Երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջադիմական կուսակցությունն ինքնալուծարվել է եւ միացել Բարգավաճ Հայաստանին, վերջինիս կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերը շտապեցին հեգնել, թե X-ին 0 գումարելիս արդյունքը մնում է X, որ Հանրապետականը խնդիր չունի իր թվաքանակը մեծացնել մանր կուսակցութունների ներգրավմամբ, որ իրենք որակ են, ոչ թե քանակ եւ այլն, եւ այլն: Եվ մինչ ԲՀԿ-ն շարունակում էր իր գիրկն ընդունել այլ մանր կուսակցությունների` ի դեմս Հայաստանի երիտասարդական կուսակցության եւ «Դաշինքի» նախկին անդամների, Հանրապետականը շարժվում էր տրամագծորեն հակառակ մարտավարությամբ` իրենից փոքրիկ բեկոր պոկելով եւ նոր միավոր ձեւավորելով` ի դեմս նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության: Այն, որ ԲՀԿ-ին միացող ուժերը գրեթե զրոյական քաղաքական պոտենցիալ ունեին, գաղտնիք չէր: Եվ այս առումով ԲՀԿ-ն, իրոք, նրանց մուտքով շատ բան չշահեց: Սակայն զգալիորեն շահեց «Բարգավաճ Հայաստան» բրենդը` իբրեւ առավել գրավիչ, կայուն ու հզոր քաղաքական ուժ, որի հետ իրենց ապագան են կապում երիտասարդ կուսակցությունները: Դրան հակառակ` Հանրապետական կուսակցությունն իր` ռեսուրսների կոնսպիրատիվ ապակենտրոնացման մարտավարությամբ ցույց տվեց, որ իբրեւ առավել խոստումնալից քաղաքական բրենդ, այսօր առաջնությունն իր ձեռքում պահելու խնդիր ունի: Այսինքն, պարզ ասած` եթե ԲՀԿ-ի դեպքում տարբեր երիտուժեր միավորվում էին «Բարգավաճ Հայաստան» բրենդի ներքո, ապա ՀՀԿ-ի դեպքում հենց հանրապետականներն էին ուզում, որ իրենց ռեսուրսների մի մասը հանդես գա այլ անվան տակ` այդպիսով անուղղակիորեն ընդունելով, որ ՀՀԿ քաղաքական բրենդը անվանարկված է եւ պահանջարկ չունի: Հավանաբար այս բացթողումը հասկանալով է, որ, չնայած X-ի ու 0-ի տեսությանը, Հանրապետական կուսակցությունը շտապեց վերափոխել իր մարտավարությունը` հետեւելով ԲՀԿ-ի օրինակին` իր շարքերը եւս քաղաքական 0-ներով համալրելով. նախօրեին ՀՀԿ-ին միանալու իր մտադրության մասին հայտարարեց Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը (ի դեպ, անհասկանալի է, թե ինչ ասել է համահայկական միջազգային):Թե քաղաքական բրենդների մրցավազքում ի վերջո ո՞վ կստանա առաջնությունը, այս պահին դժվար է ասել: Փաստն այն է, սակայն, որ ԲՀԿ-ին հաջողվում է գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին ոչինչ չասելով հանդերձ` մնալ կոալիցիայում եւ բարգավաճել` օգտվելով իշխանական ռեսուրսներից: Դրանցից նա կհրաժարվի այն պահին, երբ կցանկանա` ողջ պատասխանատվությունը թողնել ՀՀԿ-ի եւ 0-ից ոչ շատ բարձր վարկանիշ ունեցող ՕԵԿ-ի վրա:
ԶՐՈՅԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