ՖՈՏՈ. Ինչ է կատարվում Գյումրիում. ցուցարարների թիվը գնալով ավելանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից Գյումրու Թատերական հրապարակում ցույցը մեկնարկել է: Ցուցարարներին միացել են նախորդ օրը Երեւանում կայացած հանրահավաքի գյումրեցի մասնակիցները: Նրանք որոշել են կրկին փակել երթեւեկելի ճանապարհները, սակայն ոստիկանները խոչընդոտել են, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ երկու անձ բերման է ենթարկվել, այնուհետեւ հստակեցվեց՝ բերման ենթարկվածը մեկ անձ է` Արման Գեւորգյանը, որը նախօրեին Երեւանում եւս բերման ենթարկված է եղել: Ցուցարարները շաժվել են դեպի Շիրակի մարզպետարան, սակայն շենքի դիմաց հսկողություն են իրականացրել ոստիկաններն ու կառույցի մուտքն ու ելքն արգելափակել:

Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո ցուցարարները «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով շարժվել են դեպի ուսումնական հաստատություններ: Առաջինը եղել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, որտեղ ցուցարարների մուտքն արգելվել է, այնուհետ պարզվել է, որ բուհ-ում դասերն ավարտված են: Դրանից հետո նրանք շարժվել են դեպի Ակադեմիական վարժարան: Ցուցարարների մուտքն այստեղ էլ արգելվել է: Մոտ մեկ ժամ մուտքը վարժարանը փակ է եղել: Աշակերտների դուրս գալն էլ խոչընդոտվել է: Նրանք պատուհաններից գրություններ են նետել առ այն, որ իրենք եւս միանում են ակտիվիստներին: Գյումրիում 3 անձ է բերման ենթարկվել, նրանց թվում է ակտիվիստ Կարեն Պետրոսյանը: Ցուցարարներն այժմ հավաքվել են Թատերական հրապարակում: Ժամը 18:00-ից հանրահավաք է անցկացվում: Ցույցի մասնակիցները ոստիկաններին կոչ են արել զերծ մնալ բախումներից ու չխանգարել նրանց օրինական գործունեությանը:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս