Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 անգամ. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015թ. հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 (հարյուր) անգամ: 2014թ. հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015-ի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար: Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցից, ԱՎԾ-ն էլ իր հերթին՝ հիմնվել է Մաքսային ծառայության թվերի վրա: Թե՛ ԱՎԾ-ն, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, արտաքին առևտրի այս տարվա ցուցանիշների մասին խոսելիս՝ շտապում են մեզ մխիթարել, թե արտաքին առևտրի տվյալները դեռևս ամբողջական չեն՝ պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և հետագայում ենթակա են ճշգրտման:

Նույն բանը կրկնել են նաև փետրվարի ցուցանիշների առնչությամբ՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ իմաստ ունի հրապարակել չճշգրտված ցուցանիշներ: Ի դեպ, ըստ ՌԴ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել է 4.6 միլիոն դոլար: Այսինքն՝ ռուսների ներկայացրած թիվը 27 անգամ մեծ է հայկական կողմի ներկայացրածից: Եվ, որ ամենակարևորն է՝ ՌԴ վիճակագրական ծառայության զեկույցում նշված չէ, որ տվյալները թերի են: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 4.6 միլիոն դոլարը ճիշտ թիվ է: Ըստ այդմ՝ ստացվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը պակասել է 3.5 անգամ: Իհարկե, 3.5 անգամը պակաս տխուր է, քան 100 անգամը, բայց ամեն դեպքում՝ տխուր է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս