Երկար ծիծաղում եմ Սերժ Սարգսյանի ասածի վրա. Աշոտ Ադամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» շարժման, դրա հետ կապված հեռանկարների, շարժմանը սփյուռքի ներգրավվածության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանի հետ։

-Պարո՛ն Ադամյան, ի՞նչ տպավորություն ունեք այս շարժումից։ Այս պահի դրությամբ ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունների ընթացքը։

-Բարձր եմ գնահատում, քանի որ դա ինքնաբուխ շարժում է։ Ծնվելով որպես առվակ՝ այն ձեռք է բերում գետի հատկություններ։ Ինձ գրավում է հատկապես երիտասարդների արթնացումը։ Ես միշտ ասել եմ, որ մենք ունենք ուսանողներ, չունենք ուսանողություն, բայց հիմա տեսնում եմ, որ ծնվում է ուսանողություն։ Ես իսկապես հպարտանում եմ այդ երիտասարդներով, նրանցով, ովքեր արժանապատվություն են ցուցաբերում։ Ինձ հույս է տալիս այն հանգամանքը, որ իմ երկիրն այս տականքների ձեռքով չի մատնվելու անէության, այլ դառնալու է «սիմպատիչնի» երկիր, եւ հայերը վերջապես կձգտեն դեպի իրենց մայր հայրենիքը։ Հավատացեք, հայրենիք վերադառնալ ցանկացողները դրսում շատ են, նրանց մոտ հայրենիքի հասկացությունն ու զգացողությունը պահպանված է. արմատից չես կտրի։

-Ի՞նչ կասեք ցանցային պայքարի այս տեսակի մասին։ Սա կարո՞ղ է արդյունավետ լինել։

-Ցանցային պայքարը շատ ճիշտ ճանապարհ է։ Կարծում եմ՝ այս պարագայում զոմբիացված մարդկային տեսակը սկսեց նահանջել, իսկապես արմատավորվեցին նոր ծիլեր, եւ ոստիկանների շրջանում տեղ գտած «մլիցեն» ցանցային պայքարի արդյունքում սկսեց ապակողմնորոշվել։ Այո, մենք բաց ձեռքերով գրկախառնվում ենք ոստիկանին, բայց արդյոք մեր դիմաց էլ է կանգնած բաց ձեռքերով մեկը, չէ՞ որ նրանց մեջ շատ են զինված ձեռքերով անձինք։ Շատ է հնչում «Ոստիկանը մերն է» լոզունգը, դա, իհարկե, ճիշտ է, եթե խոսքն իսկապես ոստիկանի մասին է, բայց ոստիկանների մեջ, ցավոք, «մլիցեքը» շատ են։

-Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ այս օրերին ցույցի դուրս եկածների թիվը քիչ է, որ նրանք ընդամենը մի խումբ են կազմում։ Բայց մենք տեսնում ենք, որ պայքարողների թիվն օրեցօր մեծանում է։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

-Նախ՝ ես երկար ծիծաղում եմ Սերժ Սարգսյանի ասածի վրա, բարձր ծիծաղում եմ այն ամենի վրա, ինչ այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն արտաբերել է իր վատ հայերենով։ Նրա խոստումները օդից կախված են, մատից ծծած եւ գրպանից հանած։ Հավես չունեմ մեկնաբանելու Սերժ Սարգսյանի տգետ հայտարարությունները։

-«Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի դիրքորոշումների մասին ի՞նչ կասեք. նրանք չմիացան իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանին:

-Նրանց դիրքորոշումն անհասկանալի է, մի քիչ լղոզված։ Կարծես թե ընդդիմություն լինելու ցանկություն կա, բայց ես ասում եմ՝ եթե մտածում եք երկրի մասին, քարը փեշներիցդ գցեք, հավաքվեք, մի ընկեք այն դաշտերը, որտեղ կարող է տարընթերցում լինել։ Այսօր Հայաստանում կենտրոնանալու խնդիր ունեն բոլորը, այդ թվում՝ ձեր նշած անձինք։

-Սփյուռքն ի՞նչ կարող է անել այս պարագայում։

-Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ համախմբվել։ Ինչպես հայաստանցիներից շատերը, սփյուռքն էլ է մասնատված, բզկտված։ Մենք ասում ենք դիասպորա, բայց այնտեղ ընդամենը խմբակներ են, դրսի շատ հայրենակիցներ բացարձակ միավորված չեն։ Այս ազդանշանն ուղղված է նաեւ նրանց միավորվելուն։ Իսկ ինչո՞ւ են նրանք հայտնվել օտար ափերում, ամեն մեկն իր պատճառն ունի, ո՞ր մեկն է հոժարակամ իր երկրից գնում. դա պարտադրովի է լինում, յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը։

-Դուք տեւական ժամանակ էր՝ Միացյալ Նահանգներում էիք, հոժարակա՞մ էիք այնտեղ գնացել, թե՞ պարտադրովի։

-Ես չեմ արտագաղթել այս երկրից, երեւում է՝ այստեղ ոմանք ինձնից լավ գիտեն՝ ես ինչ եմ արել, էլի կգնամ ու էլի կգամ։ Ես իմ երկրից ո՛չ արտագաղթել եմ, ո՛չ էլ փախստական եմ։ Ես այստեղ եմ։

Աննա Բաբաջանյան




Լրահոս