Եթե նույնիսկ ոմանք լռում են, բոլորը դեմ են այս ղեկավարությանը․ Ելենա Բորիսենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրականացնելու է թավշյա հեղափոխություն՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով: Նրան հասցրել են իրենց աջակցությունը հայտնել մի շարք արվեստագետներ եւ մտավորականներ: Ցույցերին իր ներկայությամբ աչքի է ընկել նաեւ դերասանուհի Ելենա Բորիսենկոն: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր սպասումների մասին, գնահատել է իրավիճակը՝ խոստովանելով, որ ինքը դուրս է եկել փողոց, ոչ թե որովհետեւ վստահում է լիդերներին, այլ որովհետեւ իր պարտքն է համարում իր քայլն անել եւ ցույց տալ, որ դեմ է Հայաստանում տիրող իրավիճակին:

-Ելենա՛, ի՞նչ սպասումներ ունեք Նիկոլ Փաշինյանի առաջնորդած պայքարից: Որքանո՞վ են պայքարի մասնակիցների շեշտադրումները տեղին, նրանք շանս ունե՞ն, արդյոք, իրենց նպատակին հասնելու համար:

-Գիտեք՝ ես ոչ ոքի չեմ հավատում, բայց ոչինչ չանել, հնազանդվել եւ համակերպվել չեմ կարող, սխալ եմ համարում դա: Միեւնույն ժամանակ չեմ կարող ոչ ոքի ասել՝ դու քո դիրքորոշման մեջ սխալ ես, դու՝ ճիշտ: Ամեն մարդ ինքն է որոշում իր ուղին: Միայն մի բան եմ ուզում, որ չկատարվի ամենավատը՝ մենք մեզ օգտագործված չզգանք: Ես միշտ ազատ-անկախ Հայաստանի ցուցարարներից եմ եղել եւ ասեմ, որ իմ ընտրած նախագահը երբեք չի ընտրվել: Այդ է պատճառը, որ վստահությունս կորցրել եմ: Եվ իմ նմանները, պատկերացրեք, շատ են:

-Չեք կարծու՞մ, որ Ձեր ասածի մեջ հակասություն կա: Մի կողմից՝ կորցրել եք վստահությունը, մյուս կողմից՝ դուրս եք եկել փողոց:

-Ես չեմ կարող տանը նստել եւ նայել, թե ինչ է կատարվում: Ես դուրս եմ գալիս նախ՝ որպեսզի տեղյակ լինեմ իրադարձություններից, երկրորդ՝ որ այս պետության ղեկավարներն իմանան, որ ես դեմ եմ իրենց վարած քաղաքականությանը: Ոչ թե ես ինչ-որ մեկի կողմից եմ, այլ դեմ եմ իրենց գործելաոճին: Ի դեպ, ասեմ, որ շատերն են դեմ դրան, բայց դուրս չեն գալիս, որովհետեւ, ինչպես նշեցի, վստահություն չունեն. դա է խնդիրը: Այս պարագայում լիդերի խնդիր չէ դրված, այլ համակարգին դեմ լինելու:

-Պայքարի գործում իրենց մեծ դերն ունեն երիտասարդները: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ուսանողներին ներգրավել պայքարում: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Ես տեսնում եմ երիտասարդություն, որը ոգեւորող է, ինչպես «Էլեկտրիկ Երեւան» շարժման երիտասարդությունը: Բայց այն ժամանակ ես ինձ վերջում օգտագործված զգացի: Եվ չէի ուզի, որ այս դեպքում էլ այդպես լիներ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդկանց մոտ հավատը նվազել է, բայց ես հասկանում եմ, որ առանց հավատ ապրելն անազնիվ է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր նստած են տանը եւ հեռվից ինչ-որ դատողություններ են անում:

-Ես խորհուրդ տալ չեմ սիրում եւ չեմ ուզում: Չեմ մեղադրում նրանց, ովքեր տանն են նստում: Ամեն մարդ ինքն է որոշում ինչ անել:

-Շատերն ասում են, որ երբ շոուբիզնեսցիները, արվեստի մարդիկ միանում են նման ցույցերին, դա փիար քայլ է: Դուք ի՞նչ կպատասխանեք նրանց:

-Դրանք հիմար խոսակցություններ են: Այսօր, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից շատ քիչ շոուբիզնեսցիներ կան, ի տարբերություն «Էլեկտրիկ Երեւանի», որի ժամանակ այդ դեմքերը ավելի ակտիվ էին, քանի որ պայքարը քաղաքական բնույթ չէր կրում, այլ սոցիալական: Այս օրերին ես պայքարողների մեջ տեսա նաեւ իմ գործընկերներից մի քանիսին եւ ուրախացա: Նրանք թեեւ գործադուլ չեն արել, բայց փորձում են միանալ ցուցարարներին, հասկանալ՝ ինչ է կատարվում:

-Ելենա՛, եւ վերջին հարցը՝ անտարբեր զանգվածը որքանո՞վ է վտանգավոր: Դանթե Ալիգիերին ասել է, որ դժոխքում ամենասարսափելի տեղերը նախատեսված են նրանց համար, ովքեր բարոյական ճգնաժամի ժամանակ չեզոք են մնացել:

-Մարդիկ անտարբեր են, որովհետեւ չեն հավատում դրական տեղաշարժին: Բայց ես իմ շրջապատում մեկին չեմ ճանաչում, որ ասի՝ ես գործող համակարգին կողմ եմ: Եթե նույնիսկ նրանք լռում են, բոլորը դեմ են այս ղեկավարությանը, նույնիսկ իշխանությունների մանկլավիկներն են նրանց դեմ: Շատ ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս