Պաշտոնեական դիրքը՝ չարաշահումների և հարստանալու միջոց. Սևան ազգային պարկի բիոզուգարանները` Վահե Գուլանյանի անձնական գույք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ՎՊ անցկացրած ստուգումների արդյունքում լրջագույն խախտումներ են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` ՎՊ բացահայտումների մասով նյութեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն` իրավական ընթացք տալու համար:

Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը «Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերությունից ձեռք է բերել 800 հատ պատրաստի միկրոբիոլոգիական միջավայրեր` ընդհանուր 1 մլն դրամ արժեքով: Սակայն ՎՊ-ն ՊԵԿ-ից պարզել է, որ ընկերության կողմից նշված ապրանքների ձեռք բերում տվյալ ժամանակահատվածում չի եղել:

Բացի այս` ՎՊ ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ անտառտնկման աշխատանքների շրջանակներում առկա ծառերի մեծ մասը գտնվել են չորացած վիճակում կամ ընդհանրապես բացակայել են: Նշենք, որ «Բիոպրոյեկտ» ընկերության հետ 2016 թվականին կնքվել է «անտառտնկման աշխատանքների պայմանագիր»` 9 մլն դրամ արժեքով, ըստ որի` պետք է պարկի Սեւան մասնաճյուղի Ախթամար (2 հա) եւ Մարտունու մասնաճյուղի Երանոս (5 հա) տեղամասի տարածքում իրականացվերին 7 հա անտառտնկման աշխատանքներ: Բացի այս` արդեն իսկ առկա տնկարանի համար պետական բյուջեից հատկացվել է տնկարանի ստեղծման գումար:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրը եւ տնօրենը Ազգային պարկի տնօրենի հետ անմիջական փոխկապակցվածություն ունեցող անձինք են: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը «Նաիրի-Նունե» ընկերության հետ 2017 թվականին կնքել է 15 մլն դրամի պայմանագիր, այդ թվում` ծառատունկ` 10 մլն 517 հազար դրամի եւ կոճղաշիվերի հատում` 4 մլն 482 հազար 800 դրամի: Նախատեսվել է 13 հազար 630 հատ տնկիների ձեռքբերում եւ տնկում: Սակայն ՎՊ-ն բացահայտել է, որ ընկերությունը այդ ժամանակահատվածում տնկիների ձեռք բերում չի ունեցել:

Ըստ ՎՊ-ի` 18 հատ կառուցված զուգարաններ գտնվում են թիվ 1, 2 եւ 3 հանրային լողափերում, իսկ 12 հատ բիոզուգարաններ եղել են ազգային պարկի պահեստում: Սակայն պահեստում եղել են 12 հատ ոչ թե ամբողջական զուգարաններ, այլ միայն զուգարանակոնքեր` առանց հիմնակմախքի: Հատկանշական է, որ Ազգային պարկի գլխամասի տարածքում եղել են 12 հատ ամբողջական բիոզուգարաններ, որոնք, սակայն, պարզվել է, որ ազգային պարկի տնօրենի՝ Վահե Գուլանյանի անձնական գույքն են եղել: Բացի այս` ուշագրավ է, որ Ազգային պարկի տնօրեն Գուլանյանին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը իրականացրել է նաեւ բիոզուգարանների վարձակալության տրամադրման գործունեություն:

ՀՀ կառավարության որոշման համաձայն` երկրորդ ենթագոտու տարածքում կառուցապատման նպատակով պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել մինչեւ 25 տարի ժամկետով: Իսկ եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն եւ ավելի դրամ, ապա հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերը դրանց գործողության ընթացքում կարող են երկարաձգվել մինչեւ 2060 թվականի վերջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված պայմանով կնքվել է 51 պայմանագիր, եւ 2017 թվականին պետք է կատարված լիներ 250 մլն դրամի ներդրում: Բայց ՎՊ-ն բացահայտել է, որ չկա կատարված ներդրում: Ավելին` բիզնես-ծրագրերը հիմնականում կրել են ձեւական բնույթ: Մեկ այլ դեպքում ընկերության ներկայացրած բիզնես ծրագրում նախատեսվել է 150 մլն դրամի ներդրում, որից 30 մլն դրամը պետք է արդեն կատարված լիներ, սակայն նշված հողօգտագործողի տարածքում ՎՊ ստուգումների ընթացքում եղել է միայն մեկ փայտե տնակ: Իսկ ահա մեկ այլ դեպքում ընկերության ներկայացրած բիզնես ծրագրի համաձայն` պետք է կատարված լիներ 160 մլն դրամի ներդրում, սակայն հողամասում եղել է միայն քարե պարիսպ:

2016-2017 թվականներին Ազգային պարկի կողմից ջրածածկ տարածքների մաքրման նպատակով 7 ֆիզիկական անձանց հետ կնքվել է թվով 10 պայմանագիր, որի համաձայն` պետք է մաքրվեր ընդհանուր 27.1 հա տարածք: Բայց թվով երեք պայմանագրերի մասով բացակայել են քաղաքացիների դիմումները: ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ անտառհատումից առաջացած շինափայտը, վառելափայտը որոշ դեպքերում վաճառվել է Ազգային պարկի` Մարտունի մասնաճյուղի տնօրենին, աշխատակիցներին, ազգակիցներին. 2016-2017 թվականներին կատարվել են ընդամենը 18 անտառհատման աշխատանքներ, որից 15-ի դեպքում է կազմվել անտառհատման տոմս: Երեք դեպքի համար բացակայել են անտառհատման տոմսերը, միայն երկու դեպքում են եղել բնապահպանության նախարարին ուղղված գրությունները, մեկում բացակայել են քանակները: Կարճ ասած` անտառհատումից առաջացած շինափայտի, վառելափայտի վաճառքը իրականացվել է ոչ մրցակցային պայմաններում եւ թերություններով:

Սակայն ըստ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի` ՊՈԱԿ-ի նոր կառավարման պլանի կազմման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսը կազմում է 73.6 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերությունը 2009 թվականին հիմանդրվել է ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Վահե Գուլանյանի կողմից: Բայց 2010 թվականին ընկերության բոլոր բաժնեմասերը փոխանցվել են մեկ այլ անձի, հետեւաբար ՊՈԱԿ-ի կողմից 2016 թվականի համար հայտարարված գնման ընթացակարգերին ընկերության մասնակցությունը չի հակասել:

Հ.Գ. Հետաքրքիր է՝ հայաստանյան իրավապահ կառույցները կհամարձակվե՞ն Գուլանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել կատարվածի համար, թե՞ ամեն ինչ կանեն՝ նրան եւս ջրից չոր դուրս բերելու համար, ինչպես վարվել են նախկինում, երբ մի շարք ոլորտներում ՎՊ սկանդալային բացահայտումներից հետո օրինախախտներից որեւէ մեկն այդպես էլ չհայտնվեց ամբաստանյալի աթոռին, ուր մնաց՝ հայտնվեր կալանավայրում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս