Մի օր ինձ կտեսնեք ցուցարարների կողքին. Միքայել Մինասյանի եղբայրը խոսում է իր և եղբոր միջև առկա տարաձայնությունների մասին. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Արդեն 7-րդ օրն է, ինչ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու նրանց ինքնաբուխ միացած քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Փակ է Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասը, որտեղ ընթանում է բողոքի խաղաղ ակցիան: Ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի գիշեր լուսացնում են Բաղրամյան պողոտայում` պահանջելով կասեցնել էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին գիշերը լույս 23-ի առավոտը ոստիկանությունը ջրցան մենքենաների կիրառմամբ ցրեց բողոքի ակցիան, 237 մարդ բերման ենթարկվեց, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին: Այս թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, ՀՀԿ խորհրդի անդամ Գրիգոր Մինասյանը:

– Պարոն Մինասյան, Ձեր իրավաբանական ընկերությունը պատրա՞ստ է իրավաբանական աջակցություն ցուցաբերել ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների և լրագրողների նկատմամբ:

-Մենք պատրաստ ենք իրավաբանական ծառայություններ մատուցել յուրաքանչյուրին, իսկ առանձին դեպքերում դա պատրաստ ենք անել անվճար՝ որպես մեր հանրային պատասխանատվության մաս: Մեր իրավաբանական ծառայությունը մատչելի է բոլորին՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից և գործունեությունից: Ցուցարարների դեպքում ևս մենք վստահաբար պատրաստ ենք իրենց անհատույց տրամադրել իրավական խորհրդատվություն, իսկ կոնկրետ դեպքերում՝ նաև դատական ու այլ ներկայացուցչություն:

-Ձեր ընտանիքում բոլորդ նույն կարծիքն ունե՞ք տեղի ունեցածի վերաբերյալ, թե՞ այդ կարծիքները տարբեր են Ձեր, Ձեր եղբոր և հոր մասով:

-Իմ ընտանիքի մյուս անդամների անունից ես չեմ ցանկանա խոսել: Կարող եմ միայն տեղեկացնել, որ ես և եղբայրս շեշտակիորեն տարբերվում ենք մեր էությամբ, խառնվածքով ու արժեհամակարգով: Ինչ վերաբերում է ծնողներիս, ապա նրանց ըստ պատշաճի հարգում եմ, բայց և ունեմ ու պահում եմ իմ տեսակետներն ու համոզմունքները:

-Դուք նշում եք, որ ունեք Ձեր սեփական տեսակետներն ու համոզմունքները, բայց Ձեզ չտեսանք Բաղրամյան պողոտայում: Ինչու՞: Ձեր տան էլեկտրաէներգիան չի՞ թանկանալու, թե՞ Դուք սոցիալապես այնքան ապահով եք, որ առանձնապես կարևորություն չեք տալիս 6.93 դրամին:

-Այս կամ այլ հարցով մի օր կտեսնեք ինձ նաև ցուցարարների կողքին, երբ դա չի դիտվի ինքնափիար կամ այլ բացասական տեսանկյուններից: Ես իմ համեստ ձևով եմ փորձել պայքարել այս թանկացման դեմ: Ընդ որում, նույնիսկ շատ ավելի շուտ եմ սկսել այդ պայքարը, քան այն պահը, երբ մեր համաքաղաքացիները ստիպված եղան դուրս գալ փողոց, իսկ հետո նրանց սկսեցին միանալ իշխանության և ընդդիմության անդամներն ու այլ գործիչներ: Դեռևս թանկացման գործընթացի ամենասկզբում, իմ իրվաբանական ընկերությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, որը յուրովի ակցիա էր ընդդեմ թանկացման: Մեր այդ ակցիային միացան նաև այլ բիզնեսներ և ՀԷՑ-ին առաջարկեցին վերանայել սեփական ուռճացրած ծախսերը:

Ցավոք, մեր նախաձեռնությունը հաջողության չհասավ: Ի ուրախություն ին, մարդիկ այսքան օրերի իրենց զրկանքների շնորհիվ կարողացա հասնել որոշակի արդյունքի: Ինչ վերաբերում է անձամբ ինձ վրա այդ թանկացման ֆինանսական բեռին, ապա կարող եմ ասել, որ ես բոլորի հետ միասին հենց ֆինանսապես շատ կնեղվեմ այդ թանկացումից, որովհետև ի հեճուկս իմ մասին միֆիկ պատկերացումների, իմ ամենօրյա բարդ աշխատանքով ես վաստակում եմ ապրուստս: Այո, ներկայիս աղքատության պարագայում բախտ ունեմ շատ շատերից ավելի բարեկեցիկ ապրել, բայց և պետք չէ ինձ դարձյալ ու անարդարացի շփոթել իմ հեռակա և մերձավոր շրջապատի հետ:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս