Մեր սուպերվարչապետին մաղթում եմ համբերություն․ Արսեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին օրերին ժողովրդական շարժման թափը հաշվի առնելով՝ արդեն վստահ էի, որ հեղափոխությունը լինելու է, եւ Նիկոլ Փաշինյանը դառնալու է վարչապետ: Բայց մինչ այդ՝ ավելի վաղ չէի հավատում դրան, մտածում էի՝ զուր է ամեն ինչ, արդեն մեր հավատը կորցրել էինք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ երգիչ Արսեն Գրիգորյանը (ռոմանսի Արսեն), ով կանգնած էր շարժման մասնակիցների կողքին:

Նա շեշտեց՝ երբ ինքը գնում է, օրինակ, Միացյալ Նահանգներ, մարդկանց դեմքերին հանգստություն է նկատում՝ չնայած այնտեղի բարդ կենսակերպին. «Իսկ մեր հայացքներում վերջին տարիներին առկա էր լարվածություն, ինչ-որ գիշատիչ մի բան»:

Նրա խոսքով՝ երկրում առկա խնդիրները միանգամից չեն լուծվելու, վարչապետն իր թիմով մեծ բարդությունների առաջ է կանգնելու. «Որքան էլ հակակրանք տածեմ ՀՀԿ-ականների նկատմամբ, համաձայն եմ նրանց այն պնդմանը, թե կգաք իշխանության եւ կտեսնեք՝ ինչ դժվար բան է երկիր կառավարելը: Ուստի մեր սուպերվարչապետին, աշխարհի ամենալավ քաղաքական գորչին մաղթում եմ, որ այն համբերատարությունը, որը դրսեւորել է իր ամբողջ կյանքում, մասնավորապես՝ վերջին մեկ ամսում, դրսեւորի նաեւ իր հետագա գործունեության շրջանակում»:

Արսենը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նույն սառնասրտությամբ իր շուրջ պետք է հավաքի խելացի մարդկանց, որպեսզի ամեն օր մեր երկրում տարվող փոփոխությունները մեր մաշկի վրա զգանք. «Թեպետ ասեմ, որ այդ փոփոխություններն արդեն իսկ զգում ենք: Մենք տեսանք վարչապետի կաբինետը, տեսնում ենք, որ առաջին իսկ օրը նրա ենթակաները ստանում են կոնկրետ հանձնարարականներ: Միայն այն, որ մարդիկ սկսել են սիրել իրար, փողոցում իրար պատահաբար դիպչելիս երկուստեք ներողություն են խնդրում, արդեն վկայում է, որ երկրում իրավիճակ է փոխվել: Ես իսկապես հպարտ եմ իմ ազգով, մենք արեցինք անհնարինը»:

Մենք հարցրինք՝ ո՞րն է երգարվեստի ոլորտին առնչվող թիվ մեկ խնդիրը, որը պետք է անհապաղ լուծվի. «Պետք է ստեղծել պրոֆեսիոնալների մի թիմ, որը, քայլելով ժամանակին համընթաց, միեւնույն ժամանակ կսահմանի որոշակի նորմեր՝ այս կամ այն երգը ռադիո կամ հեռուստաեթեր թողնելու համար»,-եզրափակեց երգիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս