Սերժ Սարգսյանը որոշել էր ինքն իր ձեռքով «թագադրվել». նոր վարչապետի նորամուծությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ որպես վարչապետի` Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն էր, որն ինչպես եւ սպասվում էր, անցկացվեց դռնփակ: Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ այսուհետ կառավարության նիստերը լինելու են ոչ թե առավոտյան ժամը 11-ին /այդպես էր արվում ավելի քան 25 տարի շարունակ/, այլ երեկոյան 17-ին: Մինչեւ հիմա կառավարության նիստերի անցկացման օրվա եւ ժամի փոփոխություններ հատուկենտ դեպքերում էին լինում՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով: Սակայն Սերժ Սարգսյանը հենց առաջին նիստին որոշեց փոխել տարիներ շարունակ եղած դրվածքը: Մինչ բոլորը դա կապում էին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաների հետ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում փորձեց հանգստացնել բոլորին՝ ասելով, թե այսուհետ նիստերը պետք է այդ ժամին անցկացվեն. նոր վարչապետն է այդպես որոշել:

Նկատենք նաեւ, որ ի սկզբանե կառավարության նիստերը փակ անելու որոշումը մինչեւ հիմա մեկնաբանվում էր այդ ընթացքում քննարկումներ ու բանավեճեր անցկացնելու համար, նույնիսկ Դավիթ Հարությունյանն ասում էր, թե լրագրողների ներկայությամբ բանավեճ չի ստացվում: Իսկ հիմա հարց է առաջանում՝ երեկոյան նիստերն անցկացնելը որքանո՞վ է արդյունավետ քննարկումների եւ բանավեճերի համար: Ավելին` երեկվա նիստը տեւեց մոտ մեկ ժամ, ինչպես կառավարության նախորդ նիստերը: Սա նշանակում է, որ քննարկումներ եւ բանավեճեր անցկացնելու պատրվակով կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով կազմակերպելն իրականության հետ որեւէ աղերս չուներ: Պարզապես Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը հրապարակային քաղաքականությունից ամեն գնով խուսափում է, ավելին՝ չի սիրում հատկապես հայաստանյան լրատվամիջոցներին` ամեն կերպ փորձելով խուսափել նրանց հետ առերեսվելուց: Եվ որքան էլ Սերժ Սարգսյանի խոսքը եւ հանձնարարականները հասանելի են լինելու լրագրողների համար, ակնհայտ է, որ այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում, մանրակրկիտ ուսումնասիրվում եւ նոր միայն փոխանցվում լրագրողներին:

Հատկանշական մեկ փաստ էլ. երեկ հակառակ սպասումներին` նախագահ Արմեն Սարգսյանը չէր կառավարության նիստում նորանշանակ վարչապետին ներկայացնողը: Մինչդեռ, հիշում եք, Սերժ Սարգսյանն իր նախագահության ժամանակ միշտ այդպես էր վարվում: Սա, իհարկե, պատահական չէ. Սերժ Սարգսյանը հարկ չի համարել, որպեսզի իրեն կառավարությունում ներկայացնի նորընտիր նախագահը, այլ որոշել է ինքն իր ձեռքով «թագադրվել»` նախագահին թողնելով միայն փաստաթղթեր ստորագրողի դերը: Շեշտենք նաեւ, որ Սարգսյանն այդպես էլ նիստի ընթացքում գնահատական չտվեց Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքին: Չնայած, մեծ հաշվով, կառավարությունում առանձնապես փոփոխություններ չեն եղել. փոխվել է վարչապետը, բայց նախկին վարչապետն էլ հիմա առաջին փոխվարչապետի պաշտոնում է: Երեկ նաեւ վերանշանակվել են հինգ նախարարներ, մյուսների ճակատագիրը պարզ կդառնա մոտակա օրերին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս