ԱԺ պատգամավորներին ազատ արձակելու առեղծվածը. Կարեն Կարապետյանը ինքնագլուխ է գործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ապրիլի 23-ին ազատ արձակվեցին դրանից մեկ օր առաջ ձերբակալված ԱԺ պատգամավորներ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանց ազատ արձակումից առաջ իշխանության ներսում ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել:

Շուրջ 11 օր Երեւան քաղաքում «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիա էր իրականացնում տարբեր վարչական շրջաններում` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի նպատակն էր բանակցել երկրում տիրող իրավիճակի շուրջ եւ գտնել լուծումներ: Սակայն բանակցությունները տապալվեցին: Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիայի մասնակիցների հետ սկսեց իր քայլերթը` գնալով դեպի Էրեբունի վարչական շրջան: Այստեղ էլ սկսվեց բախում, արդյունքում բերման ենթարկվեցին Նիկոլ Փաշինյանը, ավելի ուշ նաեւ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:

Ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ Ազգային ժողով` Փաշինյանին եւ նրա հետ ձերբակալված «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին անձեռնմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համաձայնություն ստանալու համար: Սակայն կարճ ժամանակ անց հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` միջնորդությունը հետ վերցնելու առաջարկով, եւ ուր որ է՝ պատգամավորներն ազատ կարձակվեն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, թե դատախազությունը նման միջնորդություն չի ստացել:

Մեզ հասած լուրերի համաձայն` երբ Կարեն Կարապետյանը հայտնել է, թե դիմելու է միջնորդությամբ` ձերբակալվածներին ազատ արձակելու համար, ՀՀ գլխավոր դատախազությունը շտապ կապ է հաստատել Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե նման որոշում չունի: Այս ամենի արդյունքում էլ դատախազությունը հրապարակավ ասել է, որ որեւէ միջնորդություն չի ստացել: Ասել է, թե Կարեն Կարապետյանը փորձել է խնդիրն ինքնուրույն լուծել: Ըստ մեզ հասած լուրերի` երբ ՀՀԿ վերնախավը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է նա անում, պատասխանը եղել է այսպես. «Ձեզ կասեն»: Իսկ թե ով պետք ասեր եւ ինչ, դժվար է ասել: Ըստ էության իր այս քայլով Կարապետյանը հեռահար նպատակներ է ունեցել՝ Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնելուց եւ նրա հրաժարականին հասնելուց հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Առավել եւս, երբ ընդդիմությունը սկզբում հանդես էր գալիս «մերժիր Սերժին» կարգախոսով, իսկ Կարապետյանին թվում էր, թե ինքն ընդունելի կերպար է: Պարզվեց՝ ոչ: Նրա նկատմամբ հասարակությունն ավելի կոշտ գտնվեց ու ավելի դաժան մերժեց: Եւ այդպես` փոս փորողն ինքն ընկավ փոսը:

Քնար Մանուկյան




Լրահոս