Բագրատաշենի մաքսակետից աշխատանքից ազատվել է 12 հոգի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բագրատաշենի մաքսակետից աշխատանքից ազատվել է 12 հոգի: Աշխատանքից ազատվածների մեջ կան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ աշխատակիցներ: Կրճատվածներից մի քանիսը Նոյեմբերյանի տարածաշրջանի, մյուսները հանրապետության այլ տարածքների բնակիչներ են: Նրանց չեն հայտնել աշխատանքից ազատման պատճառը, նախկինում նրանց ծանուցագրեր էին հանձնել աշխատանքից հնարավոր ազատման վերաբերյալ:

Բագրատաշենի մաքսակետում տեր ու տնօրինություն են անում մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները: Վերջիններս, ըստ օրենքի, իրավունք չունեն գտնվելու մաքսային գոտում, մաքսանենգության դեմ պետք է պայքարեն մաքսային գոտուց դուրս, սակայն մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները մշտապես գտնվում են Բագրատաշենի մաքսակետի տարածքում, նրանք բարձրանում են Հայաստան մտնող ավտոբուսներ, որոշում, թե ով որքան ապրանք կարող է առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան: Բագրատաշենի մաքսակետից ստացված տեղեկություններով` շուրջ 10 օր առաջ լարված միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայից ժամանած ավտոբուսի ուղեւորուհու հետ: Մաքսակետի աշխատողները պահանջել են մաքսազերծել կնոջ հագած հագուստները:

Մաքսակետի աշխատողների պահանջից հայ կնոջ ինքնազգացողությունը վատացել է, ավտոբուսի վրդովված ուղեւորներն են միջամտել, թունդ վեճ ու քաշքշուկ է եղել: Բագրատաշենի մաքսակետի աշխատողները Հայաստան ելումուտ անողներին չեն բացատրում մաքսային օրենսդրության պահանջները: Քաղաքացիները հարցնում են, թե ինչու «Զվարթնոց» օդանավակայանում, Բավրայի մաքսակետում եւ Բագրատաշենի մաքսակետում մաքսային տարբեր օրենքներ են գործում, Բավրայում եւ «Զվարթնոցում» թույլատրում են առանց մաքսազերծման մինչեւ 50 կիլոգրամ ապրանք ներկրել Հայաստան, Բագրատաշենի մաքսակետում առանց մաքսազերծման 10 կիլոգրամ ապրանքից ավելի չի թույլատրվում ներկրել:

Բագրատաշենի մաքսակետում թույլատրում են առանց մաքսազերծման Հայաստան ներկրել մեկական հատ հեռուստացույց, համակարգիչ, լվացքի մեքենա, աման լվացող 2 մեքենա, սակայն չի թույլատրվում առանց մաքսազերծման մեկ սառնարանի, գազօջախի, գազով աշխատող վառարանի, գազով աշխատող ջրատաքացուցիչի ներկրումը: Բագրատաշենի եւ հարակից գյուղերի բնակիչներից շատերը, փորձելով լուծել իրենց օրվա հացի խնդիրը, Վրաստանից մրգեր եւ բանջարեղեն են ներկրում` հաճախ վիճաբանելով մաքսակետի աշխատողների հետ: Տեղացիներից ոմանք փորձում են մաքսանենգությամբ, մաքսակետի տարածքը շրջափակող մետաղյա ցանկապատից ներս գցել մի պարկ բանջարեղեն, սակայն հաճախ բռնվում են մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս