետո դասեր քաղե՞լ են:
-Մենք ապրիլյան պատերազմից առաջ պետք է դասեր քաղած լինեինք: Ապրիլյան պատերազմը մեզ համար վերջնականապես մի խնդիր դրեց, որպեսզի ուշադիր լինենք: Իշխանություններին սա ավելի շատ պետք է ուղերձ լիներ, որպեսզի դեմքով կարողանային թեքվել դեպի ժողովուրդը, իսկ մենք ժողովրդով այդ քննությունը լավ անցանք, միասնական կարողացանք արձագանքել:
-Իսկ հիմա իշխանությունը դեմքով շրջվե՞լ է դեպի ժողովուրդը, թե՞ ոչ:
-Դա չեմ կարող ասել: Հիմա նախարարն ասում է, թե պայքարում է ներքին կոռուպցիայի դեմ: Եթե արդյունքներ լինեին, կտեսնեինք: Ամեն դեպքում քննությունը մարտական գործողությունների ընթացքում կզգացվի: Բանակի քննությունը միշտ նման գործողություններով է փորձարկվում: Տա Աստված, որ իսկապես իշխանությունները հետեւություն արած կլինեն, թե չէ ժողովուրդը հետեւություններ անելու խնդիր չունի, ինքը միշտ պատրաստ է: Դրա ապացույցն էլ հենց ապրիլյան պատերազմն էր, մենք քննությունը նորմալ հանձնեցինք:
-Իսկ Ըստ Ձեզ` ո՞րն էր գլխավոր բացթողումը, որ ունեցանք այդ օրերին:
-Երեւի շատ էինք հանգստացել, ժամանակ շատ էր անցել: Շատերին թվում էր, թե արդեն վերջնականապես ավարտել ենք: Ես եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել սպարապետի խոսքը, ասում էր՝ «Եկեք, չհոգնենք, կռիվը մինչեւ վերջ տանենք»: Շատ շատերին թվում էր, թե կռիվն արդեն ավարտվել է, միշտ էլ այդ ժամանակավոր զինադադարը վերջնական խաղաղություն չէ: Մենք պետք է հասնենք վերջնական հաղթանակի եւ այդ ժամանակ էլ կունենանք հաջողություն: Իսկ հիմա ամեն ինչ ժամանակավոր է, մանավանդ, որ քաղաքականությունն է որոշում մարտական գործողությունները: Ավելի շատ քաղաքականությունն է մտել այս դաշտ, իսկ բանակն անկախ ամեն ինչից` պետք է հեռու լինի քաղաքականությունից, իսկ մեզ մոտ այդպես չէ:
-Նշեցիք՝ պետք է հասնել վերջնական հաղթանակի: Ինչպե՞ս եք դա տեսնում:
-Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի: Մենք պետք է հզոր տնտեսություն ունենանք, որը բանակին կմատակարարի ժամանակակից զենքեր, որպեսզի մենք բոլոր մարտահրավերներին պատրաստ լինենք: Եթե մենք պատրաստ լինենք պատերազմի, երբեք պատերազմ չենք էլ ունենա: Եթե լինենք վախկոտ, վախվորած, ասենք՝ վայ, թուրքը կհարձակվի, դա լավ չէ, չպետք է այդպիսին լինել: Պետք է կարողանանք հաղթածի հոգեբանությունը պահենք եւ բանակն էլ մարտունակ վիճակում: Դա կլինի մշտական խաղաղության գրավականը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Օրինագիծը, ըստ որի` հունվարի 3-ը, 4-ը եւ 5-ն այլեւս համարվելու են աշխատանքային օրեր, ներառվել է ԱԺ հանձնաժողովի նիստում եւ կքննարկվի ապրիլի 10-ին մեկնարկող լիագումար նիստում: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությամբ դեռ նախորդ տարվա վերջին հանդես էր եկել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունիսի 1-ից: Եւ 2019 թվականին հունվարի 3-5-ը կլինեն աշխատանքային օրեր, իսկ ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը: Նկատենք, որ հաջորդ տարի Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետ. կառավարության ղեկավարի պաշտոնում նրա վերջին օրերն են, բայց, փաստորեն, հասցրեց նման «վատություն» անել:

 

 

ՓԱԿՎԵ՞Լ Է
2014 թվականի հունվարին Ազգային ժողովում մեծ շուքով բացված հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը, պարզվում է, փակվել է: Տեւական ժամանակ է՝ ԱԺ երկրորդ հարկում տեղակայված այդ սենյակի դռներն ամուր փակված են, ակումբը գործունեություն չի ծավալում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, ակումբի ղեկավար Արգինե Թումանյանը նշեց, թե աշխատասենյակն են փոխում, եւ հիմա վերանորոգման աշխատանքներ են տարվում: Միաժամանակ նա վստահեցրեց, որ ակումբը շարունակելու է գործունեությունը, թեեւ նա խոստովանեց. «Նիստ եղել է 2 տարի առաջ»: Նշենք, որ այս ակումբը տեղակայված է խորհրդարանի ամենակենտրոնական հատվածում, մի հսկա աշխատասենյակում՝ գրադարանի կողքին, բայց, փաստորեն, անիմաստ, քանի որ որեւէ լուրջ գործունեություն այն չի ծավալում եւ ավելի շատ ռուսներին սիրաշահելու խնդիր է լուծում:

 

 

ԳՆԱՑ ՀՔԾ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է իրեն ներկայացնել աղմկահարույց քրեական գործի նյութերը, ինչի արդյունքում էլ կայացվել է այդ որոշումը: Հիշեցնենք` Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը, դիմելով ոստիկանություն, հայտնել էր, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թիմակիցներին հարձակվել իր վրա եւ առեւանգել: Մխիթարյանը մեր թերթի հետ զրույցում նաեւ պատմել էր, որ պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է, որը որպես պարտք իրենից պահանջում է Համլետ Ներսիսյանը: Այս միջադեպից հետո Ռաֆայել Մխիթարյանը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի` ինքնիրավչության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:




Լրահոս