ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տարատեսակ թվեր են հրամցնում. անարդյունավետ տարիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն անգամ, երբ իշխանություններին, Սերժ Սարգսյանին մեղադրում են վերջին 10 տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական ձախողումների մեջ, իրենք փորձում են հակառակը պնդել` նշելով, որ ոչ թե ձախողել են, այլ եղած ճգնաժամին դիմագրավել են: Շատ հաճախ հայտարարում են, որ մեծ արդյունքներ են գրանցել: Ու որպես ձեռքբերում ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տարատեսակ թվեր են հրամցնում:

Օրինակ` Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային ժողովում վարչապետ ընտրվելու ժամանակ իր ելույթում ոգեւորված հայտարարեց. «2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել…»:

Կարճ ասած` ըստ Սերժ Սարգսյանի` տնտեսությունը տարեցտարի աճ է գրանցում, աշխատավարձերը բարձրանում են, սակայն մեր` շարքային քաղաքացիների կյանքի որակն այդպես էլ չի բարձրանում: Թե ինչպես է Հայաստանում աշխատավարձերը «աճում», բոլոր գիտեն. հաճախ ուղղակի թղթի վրա թիվ են ցույց տալիս: Բայց մյուս կողմից հարկային պահումները այնքան մեծ են, որ մարդիկ միեւնույն է` իրենց մաշկի վրա այդ բարձրացումը չեն զգում:

Բայց ամենակարեւորը` աշխատավարձի իբր բարձրացմանը զուգահեռ` այս տարիների ընթացքում հետեւողականորեն բարձր գնաճ է արձանագրվել: Օրինակ` եթե 2007 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամ էր, այժմ այն 44.9 դրամ է: Եթե 2007 թվականին գազի սակագինը 1 խմ համար 59 դրամ էր, հիմա` 139 դրամ: Ջրի սակագինը 2007թ. 1 խմ համար եղել է 130.5 դրամ, հիմա այն դարձել է 180 դրամ: Աղբահանությունը եթե այն ժամանակ մեկ անձի համար եղել է 119 դրամ, հիմա դարձել է 200 դրամ: Այսինքն` այս տասը տարիների ընթացքում ահռելի աճել են սակագները:

Էլ չենք խոսում նոր հարկերի, հարկային դրույքաչափերի մասին: Ավելին` Հայաստանի բնակիչների ծախսերի մեջ տարեցտարի գնալով ավելացել են բնակկոմունալ ծառայությունների համար վճարվող գումարները, փոխարենը նվազել են ե՛ւ սննդի, ե՛ւ առողջապահության, ե՛ւ առավել եւս կրթության համար ծախսերը: Այլ կերպ ասած` մարդիկ աշխատում են, որպեսզի հասցնեն իրենց կոմունալ վճարումները կատարել, նաեւ վարկային պարտավորությունները մարել եւ միայն դրանից հետո մտածում են ապրուստի, հագնվելու մասին: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2004 թվականին բնակկոմունալ վճարումները կազմել էին ամսական ծախսերի 6 տոկոսը: Արդեն 2008 թվականին դրանք ավելացել են` 9.1 տոկոս, 2014 թվականին` 13.5 տոկոս, 2015 թվականին` 13.5 տոկոս, իսկ արդեն 2016 թվականին` 14 տոկոս:

Բացի այս, եթե 2004 թվականին մեկ շնչի հաշվով ամսական ծախսերի մեջ սննդի համար վճարը կազմել է 56.1 տոկոս, ապա 2008 թվականին` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում սննդի համար ծախսը կազմել է ամսական միջինի 51.9 տոկոսը: Հետագա տարիներին այդ նպատակով ծախսերն էապես կրճատվել են, եւ արդեն 2014թ. մարդիկ սննդի համար ծախսել են գումարի 45.7 տոկոսը, 2015թ.` 43.6 տոկոսը, 2016թ.` 42.1 տոկոսը: Միաժամանակ նկատենք, որ սննդի համար ծախսերն ամենեւին էլ գների էժանացման հետեւանքով չեն պակասել: Ընդհակառակը, այս ոլորտում գները տարիներ շարունակ աճել են թռիչքաձեւ: Արդյունքում մարդիկ ստիպված են եղել կրճատել իրենց ուտելիքի համար ծախսը, ու հիմա ՀՀ-ում յուրաքանչյուր 3 բնակչից 2-ը համարվում է թերսնված: Քանի որ Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները ոչ միայն տարեցտարի են թանկանում, այլեւ օր օրի:

Հայաստանի կաթնամթերքի շուկայում թանկացումների չափը հսկայական ծավալների է հասնում: Միայն թթվասերի 90 գրամանոց տուփը տարիներ առաջ վաճառվում էր 90 դրամով, իսկ հիմա այն արժի 140 դրամ: Պանրի մեկ կիլոգրամը տարիներ առաջ վաճառվում էր 1400 դրամով, այժմ այն ունի ավելի քան 2000 դրամ արժեք: Թանկացել է աղը, շաքարավազը, իսկ հացի ոչ թե գինն է բարձրացել, այլ քաշն է նվազեցվել: Չենք խոսում առողջապահական ոլորտում գրանցված թանկացումների մասին, երբ մարդը գումար չունի դեղ գնելու, առավել եւս բուժվելու համար:

Քանի որ Սերժ Սարգսյանը խոսել է իր պաշտոնավարման տարիներին ճգնաժամերը դիմագրավելու մասին, փորձենք հասկանալ, թե դա ինչպե՞ս է արվել: 2008թ. Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 11 մլրդ 662 մլն դոլար էր: Ու մինչեւ հիմա չի գերազանցել նախաճգնաժամային վիճակը: 2017թ. անվանական ՀՆԱ-ն կազմել է 11 մլրդ 303 մլն դոլար: Այլ կերպ ասած՝ այսօր ՀՀ անվանական ՀՆԱ-ն պակաս է 2008թ. ցուցանիշից:

Ահա Սերժ Սարգսյանի «անվտանգ, առաջընթաց եւ ապահով Հայաստանի» 10 տարիները:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս