Միասին մենք անհաղթ ենք. Լևոն Արոնյանի անդրադարձը` Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է իր հայրենիքում տիրող իրավիճակին:

«Մեծ հպարտություն եմ զգում ժողովրդիս համար վերջին երկու շաբաթների իրադարձություններին հետևելով: Ցուցարարների հաստատակամությունն ու քաջությունը, ոստիկանների զգոնությունն ու զսպվածությունը և իշխանության ցուցաբերած իմաստուն և հեռատես քայլը ծաղկուն ժողովրդավարության հիմք են ստեղծում: Կան պահեր, երբ մարդկանց մի խումբ միմյանց հավատալով, ռիսկի է գնում ու հասնում հաջողության, հենց այսպես է հաջողության հասել շախմատի մեր թիմը նաև:
Այս պահերին է, որ բոլոր կողմերից պահանջվում է բարձր պատասխանատվության զգացում: Միանում եմ բոլորիդ Հայաստանում և սփյուռքում, և հավատում, որ մեր նպատակներին հասնել կարելի է միայն խաղաղ և արժանապատիվ ճանապարհով: Եկեք զգուշանանք այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել են այն ամենը, ինչ մեր ժողովուրդը կառուցել է երկար տարիներ: Այո՛, մենք պետք է ավելին պահանջենք, այո՛, մենք կարող ենք ավելին ունենալ:

Սակայն, այնպես ինչպես շախմատում, մեր ջանքերը պետք է լինեն համառ և գիտակից: Առողջ և մրցունակ տնտեսություն, պահանջարկ ունեցող աշխատուժ, օրենքի գերակայություն և հանրային ինստիտուտների ամրապնդումը, կանանց դերի և ազդեցության մեծացում մեր հասարակության մեջ, սրանք այն քայլերն են, որոնք բերում են զարգացման:

Եկեք քայլենք այդ ուղղությամբ: Անչափ կարևոր է սեփական իրավունքների հաստատումն ու կայացումը սկսել մեր իսկ պատասխանատու վերաբերմունքով: Այն սկսվում է յուրաքանչյուրիս մեկ քայլով` մաքուր փողոցներով, կանաչ այգիներով, մաքուր գետերով ու անտառներով:

Նման պատասխանատվությամբ կկարողանանք մեր սերն ու երախտագիտությունն արտահայտել մեր երկրին և հողին: Միասին մենք անհաղթ ենք: Աստված օրհնի Հայաստանը»,- սոցցանցի իր էջում գրել է Արոնյանը:




Լրահոս