ՀՀԿ-ի խոստովանությունը. վարկաբեկված կուսակցությունը Գյումրիում ոչ մի շանս չունի. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է սեպտեմբերին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններում հանդես գալ դաշինքով և համամասնական ցուցակի առաջին համարում առաջադրել Գյումրիի գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, ներկայումս՝ անկուսակցական Սամվել Բալասանյանին:

Դաշինք ՀՀԿ-ն կազմելու է ոչ թե պաշտոնապես իշխանական կոալիցիայում դաշինքի մեջ գտնվող ՀՅԴ-ի, այլ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ: Այս տեղեկությունը միանգամից մի քանի սենսացիաներ է պարունակում: Նախ՝ պարզվում է, որ Հայաստանում Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն կա: Խոսքն այն կուսակցության մասին է, որի ղեկավարը ներկայումս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ փոխնախարարներից մեկի՝ հայր, մյուսի՝ կնոջ հայր Խոսրով Հարությունյանն է:

Այս տեղեկատվության մյուս սենսացիոն բաղադրիչն այն է, որ իշխող ՀՀԿ-ն, որ աջ ու ձախ հայտարարում է, թե վստահ, համոզված, երաշխավորված, անկասկած է, որ հաղթելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, դաշինք է կազմում մի կուսակցության հետ, որի ղեկավարը և, ամենայն հավանականությամբ, միակ իրական անդամը պատգամավոր է դարձել այլ կուսակցության ցուցակով: Ընդհանրապես, նախընտրական դաշինքներ կազմվում են այն դեպքում, երբ դաշինքի անդամ կուսակցությունները վստահ չեն, որ միայնակ մասնակցելու դեպքում կարող են հաղթահարել ընտրական նվազագույն շեմը:

Փաստորեն, ՀՀԿ-ն այսպիսով խոստովանում է, որ իրականում չի կարող միայնակ, սեփական անունով մասնակցելու դեպքում անգամ՝ մի քանի մանդատ ստանալ Գյումրիի ավագանու կազմում: Մյուս կողմից՝ խոստովանում է, որ այնքան վարկաբեկված է, որ կարողացել է դաշինք կազմել միայն գոյություն չունեցող կուսակցության հետ: Հանրությանը հայտնի մյուս ուժերից թերևս վերջինը Դաշնակցությունն էր, ով խոստովանելով, որ վարկաբեկվելու է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով՝ կոալիցիայի անդամ դարձավ:

Բայց ամենածիծաղելին ու տարօրինակն այն է, որ ՀՀԿ-Խոսրով Հարությունյան դաշինքը քաղաքապետի թեկնածու է առաջադրում մեկին, ով ոչ միայն դաշինքի անդամ կուսակցություններից որևէ մեկի անդամ չէ, այլ հասցրել է լինել Հայաստանում գրեթե բոլոր հնարավոր կուսակցությունների անդամ, բայց ներկայումս անկուսակցական է: Ընդ որում, այսպես է վարվում իշխող այն կուսակցությունը, որը սահմանադրական բարեփոխումները հիմնավորում էր քաղաքական համակարգի կայացմամբ, կուսակցությունների ամրապնդմամբ, և այլն:

Մնում է հուսալ, որ Սամվել Բալասանյանի հաղթանակի դեպքում Արտգործնախարարությունը չի տեղափոխվի Գյումրի: Չնայած բացառված չէ, որ հենց այդ պայմանով Խոսրով Հարությունյանը համաձայնած լինի դաշինք կազմել ՀՀԿ-ի հետ: Ինչպես ասում են՝ ամեն ինչ կլիներ շատ ծիծաղելի, եթե չլիներ այսքան ողբերգական»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս