Իշխանությունը կնահանջի. «Քաղաքացիական պայմանագիրը» չի պատրաստվում երկխոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները պայքարում են նախագահական տասնամյա ժամկետից հետո հիմա էլ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ: Երեկ էլ նրանք փորձեցին Երեւանում փողոցներ փակել` կազմալուծելով երթեւեկությունը, սակայն ոստիկանությունը բերման էր ենթարկում մարդկանց: Օրվա ընթացքում ոստիկանական բաժանմունքներում հայտնվածների թիվը գերազանցում էր հարյուրը: Իհարկե, ավելի ուշ մարդիկ ազատ արձակվեցին: Չնայած ոստիկանական տեռորին, երեկ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Գարեգին Նժդեհի հրապարակ երթ անցկացվեց, իսկ երեկոյան մարդաշատ հանրահավաք էր, եւ սա չնայած անձրեւին:

Մինչ Փաշինյանն իր կողմնակիցների հետ հանրահավաք էր անցկացնում, տեղի էր ունենում կառավարության նիստը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, շրջափակված մինչեւ ատամները զինված ոստիկաններով ու զրահամեքենաներով: Այդ ընթացքում մի քանի հազար ցուցարարների բղավոցներն ու սուլիչների ձայնը հասնում էր կառավարության նիստերի դահլիճ: Մոտ մեկ ժամ տեւած նիստից հետո նախարարներն իրենց մեքենաներով շատ արագ հեռացան տարածքից: Իսկ ցուցարարները եւս մեկ անգամ ոստիկաններին կոչ արեցին միանալ իրենց` «Զենքդ դիր, մերժիր Սերժին» կոչով:

Նկատենք` ՍԵրժ Սարգսյանն իր կառավարության առաջին նիստում որեւէ անդրադարձ չկատարեց դրսում տիրող եւ, ընդհանրապես, մեկ շաբաթ շարունակվող քաղաքացիական անհնազանդությանը, կարծես ոչինչ չէր եղել: Փոխարենը, երեկվանից իշխանությունները սկսել են խոսել ընդդիմության հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Նախօրեին այդ մասին ակնարկեց ՀՀԿ խոսնակ Շարմազանովը: Երեկ այդ մասին խոսեց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն` նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արեց խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել:

Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ` նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»:

Միաժամանակ նա կողմերին զսպվածության եւ օրինականության սահմաններում գործելու կոչ է արել: Ակնհայտ է, որ երկխոսության առաջարկներն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէր կարող լինել: Ու պետք է ենթադրել, որ որքան էլ Սերժ Սարգսյանն անվրդով էր ձեւանում` անգամ հեգնանքով ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավորներին կոչ անելով իրենց գործընկերոջը «փողոցից խորհրդարան բերել», միեւնույն է` իշխանություններն անհանգստացած են տեղի ունեցած հանրահավաքներից:

Բայց ինչպես պարզվում է` իշխանության կողմից արվող կոչերին, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահի դրությամբ չի պատրաստվում արձագանքել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է երկխոսության գնալ իշխանության հետ, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց բարձրախոսով. «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Փաշինյանը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախագահի՝ երկխոսության առաջարկի մասին նշել է. «Նման առաջարկ քննարկելու համար մի նախապայման կա՝ ոչ թե համաձայնելու, այլ քննարկելու: Որ Արմեն Սարգսյանը ներկայացնի տեղեկանք, թե ինքը որ թվին է հրաժարվել բրիտանական քաղաքացիությունից»:

ՔՊ մեկ այլ անդամ` Արարատ Միրզոյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Նորընտիր նախագահը նախ թող տեղեկանք ներկայացնի, որ ինքը 2011 թվականից հետո Բրիտանիայի քաղաքացի չէ: Իսկ մնացածը…մենք շարունակում ենք մեր ընթացքը: Թող իրենք մտածեն: Իրենք իրենց դրել են օրենքից դուրս: Թող մտածեն` ինչպես են անելու, որ նահանջեն եւ դուրս գան այս իրավիճակից»: Դիտարկմանը, թե իշխանությունը դեռեւս չի պատրաստվում նահանջել, ՔՊ-ն էլ իր հերթին չի նահանջում, ելքը ո՞րն է լինելու, Միրզոյանն ասաց. «Իրենք նահանջելու են. Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության իշխանությունը Հայաստանում չի լինելու»: ՔՊ անդամը վստահ է, որ դրան կնպաստի ՀՀ քաղաքացիների տոտալ կամարտահայտությունը: Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնությունը շարունակելու է փողոցներ շրջափակել, երթեր ու հավաքներ անցկացնել` թավշյա հեղափոխությունն իրականություն դարձնելու նպատակով:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս