Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 20-ի առավոտից Երևանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների բնականոն գործունեությունն ու օրինական շահերը:

Այդ գործողությունները, չնայած կազմակերպիչների կողմից արվող արտաքուստ «խաղաղության» և «հանդարտության» կոչերին՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ձևավորել և խորացրել են հասարակական տարբեր խմբերի, անհատների միջև և հատկապես հավաքի մասնակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունը կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ատելության ձգտող փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտ: Առանձին դեպքերում նկատելի են ոստիկաններին հավասարակշռությունից հանելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դրսևորումներ, կան տեղեկություններ նաև հավաքի մասնակիցների և այլ քաղաքացիների միջև բախումների վերաբերյալ:

Հավաքի մասնակիցներին կոչ ենք անում խուսափել հետագա հակաիրավական վարքագիծ դրսևորելուց, հասարակական անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարելուց, ցուցաբերել զսպվածություն, լինել օրինապաշտ և գործել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում:

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ առանձին դեպքերում հավաքի մասնակիցների կողմից խառնաշփոթ ստեղծելու փորձերը, կոչ ենք անում հարգելի լրագրողներին՝ որևէ կերպ չխոչընդոտել ոստիկանների իրավաչափ գործողություններին, նրանց տեղաշարժերին, մասնագիտական գործունեությունն իրականացնել բացառապես անվտանգության տեսանկյունից բավարար, հավաքի վայրերից ողջամիտ հեռավորության վրա, ինչպես նաև ձեռնարկել ոստիկանների, քաղաքացիների համար որպես լրագրող իրենց տարբերակելու հնարավորություն տվող լրացուցիչ միջոցներ:




Լրահոս