Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների:
Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է և այդպիսի հասարակության հիմնաքարերից է։ Այն հիմնարար արժեք է։ Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը էական նշանակություն ունի հանդուրժող և բազմախոհ հասարակություն ստեղծելու համար, որտեղ տարբեր հայացքներ ու մտադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբերը կարող են խաղաղ գոյակցել։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ու այլ իրավասու պետական մարմիններից խստորեն պահանջում է նկատի ունենալ, որ կանխավարկածը միշտ պետք է լինի հավաքների ազատության իրավունքի իրականացման օգտին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է գործել բացառիկ զսպվածությամբ, ապահովել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը:
Մյուս կողմից, հավաքի մասնակիցներին կոչ ենք անում պահպանել հավաքների բացառիկ խաղաղ բնույթը և օրենքով նախատեսված այլ պահանջները: Միայն խաղաղ բնույթի, օրենքին համապատասխան իրականացվող հավաքներն են պաշտպանված այս իրավունքով։
Հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն այնպիսի միջոցների կիրառումով, որոնք սահմանված են օրենքով, հետապնդում են իրավաչափ նպատակ և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավաքների ազատության իրավունքի իրացումը ենթադրում է, որ հավաքի ընթացքում պետք է գործել այլոց հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե փողոց կամ կամուրջ փակելն այդ գործողության միակ նպատակն է, ապա դա կարող է հիմք լինել սահմանափակելու հավաքը, սակայն բացառապես ելնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքներից: Ընդ որում, կարող է կապ չունենալ նույնիսկ այն, թե կոնկրետ իրավիճակում արդյոք բռնության ակտ առկա է, թե ոչ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն գործում է արտակարգ՝ շուրջօրյա ռեժիմով: Թեժ գծի 116 հեռախոսահամարին բոլոր զանգերը կարող են նույնպես ներկայացվել շուրջօրյա:




Լրահոս