11-ամյա աղջնակն ինքնասպան է եղել ֆիլմերի ազդեցության տա՞կ. ահասարսուռ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` մարտի 11-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպան էր եղել 11-ամյա, ազգությամբ եզդի Զարիֆա Ամոյանը: Armlur.am-ը հայտնել էր, որ աղջկա հարազատներն ու մտերիմները որևէ հնարավոր վարկած չէին կարողանում առաջ քաշել, որով կպատճառաբանվեր անչափահաս աղջնակի ինքնասպանությունը:

Armlur.am-ի հետ զրույցում Այգեշատի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արմենակ Սարդարյանը հայտեց, որ այսօր վաղ առավոտյան դպրոցի ուսուցչական անձնակազմը հանդիպել է Զարիֆայի համադասարանցիների հետ, զրուցել է նրանց հետ, հարցեր է տվել` իմանալու համար` ինչպես էր իրեն վերջին շրջանում պահում նրանց ինքնասպան եղած համադասարանցին: Երեխաները, մեր զրուցակցի խոսքով, դժվարացել են որևէ բան ասել:

«Երեխաների մտքով, անգամ, ինչ-որ բան չի անցնում, թե ինչի պետք է նման քայլի դիմեր: Այս պահին հակված ենք կարծելու, որ պատահականության հետևանքով է եղել այդ ողբերգությունը: Կարծում ենք` ֆիլմերի ազդեցության տակ ինչ-որ իմիտացիաներ է փորձել անել, հետո չի կարողացել ազատել իրեն, ու նման բան է տեղի ունեցել»,- շարունակեց Արմենակ Սարդարյանը` հավելելով, որ պարզվում է` անչափահասին կախված վիճակում առաջինը հայտնաբարել են ոչ թե ծնողները, այլ նրանց այցելած հարևանները:

Վերջիններս հող մշակելու գործիքի համար նրանց մարագ էին մտել ու այնտեղ էլ երեխային կախված գտել: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ` Զարիֆան վերջին շունչը դեռևս չէր փչել, սակայն նրան փրկել չի հաջողվել: «Հարևանները, երբ նրան տեսել են, շնչահեղձ լինելիս է եղել, փորձել են շտապ տեղափոխել հիվանդանոց, սակայն… Ավագ եղբայրն էլ` արդեն բանակ գնացած-եկած, մեծ սթրես է տարել, անգամ չի խոսում: Սարսափելի տեսարան է»,- պատմեց դպրոցի տնօրեն Ա. Սարդարյանը:

Վերջինս նշեց նաև, որ պատահականության վարկածը հավանական են համարում այն պատճառով, որ այն պայմանները, որոնցով անչափահաս աղջիկը նման քայլի է դիմել, բազում հարցերի տեղիք են տալիս: Օրինակ, դպրոցի տնօրենի խոսքով, մարագում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Զարիֆայի հայրը մորթած անասուններ էր մաշկում: Այս գործն անելու հարմարանքն էլ` երկաթե օղակը, որով անց է կացված տուկի թել, ինքնասպանություն գործելու «հարմարանքն» է հանդիսացել:

Այսպես, մեր զրուցակցի փոխանցմամբ, իրավապահ մարմինների և երեխայի հարազատների առաջ քաշած վերլուծություններից պարզ է դարձել, որ ամենայն հավանականության, երեխան կախվելուց հետո կարող էր ազատ արձակել իրեն, քանի որ նշված հարմարանքը ամուր չէ. աղջկա ծանրությունից կարող էր ընկնել:

«Պարզապես զարմանալու բան է` ինչպե՞ս երեխան չի ընկել այդ բարակ թելից, ինչպե՞ս է մնացել «օդում կախված»: Շատ զարմանալի է: Երեխայի հայրն էլ ուշքի գալ չի կարողանում: Նա էլ ուզում է հասկանալ` ի՞նքն է այդ տուկի թելը թողել մարագում, թե՞ աղջիկն է տարել, կապել»,- ասաց Սարդարյանը:




Լրահոս