ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀՆՈՒԹՅԱՆ ՀՈՏ ՉՊԵՏՔ Է ԱՌՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հ. Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն է, ով մեծապես հայտնի դարձավ «Ոչինչ չի մնա» ֆիլմում իր կերտած կերպարով: Վերջերս Դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ նրա մասնակցությամբ «Տրամվայ «Ցանկություն»» ներկայացման պրեմիերան: Ավելի ուշ էլ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ երեք աղջիկների մայրը կլորացած փորով էր: Սկսվեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ Նարինեն կրկին երեխայի է սպասում: Վերջինս մեզ հետ զրույցում տվել է երկրպագուների հուզող բոլոր հարցերի պատասխանները:

-Նարինե՛, Դուք իսկապես չորրորդ երեխայի՞ն եք սպասում:
-Ո՛չ (ծիծաղում է): Այդ հարցը վերջին շրջանում ինձ էլի են տվել: Ուղղակի ներկայացումներից մեկի շրջանակում երկրորդ գործողության ընթացքում մարմնավորում եմ հղի կնոջ: Այդ գործողությանը պատրաստվելիս էլ ինձ լուսանկարեցին, եւ առաջ եկավ այդ թյուրըմբռնումը:
-Վերջին շրջանում կարծես Ձեր զբաղվածությունը բեմում ավելի մեծ է, քան էկրաններին, այդպե՞ս է:
-Այո՛, պարբերաբար ստանում եմ նաեւ սերիալներում նկարահանվելու առաջարկներ, բայց մերժում եմ: Նկարահանվելու ցանկություն ունեմ, բայց պետք է որակյալ նախագիծ լինի, որ հասկանամ՝ ինչու պետք է երեխաներիս թողնեմ ու ամբողջ օրս նվիրեմ աշխատանքիս: Ինձ մոտ, այսպես ասած, հեղափոխական շրջան է: Եթե չկա որակ, չի բավարարվում նաեւ գումարային առումով իմ հետաքրքրությունը, էլ ինչո՞ւ պետք է զբաղվեմ տվյալ գործով, ավելի լավ է ստեղծագործական քաղցս հագեցնեմ թատրոնի միջոցով, որտեղ նաեւ մասնագիտական աճ կապահովեմ, քան հետ գնամ՝ ոչ մի օգուտ չքաղելով: Առաջին երեխայիս ծնունդից հետո, օրինակ, ինչ-որ կերպ արտահայտվելու ցանկությունս շատ մեծ էր, բայց արդեն երրորդ երեխայիս ծնունդից հետո իրավիճակն այլ է, շատ հարցերի ավելի հանգիստ եմ նայում: Ի դեպ, փոքրիկ դուստրս արդեն այն տարիքին է, որ կարող եմ հարկ եղած դեպքում ավելի հանգիստ զբաղվել իմ գործով:
-Դուք Ձեր ստեղծագործական կյանքում ի՞նչ բացթողումներ եք ունեցել, որոնց համար ափսոսում եք:
-Միշտ էլ կա ավելին անելու հնարավորություն եւ ցանկություն: Յուրաքանչյուր լավ դերասան այն կարծիքին է, որ իր լավագույն դերերը դեռ առջեւում են: Եթե կա մի դերասան, որը կարծում է, թե ինքն ամեն ինչ խաղացել է, ուրեմն իր կյանքում ինչ-որ բան այն չէ:
-Թատրոնում նոր ներկայացում բեմադրվո՞ւմ է:
-Այո՛, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն է բեմադրում: Այն թերեւս աշնանը կներկայացվի հանդիսատեսին: Իսկ մինչ այդ՝ ամռան սկզբից, թատրոնում տեխնիկական վերազինում է սպասվում, այնպես որ, կարող է որոշակի դադար լինել:
-Կա՞ն ռեժիսորներ, կլինի թատրոնում, թե կինոյում, որոնց հետ Ձեզ համար առանձնահատուկ հետաքրքիր է աշխատել:
-Այո՛, օրինակ՝ Ջիվան Ավետիսյանը: Շատ սիրում եւ գնահատում եմ նրա աշխատանքը: Իհարկե, էլի կան ռեժիսորներ, որոնցով հիանում եմ: Իսկ եթե խոսքն, օրինակ, թատրոնի ռեժիսորներին է վերաբերում, կարող եմ վստահ ասել, որ կան երիտասարդ ուժեր, որոնք պատրաստ են շատ բան անել, միայն թե իրենց այդ հնարավորությունը տրվի: Այնինչ` շատ վառ երեւակայությամբ ռեժիսորների ասում են՝ գիտեք ինչ՝ մեր բեմի հնարավորությունները թույլ չեն տալիս այսինչը, այնինչը, եւ բեմադրիչների թեւերն արդեն կոտրվում են:
-Եվ վերջում՝ Հայաստանում թատրոնների քաղաքականության մեջ ի՞նչը կփոխեիք:
-Ես կուզեմ, որ թատրոն ավելի շատ գումար մտնի, որ թատրոնների տեխնիկական հնարավորությունները շքեղ լինեն, որպեսզի այսօրվա կլիպային մտածողությամբ հանդիսատեսին հնարավոր լինի գրավել լուսային, ձայնային, վիզուալ էֆեկտներով, ռեկվիզիտով, հագուստներով, եւ, իհարկե, ներկայացման որակով: Այլ ոչ թե՝ հանդիսատեսը գա թատրոն ու ասի. «Էս ինչ հին հոտ էր գալիս այս ամենից»: Ռուսաստանում ինչո՞ւ է թատերասեր հասարակություն ձեւավորվել, նաեւ այն պատճառով, որ նրանց ներկայացվում է շքեղ ու գունեղ բեմ: Ուզում եմ, որ Հայաստանում էլ հնարավոր լինի դա ստանալ՝ չմոռանալով, իհարկե, բովանդակության կարեւորության մասին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՎԱԽԵՆՈՒՄ ԷԻ ԱՅԴ ԴԵՐԸ ԽԱՂԱԼ»

