ՖՈՏՈ. Իշխանությունների պահվածքը հիշեցրեց հայտնի անեկդոտը

Իշխանությունների երեկվա պահվածքը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Վարդանիկին հայրը խնդրում է երեկոյան հյուրերի մոտ «խելոք մնալ», նույնիսկ դրա դիմաց գումար է տալիս: Վարդանիկը պայմանավորվածության համաձայն` հյուրերի մոտ իրեն կարգին է պահում, մինչեւ այն պահը, երբ ճանճն անընդհատ իր ափսեի վրա է նստում: Չդիմանալով ճանճի «հարձակումներին»` հյուրերի ներկայությամբ հորն է նետում տված փողն ու ասում. «Առ էդ քո հազար դրամը, բայց էս ճանճին ես պիտի սատկացնեմ»:

Երեկ ճիշտ նույնկերպ պահեցին իշխանությունները. սկզբում իրավիճակը չսրելու, նաեւ՝ եվրոպացիների աչքին ժողովրդավար, հանդուրժող երեւալու /իհարկե, որոշակի դրամական ակնկալինքներով/ համար նրանք հանդուրժում էին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը հանրահավաքներ անեն, անգամ մայրաքաղաքի փողոցները փակեն՝ կաթվածահար անելով ողջ կենտրոնը: Վերջին մի քանի օրերին հանրահավաքի վայրում անգամ ոստիկաններ չկային: Բայց երեկ ինչ-որ պահից նրանք նորից իրենց տարերքի մեջ էին. հարձակվեցին դեպի ԱԺ գնացող ցուցարարների վրա, կիրառեցին ձայնային նռնակներ` վիրավորելով իրենց իսկ ծառայակիցներին:

 

Եւ այսպես` ինչպես հայտնի է՝ «Իմ քայլը» նախաձեռնությունը մեկնարկել էր մարտի 31-ից, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախաձեռնության անդամները Գյումրիից որոշեցին ոտքով հասնել Երեւան, ապա մայրաքաղաքում պայքար սկսեն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Այդպես էլ եղավ, եւ քայլերթի ընթացքում Երեւանում տարբեր նախաձեռնություններ ստեղծվեցին, այդ թվում՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, եւ այս օրերի հանրահավաքները ընթանում են արդեն երկու ուժերի հետ համատեղ:

Մի քանի օրվա հանրահավաքից հետո Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ակտիվ գործողություններ սկսել՝ 36 ժամ անընդմեջ: Եվ երեկ` վաղ առավոտից, կաթվածահար արվեց Երեւանի մեծ թվով կենտրոնական փողոցների երթեւեկությունը, կաթվածահար արվեց Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ օրվա սկզբում ոստիկանությունն առանձնապես չէր խոչընդոտում ցուցարարների գործողություններին: Ամեն ինչ նորմալ էր ընթանում, մինչ այն պահը, երբ վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ եւ մի քանի ելույթներ ունենալով` Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին շարժվել Ազգային ժողովի շենքի ուղղությամբ: Եւ ՔՊ անդամ չորս պատգամավորների գլխավորությամբ բազմությունը շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա:

Հասնելով ոստիկանների պատնեշին` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավորները կարող են անարգել անցնել եւ գնալ խորհրդարանի շենք: Սակայն Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այսքան մարդ ցանկանում է իր մոտ ընդունելության գնալ, եւ բոլորին պետք է թողնեն: Սակայն Օսիպյանը փորձում էր ամեն կերպ Փաշինյանին համոզել առաջ չգնալ եւ լարվածություն չստեղծել: Փաշինյանը, ի վերջո, բարձրացավ թիմակիցների «ուսերին», փորձեց անցնել փշալարերի վրայով, որից հետո արդեն բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ոստիկանները սկսեցին հատուկ միջոցներ կիրառել: Դրա հետեւանքով քառասունից ավելի վիրավորներ եղան, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, մի քանի ոստիկաններ:

Ընդ որում, Փաշինյանը լրիվ արյունլվա վիճակում էր. տարբեր վնասվածքներ էր ստացել: Բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո Փաշինյանը բուժզննում ստացավ, սակայն որոշեց կրկին վերադառնալ Բաղրամյան պողոտա: Նրա վերադառնալու հետ մեկտեղ Բաղրամյան պողոտա եկան նաեւ «Ելք» խմբակցության անդամներ Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը, որոնք, հիշեցնենք, ժամանակին միայնակ էին թողել իրենց դաշինքի անդամ գործընկերոջը` չկիսելով նրա պայքարի մեթոդները: Դեռ ավելին` հիշում եք` Մարուքյանը մի հոդված հրապարակեց` իշխանություններից ոչ պակաս բառապաշարով քննադատելով իրենց խմբակցության ղեկավար Փաշինյանին: Մարուքյանը երեկ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, այլ միայն Փաշինյանի կողքին իրենց ներկայությունը մեկնաբանել է. «Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի, այստեղ ենք լինելու եւ հիմա այստեղ ենք: Սա նշանակում է՝ մենք այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի»: Բայց Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներից հետո, սակայն, այդ երկու գործիչները շատ արագ հեռացան. նրանց այլեւս չտեսանք ո՛չ նրա կողքին, ո՛չ էլ Ֆրանսիայի հրապարակում:

