Մեր մասին

Սիրելի՛ ընթերցող, բազմաթիվ կայքերի կողքին այսօրվանից կլինի «Ժողովուրդ».am-ը՝ armlur.am-ը:
Մամուլի դաշտում, կամ որ նույնն է` քաղաքական ասպարեզում, երբ որևէ նոր անուն կամ միավոր է հայտնվում, անմիջապես առաջանում է երկու բնական հարց՝ ո՞վ է այդ միավորի (մեր դեպքում՝ «Ժողովուրդ» օրաթերթի և կայքի) տերը,  ի՞նչ շահեր է սպասարկելու: Հարցերը բնական են, քանի որ, ցավոք, մեր իրականության մեջ քիչ չեն նման միավորներն ու լրատվամիջոցները, որոնք միշտ կանխատեսելի են և սպասարկում են կոնկրետ ուժերի կամ անձանց շահերը և  իրենց «կայանալու» ճանապարհին չեն խորշում ցեխ շպրտել բոլոր ուղղություններով: Բայց, բարեբախտաբար, նրանց կողքին կան իսկապես անկախ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, որոնք իրենց գոյությամբ ապացուցում են ազատ մամուլի առկայությունը մեր երկրում` բարձր պահելով մեր՝ լրագրողներիս պատիվը:
Մեր թերթն իր ձևավորմանը զուգընթաց անցավ բոլոր այս փորձությունների միջով և այսօր դարձել է ձեր սեղանի «մշտական բնակիչը»: Առանց վերամբարձ խոսքերի՝ միանգամից կարող ենք վստահեցնել, որ մեր թիկունքում չկա կանգնած որևէ քաղաքական ուժ: Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ և պահանջներ ներկայացնողներ: Եվ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը` «Ժողովուրդ»: Այն իսկապես բոլորի թերթն է, և կայքն էլ որդեգրել է նույն սկզբունքները:
Իհարկե, մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ունենք մեր քաղաքական հստակ կողմնորոշումն այսօրվա ռեժիմի նկատմամբ, գիտակցում ենք նրա կործանարար գործունեության հետևանքները, բայց միաժամանակ չունենք նախընտրելի և մերժելի կերպարներ, չենք առաջնորդվում «սիմպատիաներով», «անտիպատիաներով»: Լուսաբանել և լուսաբանելու ենք ողջ դաշտը այնպես, ինչպես կա: Լինելու ենք հետևողական մեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Մեր թերթն ու կայքը հավատարիմ կմնան որդեգրած կարգախոսին.  «Թերթ բոլորի և ամեն ինչի մասին»: Մեր միակ պատվիրատուն լինելու է ընթերցողը, այսինքն դուք` սիրելի՛ ժողովուրդ: Կարող եք վստահ լինել, որ ունեք ձեր թերթն ու կայքը: Չի լինելու որևէ պաշտոնյա, պատգամավոր, քրեական կամ այլ հեղինակություն, որի դատապարտելի արարքները չլուսաբանվեն մեր կողմից: Մեր ընթերցողը կարող է ցանկացած խնդրով դիմել խմբագրություն` (010, 096, 093) 54 64 23 հեռախոսահամարով ([email protected]), և մենք անարձագանք չենք թողնի ոչ մեկի խնդրանքը:
Ծանոթ լինելով հայրենի իշխանությունների գործելաոճին` բարեկամաբար խորհուրդ ենք տալիս «Ժողովուրդ»-ի հետ չխոսել ուժի դիրքերից կամ շահագրգռման այլ մեթոդներով: Մենք լավ գիտենք մեր իրավունքների ու պարտականությունների չափաբաժինը և պատրաստվում ենք իրացնել մեր բաժին իշխանությունը` որպես չորրորդ իշխանություն:

«Ժողովուրդ» օրաթերթի և առցանց «Ժողովուրդ».am-ի (armlur.am)-ի խմբագրություն