Հայաստանի տնտեսական վիճակը գնալով վատանում է. պետական գույքը վաճառում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսական վիճակը գնալով էլ ավելի է ծանրանում, եւ կարճ ժամանակ անց հայտնվելու ենք սնանկացման եզրին, երբ բյուջեում պարզապես գումար չի լինելու անգամ թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար: Ու քանի որ իշխանություններն արդեն սպառում են բյուջեի պակասուրդը լրացնելու նպատակով նոր վարկեր վերցնելու լիմիտը, ստիպված վաճառքի են հանում դեռեւս պետական մի քանի հիմնարկները:

Եւ այսպես՝ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք բուժհիմնարկներ: Մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե:

Ճիշտ է՝ իշխանությունները հիմա կփորձեն այս քայլն արդարացնել՝ ասելով, որ այն արվում է անշարժ գույքն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով: Բայց սա ընդամենը պարզունակ արդարացում է՝ քողարկելու իրական նպատակը:

Իսկ իրական նպատակը բյուջե լրացուցիչ եկամուտներ բերելն է, քանի որ ստեղծված իրավիճակում հարկահավաքչության շնորհիվ պետական գանձարանը լցնելը գնալով դառնում է դժվար. պարզապես տնտեսության ֆիզիկական ծավալները թույլ չեն տալիս: Մինչ այդ նկատենք, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում չի բացառվում՝ մի օր էլ կառավարությունը մասնավորեցման հանի իր գլխավոր մասնաշենքը, նաեւ ԳԱԱ նախագահության շենքը եւ այսպես շարունակ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս