Ինչու է ԱԱԾ-ն հետևում դիտահորերի զոդման աշխատանքներին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում. «Երեկ առավոտյան Երևանի Դեմիրճյան փողոցում վերից վար դիտահորերի կափարիչների զոդում էր տեղի ունենում: Երևանի քաղաքապետարանի զոդող բրիգադը կանգնում էր առանց բացառության՝ բոլոր դիտահորերի մոտ: Աշխատանքն իրականացնող մարդկանցից մեկից մեր թղթակիցը հետաքրքրվել է` ինչի՞ համար են զոդում դիտահորերի կափարիչները, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե դրանք թուլացել են և երթևեկող մեքենաների համար անհարմարություններ են ստեղծում:

Սեր թղթակցի աչքից չի վրիպել, սակայն, որ զոդման աշխատանքներին հետևում են ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության վարչության ներկայացուցիչները: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ամեն օր «Հրազդան-1» կառավարական ամառանոցից հենց այս փողոցով է գնում նախագահական նստավայր, և ակնհայտ է, որ նրա ճանապարհին ընկած այս դիտահորերի կափարիչների զոդումը անվտանգության միջոցառում է։

Արդյո՞ք սա ինչ-որ կոնկրետ սպառնալիքի հետևանք է, թե՞ պրոֆիլակտիկ միջոցառում՝ դժվար է ասել: Զոդող բանվորներից մեկը հավաստիացրել է, թե այդ դիտահորերում նախկինում էլ զոդման աշխատանքներ իրականացրել են, հիմա պարզապես ամրացնում են: Նշենք նաև, որ երևանցիները դիտահորերի զոդման աշխատանքների առաջին անգամ ականատես են եղել 2000-ականների սկզբին, երբ Երևան պետք է ժամաներ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ, կարծես թե, երեկ տեղի ունեցածը առաջին դեպքն է երբ նման զոդում տեղի է ունենում «ներհայաստանյան» նպատակներով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս