2008-ին մենք նման էֆեկտ չունեինք․ Արմեն Մարտիրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այս օրերի ներքաղաքական իրադարձությունների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ ընդհանուր տպավորություն ունեք Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասին։

-Նախ ասեմ, որ վաղուց արդեն այսքան գեղեցիկ մարդկանց չէի տեսել Երեւանի փողոցներում, հրաշալի երիտասարդություն է հավաքվել՝ վճռական, ռոմանտիզմով լի։ Սա այն երիտասարդությունն է, որն ազատագրվել է բուհական ուսխորհրդի կապանքներից եւ դուրս եկել փողոց։ Այս երիտասարդների մեջ Սովետ չկա, ինձ այդպես է թվում։ Հանրապետության հրապարակը այսքան լեցուն եղել էր մեկ էլ 1988-ին եւ 2008-ին։ Ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ հավաքվածներն ազատ մարդիկ են, որոնց ավտոբուսներով չեն բերել ցույցի։ Այս երիտասարդները վաղվա համար ապահովում են լիցք։ Ու չնայած ոստիկանների կիրառած բռնությունների արդյունքում մի քանիսը վախեցել են, բայց շատերն էլ կոփվել են՝ դառնալով վաղվա հաղթանակների ավանգարդը։ Սրանից կարելի է ենթադրել, որ մեզ մոտ ձեւավորվում է քաղաքացիական անհնազանդության, բողոքի արտահայտման մշակույթ։ Կարելի է անգամ զավթիչ ոստիկաններին շնորհակալություն հայտնել` նրանց կոփելու համար։

-Բայց վերջերս շարժման մասնակիցները հայտարարեցին, որ երբ ցուցարարները գրկել են ոստիկաններին, նրանցից ոմանց աչքերում նկատել են երջանկության արցունքներ։ Այսինքն՝ ոստիկաների այսպիսի կերպար էլ կա:

-Դա նշանակում է, որ մենք եւ ոստիկանները զավթիչներին նույն կերպ ենք ընկալում։ Համենայն դեպս Սերժ Սարգսյանն ասում է, որ բողոքողների թիվը փոքր է։ Ուստի բոլոր նրանք, ովքեր օնլայն են հետեւում, պետք է գան, գոնե կես ժամով մասնակցեն ցույցին՝ իրենց մարմնով ցույց տալով, որ դժգոհություն ունեն իշխանություններից։ Եթե անգամ արդյունքում իշխանափոխություն չլինի, նրանց ներկայությունը կզսպի իշխանություններին, եւ վերջիններս լկտի պահվածք չեն ցուցաբերի։

-Ձեզ համար էակա՞ն է, թե ով է շարժման լիդերը, թե՞ ըստ Ձեզ` պետք չէ անհատականացնել պայքարը։

-Ես նկատում եմ, որ լիդերներն օրեցօր շատանում են, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանն է միացել պայքարին, ուսանողական շարժումների մասնակիցներն են շատացել։ Սրանից երեւում է, որ շարժումը բազմաբեւեռ է, միայն Նիկոլ Փաշինյանի շուրջ չի պտտվում։ Պետք է նաեւ շեշտեմ, որ այս պարագայում հսկայական շարժիչ ուժ են հանդիսանում լրատվամիջոցները։ Ես նրանց նմանեցնում եմ հանքափորերի վրայի լապտերների, որոնք լույս են սփռում ամենուր։ Բացի այդ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներն են զարգացել, դրանք այսօր շատ բան են փոխում։ Շարժման մոբիլությունն էապես մեծացել է։ Այսօր ցանկացած մեկը կարող է ուղիղ եթեր մտնել։ Իհարկե, այնպես չէ, որ իշխանությունները չեն տիրապետում այդ գործիքներին եւ համապատասխան քարոզչություն չի տանում։

-Բացի երիտասարդներից՝ շարժման նվաճումը ո՞րն եք համարում։

-Շատ նոր մարդիկ են միացել ցուցարարներին, որոնց նախկինում ծեծելով էլ տնից դուրս չէիր հանի։ Իհարկե, նրանց կողքին առկա են նաեւ գաղջ մթնոլորտի «ճարտարապետներ»։ Բայց ես էլի եմ ասում՝ սա ամենակարեւորն է՝ ցանկացած մարդ գոնե կես ժամով պետք է ներկայանա ցույցին եւ ցույց տա, որ ինքը ինչ-որ բանից դժգոհ է։ Կարեւոր չէ, որ նա հենց Սերժ Սարգսյանից դժգոհ լինի, կարող է՝ համակարգից դժգոհ լինել։ Երիտասարդները գնում են, ճանապարհներ են փակում, այսինքն` գործող ուժն են, մյուսներն էլ պետք է իմ ասած ձեւով իրենց մանսակցությունը ցուցաբերեն։ Թե չէ, ընտրություններին այս մարդիկ կա՛մ դուրս չեն գալիս, կա՛մ էլ նրանց թույլ չեն տալիս, որ իրենց ձայնը բարձրացնեն։ Այնպես որ, սա լավ առիթ է։

Աննա Բաբաջանյան




Լրահոս