Բաղրամյանում տեղի ունեցած գործողություններից հետո նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկին վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանրահավաք անցկացրին եւ ներկայացրին այսօրվա անելիքները: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանի թիմը նախատեսում է երեկվա պես կաթվածահար անել քաղաքի երթեւեկությունը՝ ավելի մեծ թափով: «Թե որքան կշարունակվեն գործողությունները, անկախ դրանից` վաղը` դարձյալ 8:15-ից կմեկնարկեն բոլոր նույն գործողությունները, ու պետք է փակվեն ավելի շատ փողոցներ, կշարունակվի մետրոպոլիտենի հաջողված գործողությունը… ինձ համար փակ դուռ չկա, անկախ վերքերից ու արյունահոսությունից, ես անցա փշալարերը, ինձ կանգնեցնել հնարավոր չէ, պետք լինի` էլի կանցնեմ», – հայտարարեց նա` շարունակելով. «Վաղը` /նկատի ունի այսօր,-Ն.Հ./ ժամը 12-ին, ԱԺ նիստ է նախատեսվում, ի՞նչ ենք անելու. մենք վաղը «Փակիր փողոցը» ակցիան պետք է անենք ավելի լայն մասշտաբներով ու փակենք դեպի ԱԺ բերող բոլոր մուտքերը»:

Հիշեցնենք, որ այսօր՝ 12:00-ին, ԱԺ հատուկ նիստում խորհրդարանը վարչապետ է ընտրելու: Մինչ երեկ դեռ հստակ չէր, թե որտեղ է տեղի ունենալու հատուկ նիստը՝ ԱԺ-ում, թե, այնուամենայնիվ, իշխանությունները որոշում կկայացնեն այն ուրիշ վայր տեղափոխելու մասին: Երեկվա դրությամբ իշխանական պատգամավորները, այդ թվում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պնդում էին, թե ԱԺ նիստը, որում Սերժ Սարգսյանին ընտրելու են վարչապետ, տեղի է ունենալու հենց խորհրդարանի շենքում, եւ որ իրենք վախենալու բան չունեն /չնայած, հիշում եք` շաբաթ օրը ՀՀԿ-ն փախավ Ծաղկաձոր եւ այնտեղ որոշում կայացրեց Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու մասին: Իսկ փախան, որովհետեւ ցուցարարները հայտարարել էին ՀՀԿ շենքը շրջափակելու մասին/: Հենց այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի գլխավոր նպատակներից մեկը կրկին շարունակում է մնալ խորհրդարանի մուտքերը փակելը, որպեսզի պատգամավորները հնարավորություն չունենան ներս մտնելու: Ուշագրավն այն է, որ երեկ` հանրահավաքի ժամանակ, տեղեկություն ստացվեց, թե ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն խորհրդարանում են եւ գիշերելու են այնտեղ: Նիկոլ Փաշինյանը խոստացավ ստուգել այդ տեղեկությունը, սակայն այն վերջնականապես այդպես էլ չհաստատվեց:

Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին ուղեւորվեց Բաղրամյան պողոտա, որից հետո ոստիկաններին հակագազային դիմակներ կրելու հրաման տրվեց, որը մի քանի րոպե անց կասեցվեց: Ոստիկանական պատնեշի հետեւում նաեւ ջրցան մեքենա էր նկատվում: Ավելին` երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ հանրահավաքի ժամանակ խախտվել է հասարակական կարգը, հետեւաբար իրենք պահանջում են այն դադարեցնել եւ սպառնացել են ողջամիտ ժամկետում հանրահավաքները չդադարեցնելու դեպքում ուժի դիմել, հատուկ միջոցներ կիրառել: Սովորության համաձայն` նաեւ քրեական գործ է հարուցվել. ՀՀ գլխավոր դատախազությունն այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել: Ասել է, թե իշխանությունները գործի են դրել ուժային մամլիչ մեքենան՝ իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Իսկապես, կարելի է խղճալ այս իշխանություններին:

Հ.Գ. Զարմանալի զուգադիպությամբ` ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը այս օրերին լուծում են երրորդ ժամկետում իրենց պաշտոնավարման հարցը: Երեկ այս հանգամանքի վրա ցուցարարների ուշադրությունն է հրավիրել նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Նաիրա Հովհաննիսյան