Անհասկացողության բարձր պատը. անհրաժեշտ են անհապաղ փոխզիջումներ հասարակության հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եւ այսպես` Սերժ Սարգսյանը երրորդ անգամ զբաղեցրեց երկրի ղեկավարի պաշտոնը, (պարզապես այս անգամ վարչապետի կարգավիճակում, քանի որ նոր Սահմանադրությամբ հենց կառավարության ղեկավարն է համարվում երկրի առաջին դեմքը): Երրորդ անգամ եւս Սերժ Սարգսյանն իր պաշտոնը ստանձնեց փշալարերից այն կողմ՝ շրջապատված ոստիկաններով, ջրցան մեքենաներով, ցուցարարների բողոքի ներքո:

Ու հիմա պետք է փաստենք` 2008թ. կեղծված նախագահական ընտրություններից, մարտի 1-ի սպանդից հետո իշխանության եւ հասարակության մեջ խոյացած անհասկացողության պատն այս տարիներին չի վերացել, չնայած տասը տարի առաջ Սերժ Սարգսյանը խոսում էր այդ պատը քանդելու մասին: Ընդհակառակը անհասկացողության պատն այս ընթացքում ավելի է վեր բարձրացել, ավելի հաստացել ու դեռ երկար, շատ երկար այսպես է շարունակվելու: Շարունակվելու է, որովհետեւ իշխանություններն ընտրել են ժողովրդին արհամարհելու տարբերակը (հավանաբար կարծելով, թե ընտրություններին ընտրակաշառքի միջոցով իրենց օգտին քվեարկել ստիպելուց հետո իրավունք են ստացել նույն այդ մարդկանց հետ վարվել ուզածի պես):

Բայց իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում հետեւանքներն արդեն կարող են անդառնալի լինել հենց պետության համար` խարխլելով վերջինիս հիմքերը: Ի վերջո, այսօր փողոց է դուրս եկել ՀՀ քաղաքացին, հիմնականում՝ երիտասարդությունը: Փողոց է դուրս եկել հասարակության այն հատվածը, որը մեր պետության վաղվա օրն է, պետության շարժիչ ուժը: Մինչդեռ հիմա իշխանությունները, երիտասարդների նկատմամբ բռնություն գործադրելով, ոստիկանություն նրանց բերման ենթարկելով, նրանց պահանջն արհամարհելով, պարզապես քար են նետում նույն վաղվա օրվա, ապագայի հանդեպ:

Չզարմանաք, եթե վաղը այդ նույն երիտասարդը հավաքի իրերն ու հեռանա երկրից, երբ տեսնի իր պայքարն արդյունք չի տալիս, ընդհակառակը, ճնշվում է ուժային մեթոդներով: Վաղը կհեռանա նաեւ նույն այդ ոստիկանը, որ տարիներ շարունակ որպես գործիք ծառայել է ռեժիմի ձեռքին:

Հետո՞: Հետո ավելի վատ է լինելու, շատ ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել, որովհետեւ պարզ է՝ Հայաստանի ամենագլխավոր խնդիրն այսօր ոչ թե սոցիալ-տնտեսական վիճակն է, ոչ թե վատ կառավարումը, այլ նախ եւ առաջ հուսալքությունը, քաղաքացու օտարումը պետությունից, դրա հետեւանքով՝ հասարակության մեջ պետության նկատմամբ պատասխանատվության գիտակցության նվազումը:

«Ի՞նչ անել» հարցի պատասխանը տվյալ դեպքում շատ պարզ է. անհապաղ գնալ փոխզիջումների` երկխոսություն սկսելով հասարակության հետ:




Լրահոս