Նիկոլ Փաշինյանի քայլերը շշմելու գրագետ են. Արմեն Մովսիսյան

Արդեն մի քանի օր է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջնորդում է ցույց՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ամերիկաբնակ երգահան Արմեն Մովսիսյանի հետ:
Մենք նախ հետաքրքրվեցինք՝ Միացյալ Նահանգների հայ հասարակության այն հատվածը, որի հետ առնչվում է մեր զրուցակիցը, որքանո՞վ է տեղյակ մեր երկրի ներքաղաքական իրավիճակից եւ ինչպես է արձագանքում դրան. «Սրտացավ տեսակ կա, որին շատ հուզում են հայրենիքի դեպքերը: Իսկ ընդհանուր առմամբ, ցավոք, ինֆորմացիայի պակասն իր բացասական ազդեցությունը թողնում է մեծամասնության վրա»,-ասաց երգահանը:
Հարցին, թե սփյուռքն ինչ դեր կարող է ունենալ տվյալ իրավիճակում, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Սփյուռքի անելիքն այս պահին միայն բարոյական աջակցությունն է: Չեմ կարծում, որ նա կարող է ունենալ գործնական որեւէ լծակ՝ այս պահի դեպքերի վրա ազդելու համար»:

Հարցրինք նաեւ, թե ըստ երգահանի՝ այս շարժումը որ դեպքում կարող է հաջողություններ գրանցել. «Հաջող արդյունք կարող ենք ունենալ միասնական լինելու դեպքում եւ այն մտայնությամբ, որ տիրող ռեժիմը չարիք է»,-տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի կիրառած քաղաքական տեխնոլոգիաները բավական գրագետ են. «Նրա քայլերը շշմելու գրագետ են: Ամենազարգացած եվրոպական երկրները կնախանձեին, իսկ ահա մեր ոստիկանության գործողությունները սովորականի պես անհամաչափ են»,-շեշտեց երգահանը:
«Մտավորականությանը կոչ ունե՞ք անելու»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան` Արմեն Մովսիսյանը եզրափակեց. «Մտավորականությանը՝ ոչ, քաղաքացուն՝ այո: Միասին մենք ուժ ենք»:

Աննա Բաբաջանյան