Վերջերս «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց Մհեր Մկրտչյան թատրոնի դերասանուհի Քնարիկ Զաքարյանը՝ «Վատ տղաներ» ներկայացման մեջ իր խաղացած միսիս Փոթերի կերպարով։

«14 տարի է՝ խաղում եմ Մհեր Մկրտչյան թատրոնում, ընդ որում՝ միշտ խաղում եմ գլխավոր դերեր։ Բայց այն կնոջ խարակտերը, որն ինձ առաջարկվեց, չէի ուզում խաղալ, խիստ կասկածում էի, որ կկարողանամ մարմնավորել տարիքով կնոջ տեսակը։ Այնուամենայնիվ, շատ կարեւոր է, որ դերասանը կարողանա կոտրել սեփական վախերն ու առաջ գնալ։ Ի դեպ, ժյուրիի անդամների համար անակնկալ էր ինձ այդ դերում տեսնելը, ճիշտն ասած՝ ինձ համար էլ էր անակնկալ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծիծաղելով ասաց Քնարիկը։
Նա տեղեկացրեց, որ մտածում է նաեւ մոնո-ներկայացմամբ հանդես գալու մասին։ Կա ներկայացում, որտեղ Քնարիկը հանդես է գալիս Սամվել Թափալյանի հետ, եւ նրանք խաղում են երկուսով։ Խոսքը «Հրեշը լուսնի վրա» գործի մասին է։ Հիմա արդեն դերասանուհին ձգտում է հանդես գալ միայնակ. «Միայնակ կարողանալ դահլիճ պահել, դահլիճին հետաքրքրել, դա էլ շատ բարդ բան է, կցանկանամ այդ փորձությունն էլ հաղթահարել։ Դեռ չեմ բարձրաձայնի՝ ինչ պիեսի մասին է խոսքը, բայց կասեմ, որ պատրաստվում եմ աշխատել ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ։ Նպատակ ունեմ ներկայացումը հետագայում ցուցադրել միջազգային փառատոներում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի, Քնարիկը պատասխանեց, որ կիսատ է մնացել երջանկահիշատակ Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» ֆիլմը, որտեղ նկարահանվում էր նաեւ ինքը։ Թե ինչ ճակատագիր կունենա «Լակոտը», Քնարիկը նշեց. «Չեմ կարող ասել, բայց այն շատ լավ ֆիլմ էր, շատ եմ ափսոսում, որ անավարտ մնաց»։
Քնարիկի խոսքով՝ ինքը սերիալներում նկարահանվելու մի շարք առաջարկներ է ստացել, բայց ոչ բոլորն են իր սրտով եղել, եւ դերասանուհին հրաժարվել է. «Համաձայն եմ, որ սերիալը մեծ ճանաչում է բերում դերասանին, բայց ամեն ինչի հետ համաձայնել՝ հանուն այն բանի, որ մի քիչ շատ երեւաս, ես չեմ ուզում»,-շեշտեց նա։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿ Է ՍՏԱՑԵԼ
Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Մխիթարյանն ասել է. «Շատ ուրախ եմ հաղթանակի եւ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալու համար: Շնորհակալ եմ բոլորիդ»։ Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթել է 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին:

 

 

 

ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն պատմել է, թե ինչպես իր թիմը կցանկանար ապահովել չեմպիոնությունը. «Հիանալի կլիներ, եթե առաջնության հաղթող դառնայինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Այդ հաղթանակը կարեւոր կլիներ թե՛ մեր, թե՛ երկրպագուների համար: Բոլորը գիտեն երկու ակումբների մրցակցության մասին, եւ հաղթանակը պատմական արդյունք կլինի: «Որքան շուտ դառնանք չեմպիոն, այնքան լավ: Առաջիկայում դժվարին խաղեր են սպասվում: Նախ` «Լիվերպուլը», հետո` «Մանչեսթեր Յունայթեդը», այնուհետեւ կրկին «Լիվերպուլը» եւ «Տոտենհեմը»: Դժվար է լինելու»,- ասել է Դե Բրույնեն։

 

 

ՄՏԱԴԻՐ Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Մանկունիացիների գլխավոր նպատակներն են «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին եւ «Յուվենտուսի» ձախ եզրային պաշտպան Ալեքս Սանդրոն: Ֆրանսիացու պայմանագրում, որը չի կարողանում համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, 52.8 մլն ֆունտ հրաժարագին է սահմանված (60 մլն եվրո):
Ումտիտին կատալոնական ակումբի ղեկավարությունից աշխատավարձի բարձրացում է պահանջում մինչեւ 8 մլն ֆունտ (9 մլն եվրո), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: Ալեքս Սանդրոն դիտարկում է անգլիական ակումբ տեղափոխության տարբերակը եւ կապ է պաշտպանում «Յուվենտուսի» ղեկավարության հետ: Ակնկալվում է, որ բրազիլացուն թույլ կտան հեռանալ Թուրինից ավելի քան 50 մլն ֆունտի դիմաց (57 մլն եվրո):




Լրահոս