Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ բումերանգի էֆեկտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ առաջ սկսված հանրահավաքները, ակցիաները: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող գործողությունների ծրագիրն օր օրի ավելի լայն շրջանակներ է ընդգրկում. Երևանի համայնքներից, մարզերից մինչև Սփյուռքի հայկական համայնքներ: Այս օրերին հավաքների ու ակցիաների անմիջական մասնակիցն են նաև ուսանողները: Զուգահեռ՝ նույն ուսանողների ու ցույցի մասնակիցների կողմից տարածվում են տեղեկություններ համալսարաններում առկա ճնշումների մասին: Օրինակ, որ ուսխորհուրդների նախագահներն արգելում են մասնակցել հավաքներին, ինչպես նաև՝ որոշ համալսարաններում անգամ արգելափակվում են Facebook–ը, Youtube–ը, «Ազատությունը»:

Կիրառվող սահմանափակումների վերաբերյալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն իր բացատրությունն ունի:

«Ես այն մարդկանցից եմ, որ նման իրավիճակներին նայում եմ ավելի համընդհանուր ձևով: Մենք ոչ միայն պետք է քննարկենք, թե այս պահին ի՞նչ է տեղի ունենում, այլև պետք է փորձենք հասկանալ, թե ինչու այսպես եղավ: Որպես դասախոս` ասեմ, որ հատկապես վերջին տարիներին ուսխորհուրդները կուսակցականացան, և հնարավոր է, որ որոշակի ֆինանսական միջոցներ են ստացել: Բացի այդ, կարծես ուսանողների բաժանում կար: Այսինքն՝ ուսխորհուրդները փորձում էին դառնալ երիտասարդ կարիերիստների կենտրոններ: Եվ հասկանալի է, որ այս ընթացքում ուսանողության մի զգալի հատված անտեսված էր, հիասթափված, և իրենց դուր չէր գալիս ուսխորհուրդների այդ պահվածքը: Եվ հիմա փողոց դուրս եկած ուսանողները հիմնականում նրանք են, ովքեր անտեսվել են, արհամարհվել կամ էլ սկզբունքորեն չեն ցանկացել համագործակցել ուսխորհուրդների հետ: Պարզ է, որ այս իրավիճակներում ուսխորհուրդները պետք է փորձեն ինչ–որ սահմանափակող բաներ անել, որովհետև իրենց շատ գումար ու ռեսուրս է տրվել, որ ուսանողությանը կառավարելի դարձնեն: Հիմա այդ ծրագիրը կարծես ձախողվում է և պարզվում է, որ ուսանողությունը կառավարելի չէ և դուրս է եկել փողոցներ: Պարզ է, որ հիմա իրենք պետք է փորձեն սահմանափակումներ անել, որովհետև եթե ուսանողությունը դուրս է եկել վերահսկողությունից, ապա դա նաև այդ պրոյեկտի ձախողման մասին է խոսում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ բումերանգի էֆեկտ է:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս