Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար. Պյոտր Սվիտալսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների մասին, ասաց՝ դրանք ցույց տվեցին, որ հայերի համար կարևոր արժեքները Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հենքն են: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկխոսության միջոցով այս ներքին քաղաքական ճգնաժամին խոհեմ լուծու տալուն: Եվրամիությունը կաջակցի ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը»,-ասաց Սվիտալսկին:

Նրա հավաստմամբ՝ ԵՄ-ն Հայաստանի և հայերի հետ կլինի ողջ ընթացքում: Հարցին՝ թե ինչ ազդեցություն կունենան վերջին իրադարձությունները Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման գործընթացի վրա, Սվիտալսկին պատասխանեց՝ ԵՄ-ն հավատում է, որ մենք ունենք շատ հավակնոտ օրակարգ և շարունակելու ենք աշխատել այդ համաձայնագրի իրականացման ուղղությամբ: «Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ հենց այն արժեքները, որոնք կարևոր են հայերի համար, կազմում են Հայաստան-ԵՄ համաձայնագրի հենքը: Մենք կաշխատենք Հայաստանի հետ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ ավելի ջանասիրաբար և եռանդով, քան նախկինում»,-եզրափակեց նա:




Լրահոս